Իրաքի Մոսուլ քաղաքի հյուսիսային հատվածում՝ կառավարական ուժերի կողմից ստեղծված անցակետի շրջակայքում, որտեղով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության ներքո գտնվող շրջաններից խաղաղ բնակչությունն անցնում էր քաղաքի ազատագրված հատվածներ, իրաքցի զինվորականները նկատել են միայնակ փոքրիկի, ով անընդհատ շոշափում էր իր փորիկը:

«Փոքրիկ ահաբեկիչը» չի պատասխանել իրեն մոտեցած հերթապահ զինվորկանի հարցերին՝ «ո՞վ է», «ի՞նչ է նրա անունը», «ովքե՞ր են և որտե՞ղ են ծնողները» և այլն, այլ անընդհատ մատնացույց է արել փորիկը: Այս հանգամանքը կասկած է առաջացրել զինվորականների մոտ, ովքեր հայտնաբերել և վնասազերծել են բավականաչափ պայթուցիկ պարունակող «նահատակի գոտին»: Պարզվել է, որ գոտին փոքրիկի վրա ամրացրել է ոմն իսլամական, ում երեխան դիմում էր՝ «ամո» (հորեղբայր), և նա անցակետում պետք է գործի դներ պայթուցիկը, ինչը, փաստորեն, կանխվեց:

Երեխաներին տարբեր ռազմագործողություններում օգտագործելու գործելաոճը ԻՊ-ի՝ բավական տարածված մարտավարական ուղղություններից է. այդ նպատակով կառույցն անգամ ստեղծել էր հատուկ ստորաբաժանում «Խալիֆայության կորյուններ» անվանումով, որի ներկայացուցիչները աչքի են ընկել կառույցի կողմից նախաձեռնված առանձին գործողություններում՝ անգամ մահապարտ ահաբեկչի կարգավիճակով, մինչդեռ վերոնշյալ դեպքում «մահապարտ ահաբեկիչն» ամենամանկահասակն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել