Картинки по запросу turkey georgia azerbaijanՄԱԿ-ի տվյալներով, եթե Վրաստանում ժողովրդագրական իրավիճակը չբարելավվի, ապա 2050թ.-ին բնակչության թիվը կկազմի 2 985 000 մարդ։
Վրաստանի ժողովրդագրական վիճակով սկսել է զբաղվել Ազատության և տեղեկատվության զարգացման ինստիտուտը(IDFI)։2002թ.-ի մարդահամարի տվյալներով, երկրում բնակչության թիվը կրճատվել է 15%-ով։ Տվյալ տարում բնակչության թիվը կազմել է 4 371 535, իսկ այս պահին`3 713 804։

Փորձագետները կանխատեսում են Վրաստանում ժողովրդագրական իրավիճակի վատթարացում։2017-2018թթ.-ին ամուսնական և ռեպրոդուկտիվ շրջան կմտնեն այն մարդիկ, ովքեր ծնվել են 1990-ականներին, երբ ծնելության շատ ցածր մակարդակի վրա էր։

Վրաստանում առկա ժողովրդագրական աղետից կարող են օգտվել հարևան Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք աջակցելով տեղի թյուրքական, մահմեդական`Աջարիա, Պանկիսիի կիրճ, Ջավախքում թուրք-մեսխեթցիների վերաբնակեցում և այլն, փոխել Վրաստանի ժողովրդագրական դեմքը։

Շատ է խոսվում ԵՄ-ում արաբական, աֆրիկյան միգրանտների կողմից Եվրոպայի էթնիկ-կրոնական դեմքի փոփոխության մասին, սակայն ժողովրդագրական պատկերի փոփոխություն թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացվելու է նաև Վրաստանում`ՀՀ–ը նաև հյուսիսից ադրբեջանական, մահմեդական օղակի մեջ վերցնելու համար։
150.000 բնակիչ ունեցող Բաթումին հանդիսանում է Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաքը, որը գտնվում է Վրաստանի հարավ-արևմուտքում։ Աջարիան ժամանակին մտնում էր Օսմանյան կայսրության կազմի մեջ, սակայն 1878թ.-ին թուրքերն այն զիջեցին Ռուսական կայսրությանը։ Վերջին 15 տարվա ընթացքում թուրքական ներդրումները սկսեցին հոսել Բաթումի, որտեղ թուրքական գումարներով կառուցվել են շքեղ հյուրանոցներ և կազինոներ։
Վրաստանի կառավարությունը չի հրապարակում տվյալներ թուրքական ներդրումների մասին տեղական տնտեսության մեջ, սակայն տեղական վարչակազմի նախկին չինովնիկի տվյալներով՝ ընդհանուր ներդրումների 80-90%–ը բաժին է ընկնում թուրքական ներդրումներին։

Թուրքիան տնտեսական ներկայությանը զուգահեռ փորձում է ավելացնել նաև իր քաղաքական ազդեցությունը։ Էրդողանն աջակցություն է ցուցաբերել Բաթումում նոր մզկիթի շինարարությանը։
Աջարիային սահմանակցում է հայաբնակ, սակայն արագ տեմպերով հայաթափվող Ջավախքը, որտեղ թուրք–ադրբեջանական տանդեմը փորձում է տնտեսապես ամրապնդվել` աջարացիների, թուրք–մեսխեթցիների և ադրբեջանցի, թուրք շինարարների (Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծ) միջոցով փոխել տեղի ժողովրդագրական, էթնիկ–կրոնական դեմքը։

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանը վերջերս հայտարարել էր, որ ՀՀ քաղաքական կուսակցությունները պետք է դիրքորոշում ունենան Ջավախքի հայաթափման և այլ խնդիրների հետ կապված։ Նա նշել է, որ Ջավախքի հայաթափումը իրականություն է, գոյություն ունի։
ՀՀ–ը պետք է Ջավախքի հայաթափումը կանխող ռազմավարություն մշակի`դա կարող է լինել հայ-վրացական տնտեսական համագործակցության, համատեղ տնտեսական նախագծերի շրջանակներում։ Ջավախք պետք է գա «հայկական կապիտալ», որը կհավասարակշռի թուրք–ադրբեջանական տանդեմի տնտեսական էքսպանսիան այդ տարածաշրջանում, ինչպես նաև ստեղծելով տնտեսական ներուժ`աշխատատեղեր, կկանխեր տեղի հայերի արտագաղթը ՌԴ, ՀՀ, իսկ Վրաստան-ԵՄ վիզաների ազատականացումից հետո՝ նաև Եվրոպա։

Անհրաժեշտ է ՀՀ-ի օլիգարխների, ՌԴ-ի հայ գործարարների գումարներն ուղղել Ջավախքում գյուղատնտեսական, զբոսաշրջային, վերամշակող և այլ ոլորտներում տնտեսական հզորությունների ստեղծմանը`այլ կերպ տվյալ տարածաշրջանից միգրացիան կշարունակվի, ինչը հղի է լրջագույն վտանգներով ՀՀ-ի ազգային անվտանգությանը, հյուսիսային սահմանների անվտանգությանն ու նույն Վրաստանին, որի ամբողջ հարավային, հարավարևմտյան սահմանների երկայնքով մահմեդական «միջանցք» է ձևավորվելու։
Թուրքիան և Ադրբեջանը ակտիվ են թե Վրաստանում, թե կոնկրետ Սամցխե-Ջավախքում. նպատակը պարզ է՝ փոխել տարածաշրջանի էթնիկ-կրոնական, ժողովրդագրական դեմքն ու այդ տարածքը դարձնել թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցության տակ գտնվող տարածաշրջան։ Բաքուն տնտեսական էքսպանսիայի և ներկայության ամրապնդման «դրական» փորձ ունի ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի տարածաշրջանում։

Ադրբեջանը ակտիվորեն օգտագործում է տեղի կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնքը՝ գործում է «Վրաստանի ադրբեջանցիների կոնգրեսը», այլ ՀԿ-ներ, ինչպես նաև SOCAR-ի ֆինանսավորմամբ հիմնականում ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիում իրականացվում են բազմաթիվ սոցիալական, ենթակառուցվածքային և այլ նախագծեր: Հայաստանի համար կենսական նշանակության՝ «կյանքի ճանապարհը» անցնում է Վրաստանի հենց ադրբեջանաբնակ շրջաններով՝ պատերազմի դեպքում՝ հայ-ադրբեջանական, Ղարաբաղում, տեղի ադրբեջանցիները կարող են Բաքվի դրդմամբ փորձեն կտրել այդ ճանապարհը, կամ դրանով անցնելը դարձնեն վտանգավոր:
Վրաստանի համար Թուրքիան շարունակում է մնալ տնտեսական կարևոր գործընկեր՝ հակակշիռ ռուսական շուկային ու ազդեցությանը, ինչպես նաև ռազմա–տեխնիկական ոլորտի ամրապնդման համար կարևոր գործընկեր:

Թուրք-ադրբեջանական ներդրումները վրացական տնտեսության մեջ նաև քաղաքական լծակներ, ազդեցություն ստեղծելու նախապայման են՝ ադրբեջանական ներդրումները տրանսպորտային՝ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի վրացական հատվածը կառուցվում է ադրբեջանական վարկով, էներգետիկ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, TANAP և այլ նախագծեր, Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա՝ էներգետիկ կամրջի նախագծերը հագեցնում ու հարստացնում են Թբիլիսի-Բաքու, Բաքու-Թբիլիսի-Անկարա հարաբերությունների օրակարգը:

Վրաստանի իշխանությունները դրան ոչնչով չեն կարող հակազդել, այդ թվում Թուրքիայի ու Ադրբեջանի ներդրումների պատճառով Թբիլիսին ընկնելու է մեծ կախվածության մեջ այդ երկու պետություններից ու սկսի գործել նրանց ուղեծրի, արտաքին քաղաքական ուղենիշների ներքո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել