Картинки по запросу ընտրություններՆերհայաստանյան այսօրվա քրոնիկոնը չշրջանցելով` տեսականորեն անդրադառնամ նախընտրական հնարքների և ագիտպրոպի հետ կապված մի քանի հարցերի:

Ընդհանրապես ընդունված է ասել, որ ցանկացած քաղաքական մանիպուլյացիայի հիմնական նպատակն իշխանության հասնելը, իրականացնելն ու այն հնարավոր ամեն կերպ պահպանելն է:

Իշխանություն ասվածը կարելի է դիտարկել նեղ և լայն իմաստով: Նեղ իմաստով այն վերաբերում է ղեկավար և ենթակա հարաբերություններին, որոնք կրում են կամավոր կամ հարկադրական բնույթ: Լայն իմաստով մանիպուլյացիան կապված է իշխանության` որպես գործառույթի հետ, որն ուղղված է հասարակական կարգի կայունության և համակարգի սոցիալ-մշակութային նույնականության ապահովմանը: Այս իմաստով մանիպուլյացիա իրականացնելու նպատակը հասարակության անդամների վարքի կառավարումն է, հասարակության անդամների միջև ինտեգրացիան, նրանց շահերի համաձայնեցումը:

Պետական մակարդակով իրականացվող հասարակական կարծիքի մանիպուլյացիան հիմնվում է այն բանի վրա, որ հանրային գիտակցության մեջ համակարգված «ներմուծվում» են սոցիալ-քաղաքական միֆեր, գաղափարներ, նորմեր, արժեքներ, որոնք պետք է ընդունվեն անվերապահորեն:

Հաճախ քաղաքական գործիչներն առաջ են քաշում «պրագմատիկ» կամ «հումանիստական» գաղափարներ և արժեքներ, ինչպես օրինակ՝ ազատություն, հավասարություն, արդարություն, հայրենասիրություն, խաղաղություն և այլն: Մանիպուլացումը ենթադրում է և՛ հարկադրված ազդեցության արժեքային արդարացում, և՛ հարկադրանքի ձևերի քողարկում:

Հ.գ. Տոտալիտար վարչակարգերը սեփական ժողովրդի նկատմամբ լայնորեն օգտագործում էին ահաբեկչություն և ստիպված էին լինում դրանք արդարացնել ու քողարկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել