Բազմաթիվ աշխատությունների ու տեսությունների հեղինակ Ալբերտ Էյնշտեյնի սիրտը կանգ առավ, երբ նա 76 տարեկան էր՝ 1955 թվականի ապրիլի 18-ին։ Նրա դիակիզումը և հուղարկավորությունը շատ գաղտնի կերպով էին արվում, ու ընդամենը մի լուսանկարիչ ունեցավ հնարավորություն լուսանկարահանելու այդ բացառիկ օրվա արարողությունները։ Այդ լուսանկարիչը Life Magazine-ում աշխատող Ռալֆ Մորսն էր։

Տեսախցիկով ու մի տուփ վիսկիով զինված՝ Մորսը կարողացավ լուսանկարել 20-րդ դարի խորհրդանիշ համարվող անձի հուղարկավորությունը։ Սակայն բացի մեզ հայտնի նկարներից՝ Մորսի ֆոտոխցիկին է պատկանում նաև Էյնշտեյնի գրասեղանի լուսանկարը, որն արվել է նրա մահից ընդամենը ժամեր անց։ Լուսանկարը մինչ վերջերս՝ ավելի քան 50 տարի, պահվում էր Life Magazine-ի արխիվներում, քանի որ Էյնշտեյնի տղան խնդրել էր դրանք չհրապարակել։

Լուսանկարն իրականում ունի շատ հետաքրքիր պատմություն. Մորսը կարողացավ այն անել միմիայն իր համառության շնորհիվ։

Երբ ամսագրից տեղեկացրին, որ Էյնշտեյնը մահացել է, նա վերցրեց իր ֆոտոխցիկն ու շտապեց հիվանդանոց, որը գտնվում էր Նյու Ջերսիում՝ 150կմ հեռավորության վրա։«Առաջինը գնացի հիվանդանոց, բայց այնտեղ քաոս էր տիրում՝ բազմաթիվ լրագրողներ, լուսանկարիչներ, հետաքրքրասեր մարդիկ։ Որոշեցի անմիջապես գնալ Էյնշտեյնի գրասենյակ։ Գիտեի, որ մարդիկ մի շիշ շոտլանդական վիսկիով ավելի հեշտ են կաշառվում, քան գումարով։ Պահակները մի շիշ վիսկիով թողեցին ներս մտնել, իսկ գրասենյակի ղեկավարին տվեցի հինգ շիշ, որպեսզի բացի Էյնշտեյնի գրասենյակի դուռն ու թույլ տա լուսանկարել»,- պատմում է Մորսը։

Վաղ առավոտյան Էյնշտեյնի մարմինը հիվանդանոցից տեղափոխեցին սգո սրահ։ Մորսն այդ օրը շտապեց այնտեղ, որպեսզի ոչինչ բաց չթողնի։ Սրահում կարճ ժամանակ թողնելուց հետո դին տարան գերեզման։

«Գաղափար չունեի, թե գերեզմանի որ մասում էին հուղարկավորելու դարի լեգենդին, ուստի արագ գնացի գերեզմանոց, որպեսզի որևէ կերպ գտնեմ գոնե գերեզմանափորներին։ Այդ օրվա համար ավելի քան երկու տասնյակ փոս էր փորվում, իսկ ես չգիտեի, թե որն է լինելու Էյնշտեյնինը։ Մոտս մնացել էր մի քանի շիշ վիսկի, որոնք տվեցի գերեզմանափորներին, որպեսզի ասեն թաղման վայրը։ Այնտեղ կարողացա հասնել ավելի շուտ, քան մյուս բոլորը։ Միակ լուսանկարիչը ես էի, ով այնտեղ էր»։

Արարողությունից հետո Մորսը շտապ հասավ Մանհեթենում գտնվող իրենց գրասենյակ։ Նրա ուրախությանը չափ ու սահման չկար. միակ լուսանկարիչն էր, ով արել էր աշխարհահռչակ գիտնականի վերջին լուսանկարները։

Էյնշտեյնի դիահերձումն իրականացրել է Թոմաս Սթոլց Հարվին։ Նա հանել էր Էյնշտեյնի ուղեղը, որը կշռում էր 1230 գրամ, ապա այն տարել Փենսիլվանիայի համալսարանի լաբորատորիա, ուր ուղեղը բաժանեց փոքր մասերի։ Հարվին հույս ուներ, որ ուղեղի ուսումնասիրության միջոցով պետքական տեղեկություններ կարող են ստանալ։ Նա ուղեղի կտորները տարբեր կողմերից լուսանկարեց, ապա բաժանեց ավելի փոքր՝ 240 մասերի (յուրաքանչյուրը՝ 1 սմ3)։ Հարվին նաև հեռացրել էր Էյնշտեյնի աչքերը, որոնք հանձնեց Էյնշտեյնի ակնաբույժ Հենրի Էբրամսին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել