Artsakhpress.am-ը գրում է.

ՄԻԵԴ-ի կողմից արագացված կարգով վարույթ ընդունված ապրիլյան պատերազմին առնչվող 23 հայցերի վերաբերյալ լուրն ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն ուրախալի է որակել:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ այն մեծածավալ աշխատանքի արդյունք է, որը կատարվել է փաստաբանական խմբի կողմից՝ ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից:

«Եվրոպական դատարանի պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եթե գործը քննվում է սովորական կարգով, ապա այն կարող է տևել մինչև 10-ը և ավելի տարիներ: Իսկ արագացված կարգով ընդունելու դեպքում ժամանակի առումով այն ավելի կարճ կլինի, բայց ոչ, ասենք, մի քանի ամիս: Ընթացակարգը հետևյալն է՝ նախ գործը ուղարկվում է պատասխանող կողմի կառավարությանը, տվյալ դեպքում Ադրբեջանին, և տրվում է բավական երկար ժամանակ, որպեսզի պատասխանատու կողմը ներկայացնի իր պատասխանը: Հետո ուղարկվում է դիմողներին՝ մեկնաբանելու պատասխանող կողմի պատասխանը և ներկայացնելու արդարացի փոխհատուցման վերաբերյալ իր պահանջները»,- ասել է Ռ. Մելիքյանը և հավելել, որ հետո նորից է ուղարկվում պատասխանող պետությանը, դրանից հետո՝ որոշակի ժամանակ անց, կայացվում է վճիռը:

ԱՀ ՄԻՊ-ի խոսքով, Եվրոպական դատարանում, ընդհանուր առմամբ, դա է ամենապարզ ձևով ներկայացված ընթացակարգը, բայց հաճախ լինում է նաև, երբ այդ մեխանիզմն անցնում է ևս մեկ շրջան:

Նշենք, որ Իրավաբան-իրավապաշտպանների խումբը Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր ներկայացրել 2016 թվականի ապրիլի 2-5-ը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սկսված մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության և զինծառայողների իրավունքների խախտումների առնչությամբ մի խումբ գանգատներ, որոնցից 23-ն արդեն վարույթ է ընդունվել:

Tert.am-ի հետ զրույցում իրավաբան-իրավապաշտպան խմբի անդամ Արա Ղազարյանն ասել է, որ խմբի համար անսպասելի է եղել ՄԻԵԴ-ի նման արագ արձագանքը. «Մեզ համար բավականին անսպասելի էր, որ ՄԻԵԴ-ը արագացված կարգով սկսեց այդ երկու տասնյակ գործերի քննությունը, ինչը շատ դրական է: Հիմա սպասում ենք ավելի մեծ խմբաքանակի, որը վերաբերում է տեղահանվածների վերաբերյալ գանգատների մասով ՄԻԵԴ-ի դիրքորոշմանը՝ գործի քննությունը սկսելու կամ չսկսելու վերաբերյալ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել