Картинки по запросу aleksey navalniyՌուսաստանում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիաները, որոնք հիմնականում ուղղված էին կոռուպցիայի դեմ պայքարին, վեր հանեցին մի քանի կարևորագույն խնդիրներ Ռուսաստանի քաղաքական կյանքում։ Կազմակերպողը, ինչպես գիտենք, ռուս իրավապաշտպան, ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին է, ով գլխավորում է ռուսական ФБК կազմակերպությունը, որը պայքար է մղում կոռուպցիայի դեմ։ Այդ կազմակերպությունը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի վերաբերյալ հետաքննություն էր անցկացրել, որի ընթացքում պարզվել էր, որ երկրի վարչապետը հսկայական հարստություն ունի և Ռուսաստանի տարբեր մասերում մի քանի խոշոր առանձնատներ՝ իրենց անձնակազմով և այլն։ Փողոց դուրս եկած քաղաքացիները իրենց թվաքանակով զիջում էին 2011 թվականին Բոլոտնու հրապարակում կազմակերպված միտինգների մասնակիցների թվին, սակայն բովանդակությամբ ավելի լեցուն էին։ Նախ՝ բողոքի ցույցեր տեղի էին ունենում միանգամից երկրի մի քանի քաղաքներում, այդ թվում և՝ Սանկտ Պետերբուրգում։ Նավալնին ձերբակալվել է, և ամենայն հավանականությամբ, տասնհինգօրյա կալանք կկրի, սակայն պետք է փաստել, որ նրան իսկապես հաջողվեց բավականին ուժեղ ընդվզման ալիք բարձրացնել։ Պատճառը թերևս այն է, որ ռուս ընդդիմադիր գործիչն այդ հետաքննությունը, որը, ի դեպ, թվով առաջինը չէր, կատարել էր այն գումարներով, որոնք հանգանակվել էին ամբողջ Ռուսաստանով մեկ կազմակերպված իր մարաթոնի շրջանակներում։ Դրսի ուժերի հետ Նավալնու կապը հասցված է մինիմումի, այդ է պատճառը, որ քաղաքացիները վստահում են նրան։ Սա նաև անակնկալ էր հենց երկրի իշխանությունների համար, ովքեր կարիք ունեն ուժեղ ընդդիմության, սակայն այսպիսի ուժեղ ալիքի չէին սպասում։ Ինչ խոսք, Նավալնին 2022 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ հավակնում է Վլադիմիր Պուտինի ու նրա գլխավորած իշխանության համար լուրջ գլխացավանք դառնալ, քանի որ ակնհայտ է, որ համապատասխան ընթացք տալու դեպքում բողոքի ակցիաներ երկրում կարող են լինել և պարբերական սկզբունքով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել