«Եվրատեսիլ 2017»-ի Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանն իր տեսահոլովակում, որտեղ, շատերի կարծիքով, նա գեյշայի կերպարում է, կարծես թե նման գնահատականի պատճառ դարձած հագուստը «թխել» է ռուս երգիչ Սերգեյ Լազարևի ոճից: Երեկ կայացած ֆորումի ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը պատասխանեց նաև Արծվիկի հագուստի ընտրության մասին հարցին.

«Արծվիկի հագուստի հեղինակը, որպես այդպիսին, ես եմ։ Ճիշտ ասացիք, հագուստի դետալը վերցված է 2013 թվականի հայտնի դիզայներներից մեկի հավաքածուից: Կերպարը, որ ստեղծեցինք, կապված է հենց այն դեկորի հետ, որտեղ որ նա երգում է: Երգը իր մեջ ունի տարբեր մշակույթներ, և փորձել ենք այդ տարբեր մշակույթները ցույց տալ հագուստի մեջ: Եթե ուշադիր նայեք հագուստին, կտեսնեք հայկական զարդերը, ճապոնական թևերը՝ կիմանո հիշեցնող: Առհասարակ, մեր ժամանակներում վերցնել ինչ-որ դետալ և օգտագործել, ընդունված է, քանի որ դժվար է մի բան անել, որ աշխարհում չի արվել։ Այս պարագայում Արծվիկը գնում է «Եվրատեսիլ», որը երգի մրցույթ է, այլ ոչ թե նորաձևության։ Չի բացառվում, որ հագուստի դետալը կարող է վերցված լինել ինչ-որ մի տեղից. դա նույն է, որ, օրինակ, ասեն՝ փոռիկներով վերնաշապիկ չի կարելի անել, քանի որ Dolce and Gabbana-ն դա արել է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել