Ապրիլի 8-ից  յուրաքանչյուր շաբաթ և կիրակի՝ ժամը 21:00-ին Ucom ցանցում հեռարձակվող «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կլինի  «Եղնիկների կածանը» նոր` բազմասերիանոց  գեղարվեստական ֆիլմը: Այն կիսով չափ հիմնված է իրական պատերազմական դեպքերի վրա. մի օդաչուի պատմություն է, ով առաջին հայացքից, թվում է, սովորական մարդ է, բայց մի ամբողջ երկինք և մի ամբողջ Հայաստան է իր հոգում պահում: BlogNews.am-ը ներկա էր ֆիլմի նկարահանմանը և ֆիքսել է հետաքրքիր դրվագները:

«Չեմ վախենա ասել, որ մենք աշխատում ենք լիամետրաժ ֆիլմի ռեժիմով և սկզբունքներով: Սա շատ բարդ ֆիլմ է: Ավելորդ համեստություն չեմ անի. մեր թիմը կարողանում է մի քայլ առաջ լինել հայկական կինոարտադրության մեջ: Հուսով եմ՝ այս ֆիլմը ևս մի նշաձող է, որ կհաղթահարենք»,- նշում է ֆիլմի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը:  

«Եղնիկների կածանը» գեղարվեստական ֆիլմի դեպքերը զարգանում են 2014 թվականից և ավարտվում 2016-ի գարնան իրադարձություններով:  Գեղարվեստական ֆիլմում ներգրաված են՝ Խորեն Լևոնյանը, Աիդա Թորոսյանը, ով ժամանել է Միացյալ Նահանգներից, Հրաչյա Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսովան, ինչպես նաև կան հրավիրված դերասաններ Վրաստանից և Մոսկվայից՝ Ալեքսանդր Պաշկովը:

«Ես փորձել եմ հավաքել, այսպես ասած, իմ «dream team»-ը, գոնե այն մարդկանց, ում վստահում եմ, ովքեր կարողանում են մտածել, հետաքրքիր աշխատել, կարողանում են ոչ միայն կերպար ստեղծել, այլև այդ կերպարին տալ մաքսիմալ զգացողություններ»:  

 Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել