Ուզո՞ւմ ես ուղեղի կաթված ստանալ. կարդա Բլոգ Նյուզում քո կամքից անկախ հայտնված գրառմանդ տակ արված մեկնաբանությունները... Էնտեղ դու կհայտնաբերես, որ իշխանությունների կողմից վարձատրված խամաճիկ ես, կամ հակառակը` աբիժնիկ ընդդիմադիր ես (եթե համարձակվել ես քննադատել իշխանական թևից որևէ մեկին)...
Որտեղի՞ց ձեր մեջ էդքան ագրեսիա ու չարություն, մարդիկ: Նայում ես` շքեղ արտաքինով կանայք, պատկառելի տարիքով պարոնայք ու էնպիսի մեկնաբանություններ են անում, էնպիսի բառապաշար, էնպիսի չարություն, էնպիսի անտակտություն...
«րաֆֆիականների» մոտ ձևավորված տրամաբանություն.
ԵԹԵ ՄԵԶ ՀԵՏ ՉԵՍ, ԱՌՆՎԱԶՆ «ՍԵՐԺԱԿԱՆ ԵՍ ԿԱՄ ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆ»: Հայություն, ախր ո՞վ է նման տրամաբանություն ներարկել ձեզ, ո՞վ է ձեզ հավատացրել, որ ես գոհ եմ ներկա ղեկավարությունից: Ես պարզապես իմ ԱՆՁՆԱԿԱՆ կարծիքն եմ հայտնել (այն, որ անձամբ ես Րաֆֆի Հովհաննիսյանին որպես երկրի ղեկավար չեմ տեսնում), որը չեմ պարտադրել ոչ ոքի: Եվ եթե իմ գրառումներում չեմ վիրավորել, ագրեսիա ու ատելություն չեմ սերմանել, ինչո՞ւ եմ ստանում բոլորովին հակառակ պատասխան: Մի՞թե սա ինձ բոլոր հիմքերը չի տալիս ենթադրելու, որ ներկա ղեկավարությունից պակաս անհանդուրժող չի նաև այն ուժը, ով հիմա է ուզում գալ իշխանության: Այն կոչը, որը ուղղորդում էր ուսխորհուրդներից դուրս անել ՀՀԿ-ականներին, մի՞թե չէր խոսում նշածս անհանդուրժողականության մասին: Այսպե՞ս ենք պատրաստվում հեղափոխության: Սա՞ է մեր կարգախոսը. ազգը բաժանել «սերժականների» ու «րաֆֆիականների», դիմադիրների ու ընդդիմադիրների... Ցանկացած նորմալ հասարակությունում նորմալ է ընդդիմադիր ուժերի առկայությունը, աննորմալ է տարբեր քաղաքական դիրքորոշում ունեցող, հասարակ քաղաքացիների միջև թշնամության, ագրեսիայի, անարգանքի առկայությունը: Երբեք անհարգալից չեմ վերաբերվել ընդդիմությանը, ավելին` գնահատել եմ նրա մի շարք քայլեր, հավանություն եմ տվել ընդդիմության ակտիվիստների մի շարք մտքերի, գնահատում և հարգում եմ նրանց, ովքեր կանգնում են իրենց թեկնածուի կողքին, գնահատում եմ մարդկանց նվիրվածությունը, հարգում եմ նրանց ձայները: Ես էլ եմ կողմ հեղափոխությանը, բայց ոչ «րաֆֆիական», ոչ «սերժական», ոչ ռուսամետ, ոչ ամերիկամետ հեղափոխությանը... Ես ՀԱՅԱՄԵՏՈՒԹՅՈՒՆ եմ ուզում, մեզ ԱԶԳԱՅԻՆ հեղափոխություն է պետք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել