Ռուսական «Голос. Дети - Сезон 4»-ի «կույր լսումներ» փուլի ժամանակ 10-ամյա Լևոն Գալստյանի ելույթի տեսանյութը BlogNews-ի ընթերցողն արդեն դիտել է: Չափազանց արտիստիկ փոքրիկի մասին, սակայն, այդքան էլ շատ բան չգիտենք:

Պարզվում է՝ Լևոնը Արցախից է: Ստեփանակերտում ծնված ու մեծացած տղայի երաժշտական ունակությունները զարգացել են «Արցախի ձայներ» նախագծում՝ պրոդյուսեր Լիրա Քոչարյանի հսկողության ներքո: Տաղանդավոր փոքրիկի մասին մանրամասներ պարզելու համար BlogNews.am-ը զրուցել է Լիրա Քոչարյանի հետ ու պարզել Լևոնի՝ «Голос. Дети» մեգանախագծում հայտնվելու մանրամասները. 

 

«Լևոնը 4-5 տարեկանից արդեն «Արցախի ձայներում» է: Թիմի կազմում շատ համերգների է մասնակցել, բայց վերջին մեկ տարում Լևոնի հետ աշխատել ու շփվել ենք Skype-ի միջոցով, որովհետև Լևոնի ընտանիքը հիմա Մոսկվայում է ապրում, քանի որ հայրն այնտեղ է աշխատում: Սա Լևոնի առաջին մեծ բեմական փորձը չէ, նա նաև մանկական «Նոր ալիքի» նախընտրական փուլին է մասնակցել, ինչպես նաև «Արցախի ձայների» կազմում համերգային շրջագայություններ է ունեցել տարբեր մեծ բեմերում:

 

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք նաև՝ ի՞նչ ընտանիքից է Լևոնը, արդյո՞ք ծնողների մեջ երաժիշտներ կան. «Ոչ, Լևոնը երաժշտական ընտանիքից չէ, մայրը բուժաշխատող է, հոր աշխատանքը ևս կապ չունի երաժշտության, բեմի հետ: Իսկ ահա Լևոնը չափազանց երաժշտական ու արտիստիկ երեխա է, շատ խելացի է ու նաև էմոցիոնալ»:

Լիրա Քոչարյանից տեղեկացանք, որ Լևոնը նաև մրցույթի հաջորդ փուլն է հաղթահարել, որը դեռ եթեր չի հեռարձակվել, ու հիմա պատրաստվում է ¼ ֆինալին և դրա համար պետք է գա Ստեփանակերտ. «Պետք է աշխատենք, համարներ պատրաստենք, որպեսզի Լևոնը հնարավորինս լավ ու պատրաստված ներկայանա պատասխանատու փուլին»:

«Արցախի ձայներ»-ի պրոդյուսերի հետ զրուցեցինք նաև նախագծի ներկայիս անելիքների մասին. «Ներկա պահին պատրաստվում ենք մանկական «Նոր ալիք»-ի նախընտրական փուլին, ունենք 4 շնորհալի երեխաներ, որոնց հետ հիմա աշխատում ենք, որպեսզի անցած տարվա նման մրցույթում լավ ներկայացնենք մեր երկիրը: Բացի մանկական «Նոր ալիք»-ից՝ մեր պրոդյուսերական կենտրոնը այս տարի նաև մեծերի «Նոր ալիք»-ին կներկայացնի արգենտինացի Գոնսալո Այուսոյին»,- նշեց Լիրա Քոչարյանը:

Նշենք, որ «Spider Man» երգի այս գործիքավորումը, որով ներկայացել է Լևոնը, ևս «Արցախի ձայներ»-ինն է, որով տարիներ առաջ միջազգային բեմերում ներկայանում էր «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանը: Մինչ այդ հանրահայտ երգը նման գործիքավորում երբեք չէր ունեցել, ու հաշվի առնելով, որ «Голос»-ում կենդանի նվագախումբը ևս հենց այս գործիքավորումը կատարեց, կարող ենք վստահ ասել, որ արցախցի երաժիշտների ճաշակը գնահատվել է արժանիորեն:

Լևոն Գալստյանի «Голос. Дети - Сезон 4»-ի «կույր լսումներ» փուլի ելույթը՝ ստորև.

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

լուսանկարները՝ Լիրա Քոչարյանի անձնական արխիվից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել