Հայոց ցեղասպանության փաստը պետք է մեկընդմիշտ ճանաչվի: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին ասել է ԱՄՆ-ի կոնգրեսական Դեյվ Թրոթը, ով Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման և ապագայի ցեղասպանությունների կանխարգելման օրենքի նոր նախագիծ է ներկայացրել. «Կարծում եմ, Միացյալ Նահանգների համար շատ կարևոր է մեկընդմիշտ վերջ դնել այս բանավեճին՝ ճանաչելով եղածը: Դա կարևոր է նաև հայ ժողովրդի համար»:

 Կոնգրեսականի խոսքով՝ նման օրինագծեր նախկինում նույնպես ներկայացվել են Կոնգրես, սակայն վերջին տարիներին անհրաժեշտ մեծամասնություն չեն հավաքել. «Այդ նախագծերը երբեք չես հասել նախագահի աշխատասեղան՝ ստորագրման համար: Նախագահ Օբաման սենատոր եղած շրջանում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն, նախագահ դառնալուց հետո ինչ-որ պատճառով փոխել էր դիրքորոշումը»:

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին՝ հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը նշեց, որ այսօր Մեծ Եղեռնը հայտնի է աշխարհում ավելի, քան երբևէ. «Մենք վճռական ենք տրամադրված Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու գործում: Չգիտեմ, թե երբ դա տեղի կունենա, սակայն, կասկած չունեմ, որ անխուսափելի է: Ես էլ իմ կողմից կշարունակեմ խթանել այդ գործընթացը»:

Կոնգրեսականը հիշեցրեց նաև, որ հայ-ամերիկյան բարեկամության խմբի անդամները, մի քանի տասնյակ կոնգրեսականներ, նամակ են ուղղել Սպիտակ տուն՝ կոչ անելով նախագահ Դոնալդ Թրամփին հետևելով նախագահ Ռոնալդ Ռեյգանի օրինակին՝ ապրիլի 24-ին հատուկ հայտարարությամբ ճանաչել Հայոց ցեղասպանությունը. չէ՞ որ միայն անցյալի ցեղասպանությունների ճանաչմամբ և դատապարտմամբ է հնարավոր կանխել ցեղասպանություններն ապագայում. «Ցեղասպանության այս անեծքը դեռ մեր վրա է, սակայն, որքան շատ խոսենք այդ մասին, լինեն դա Հայոց թե այլ ցեղասպանություն, այդքան քիչ է հավանականությունը, որ այն կրկին տեղի կունենա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել