ՀՀԿ կենտրոնական շտաբը հայտարարություն է տարածել դպրոցների ու մանկապարտեզների 114 ձայնագրության վերաբերյալ.

 «Ի պատասխան որոշ լրատվական միջոցներով տարածված տեղեկատվության, թե դպրոցների և մանկապարտեզների մի շարք Հանրապետական կուսակցության անդամ տնօրեններ կիրառել են վարչական ռեսուրս, հայտնում ենք հետևյալը.

1. Ընտրողների հետ աշխատանքը ենթադրում է քաղաքական ուժերի կողմից պոտենցիալ ընտրազանգվածի հավաքագրում, արձանագրում, մոբիլիզացում, նույնականացում:

2. Ընտրական օրենսգիրքը չի արգելում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ներգրավված լինել քարոզչական և կազմակերպչական աշխատանքների մեջ աշխատանքային ժամից դուրս, աշխատանքային պարտականություններից դուրս:

3. Ձայնագրությունների զգալի մասի մանրակրկիտ ուսումնասիրությունը որևէ հիմք չի տալիս պնդելու, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի խախտում:

4. Ցավում ենք, որ ազնիվ և արդար ընտրությունների համար առաքելություն ստանձնած կազմակերպությունը իր գործունեության մեջ դիմել է քաղաքականապես ուղղորդված անազնիվ գործելաոճի:

5. Անընդունելի ենք համարում նման սադրանքներով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վարկաբեկման փորձը՝ անկախ կուսակցական պատկանելիությունից և քաղաքական հայացքներից»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ SUT.am կայքը փաստեր ձայնագրություններ է հրապարակել՝ հայտարարելով, որ ընտրություններից առաջ իշխանությունները դիմել են վարչական ռեսուրսի լայնամասշտաբ կիրառման: SUT.am-ը զանգահարել է հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների թվով 136 տնօրենի և ներկայանալով «Հանրապետականի շտաբից»` հարցուփորձ անել հավաքագրվող ցուցակների մասին:



 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել