«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը և «Օրրան» բարեգործական կազմակերպությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ ընդլայնելով իրենց երկարամյա գործակցության շրջանակը: Ըստ նոր համաձայնագրի՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության աշխատակիցները կամավոր հիմունքներով կաջակցեն «Օրրանի» երեխաներին դասապատրաստմանը: Նրանք կմասնակցեն նաև բարեգործական կազմակերպության մշակութային և արտադասարանային նախաձեռնություններին:

 

«Հպարտությամբ ենք փաստում, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը հայ հասարակության պատասխանատու անդամ է: Հաջողակ բիզնես գործունեություն ծավալելուց բացի, հասարակությանն աջակցելը և երկրի սոցիալ-տնտեսական աճին նպաստելը միշտ եղել են մեր առանցքային առաջնահերթությունները: Մեր աշխատողները ևս հաշվի են առնում մեր ընկերության արժեհամակարգն ու ձգտում օժանդակել համայնքներին, և մենք աջակցում ենք նրանց այս նախաձեռնություններում: Վստահ եմ՝ «Օրրանի» հետ գործակցության այս նոր էջը կամրապնդի մեր հարաբերությունները և կնպաստի դրանց է՛լ ավելի զարգացմանը»,- ասել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը: 

 

Ծրագրի շրջանակում ընկերության աշխատակիցները շաբաթը մեկ անգամ աշխատանքային ժամերին կամավոր հիմունքներով կաշխատեն կազմակերպությունում և կկիսվեն իրենց մասնագիտական փորձով՝ աջակցելու «Օրրանում» սաների անհրաժեշտ կյանքի հմտությունների և այլ կարողությունների զարգացմանը: 

 

«Շատ ուրախ ենք մեր հարաբերությունների պաշտոնականացմանն ու ընդլանմանը: «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունն ու «Օրրանն» ունեն գործակցության 15 տարվա պատմություն: Այս տարիների ընթացքում միասին հազարավոր երեխաների կյանք ենք բարելավել»,- ասել է «Օրրան» բարեգործական կազմակերոպության հիմնադիր Արմինե Հովաննիսյանը: 

 

Հայաստանում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը գործում է արդեն 20 տարի: Բիզնես գործունեությունից զատ, ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը: Ջրային ռեսուրսների կառավարման, համայնքների և երիտասարդության զարգացման նախագծերից բացի, ուշադրության կենտրոնում են նաև բնակչության կողմից սիրված տոներն ու միջոցառումները:

 

«Օրրանը» Հայաստանում գործում է 2000 թվականից ի վեր և նախկին 16 երեխայի փոխարեն այժմ օթևան է տրամադրում օրական 55 տարեց մարդու և 98 մանկահասակի Երևանում, և 30 տարեց մարդու և 85 երեխայի` Վանաձորում: Այս բարեգործական կազմակերպության նպատակն է կտրել երեխաներին փողոցից և ներառել նրանց ակադեմիական, մշակութային և արտադպրոցական գործընթացներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել