Image may contain: 1 person, outdoorՄեզ երկար տարիներ բերում էին ամենատարբեր բացատրություններ, թե ինչու առաջնագիծը 20 տարվա ընթացքում հավուր պատշաճի չէր հագեցվում դիտարկման և անվտանգության ժամանակակից համակարգերով։ Իհարկե, սխալ կլինի պնդել, թե առաջնագծում ոչինչ չէր փոխվել 1994 թվականից ի վեր, բայց ասել, որ մինչև 2016 թվականի ապրիլ հագեցվածությունն այնքան էր, որքան կարող էր լինել, մեղմ ասած՝ ճիշտ չի լինի։ Փորձը ցույց տվեց, որ բերված փաստարկները հիմնականում լոլոներ ու դատարկախոսություններ էին, իսկ գործնականում պարզապես խառն էին թալանով ու թավաքյալիությամբ, որոնց հիմքում ընկած էր նաև այն համոզմունքը, որ հակառակորդը երբեք լուրջ քայլ չի ձեռնարկելու, ուստի ի՞նչ իմաստ ունի «վատնել» փողերը թիթիզությունների վրա, եթե կարելի է լափել այդ փողերը։

Հիշում եմ՝ 2014 թվականին առիթ ունեցա այս հարցն ուղղելու անձամբ Սեյրան Օհանյանին, ով ընդհանուր առմամբ համաձայնություն հայտնելով, որ հարցն ակտուալ է, այնուամենայնիվ, փորձեց հիմնավորել մի թեզ, համաձայն որի՝ պետք չէ գերագնահատել այդ տեսախցիկների ու դիտարկման այլ սարքերի նշանակությունը։ Բացի դրանից՝ դրանք թանկ էին ու շփման գծի ամեն հատվածում չէ, որ հնարավոր է դրանք տեղադրել ու կիրառել։ Ըստ Օհանյանի 2014 թվականի հայտարարության՝ պրոցեսը գնում էր, բայց պահանջելու էր ժամանակ և միջոցներ։

Այդուհանդերձ, երբ ապրիլյան տուրուդմփոցը հստակ մատնանշեց, որ իրոք պետք չէ գերագնահատել այս համակարգերի նշանակությունը, այնուամենայնիվ, ապրիլը ու դրան հետևած ամիսները ապացուցեցին նաև, որ թերագնահատել էլ ամենևին պետք չէ։ Այո՛, տեսախցիկները, գիշերային ու ջերմային տեսանելության սարքերը քիչ օգուտ կարող են տալ, եթե շփման գծին հարվածում են հրետանիով, տանկերով և ավիացիայով, բայց բավարար հագեցվածություն ապահովելու դեպքում կարելի է գրեթե զրոյի հասցնել դիվերսիոն ներթափանցման հաջողված փորձերի քանակը, ինչին, ի դեպ, ականատես եղանք բոլորովին վերջերս, երբ այդ թերագնահատված տեսախցիկներով նկարահանվել էր գրեթե ամբողջ մարտի ընթացքը, իսկ «խիստ թանկարժեք» օպտիկայով ինքնաձիգ ունեցող դիրքի ավագը կարողացել էր գիշերվա մթության մեջ հանգիստ ոչնչացնել հակառակորդի 4 հատուկջոկատայինի։

Կարո՞ղ ենք ասել, որ այս ամենը կարելի էր շուտ էլ անել։ Իհարկե, կարող ենք։ Ի վերջո, որքան էլ մեծ ծախս լիներ առաջնագծի հագեցումը, այն չէր գերազանցելու ու չի գերազանցում մի քանի տասնյակ միլիոն դոլարի շեմը, իսկ դա ծիծաղելի թիվ է, եթե համեմատենք նրա հետ, թե ինչքան է թալանվել 94-ից մինչև 2016։ Հանգիստ կարելի էր 5 հատ մեր առաջնագծի պես առաջնագիծ հագեցնել։

Կարո՞ղ ենք ասել, որ հետևություններ արվել են։ Կարծում եմ՝ այո՛։ Համենայն դեպս, հիմա շփման գծի բոլոր դիրքերում տեղադրված են տեսանկարահանող հատուկ սարքեր, իսկ առնվազն ՊԲ-ում բոլոր դիրքերում առկա են ջերմա ու գիշերային տեսանելության պորտատիվ սարքեր և նշանառման համակարգեր, որոնց զգալի մասը թերևս հանրային աջակցության շնորհիվ է ձեռք բերվել, բայց առյուծի բաժինը պետական միջոցներով ենք գնել։

Կարո՞ղ ենք գոնե մոտավոր չափել նման ծախսեր անելու գործնական օգուտը։ Վստահաբար, որովհետև ապրիլից մինչև հիմա դիվերսիոն ներթափանցումների փորձերի արդյունքում մեր կորուստների թիվը շեշտակի նվազել է։ Չափազանցեցրած չեմ լինի, եթե ասեմ, որ 2015 թվականի ապրիլից մինչև 2016 թվականի ապրիլ եղել են առանձին ամիսներ, երբ դիվերսիոն գործողությունների արդյունքում ավելի շատ զոհ ենք ունեցել, քան 2016-ի ապրիլից մինչև 2017-ի ապրիլ ընկած ողջ ժամանակահատվածում։

Մնում է հուսալ, որ չեն արխայնանա ու այսքանով չեն սահմանափակվի։ Դեռ շա՜տ անելիքներ կան, այդ թվում՝ անհատ զինվորների ու սպաների հատուկ միջոցներով ու ժամանակակից սպառազինությամբ հագեցվածությունը բարձրացնելու մասով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել