Սամվել Բաբայանի ձերբակալության վերաբերյալ ՕՐՕ դաշինքը հայտարարություն է տարածել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ղեկավարներ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը Սամվել Բաբայանի ձերբակալության վերաբերյալ հայտարարություն են տարածել։

«Այսօր ՀՀ ԱԱԾ–ի կողմից բերման է ենթարկվել ԼՂՀ ՊՆ և ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը։

Իշխանությունների այս քայլը կանխատեսելի էր։ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի դեմ կազմակերպված ակնհայտ սադրանքը, ինչպես նաև դաշինքի շտաբների և պատգամավորության թեկնածուների նկատմամբ զանգվածային բնույթ կրող ճնշումները նպատակ էին հետապնդում վախի մթնոլորտ տարածելու և խոչընդոտելու մեր աշխատանքները։

Այսօր արդեն անցել են այլ մեթոդների։

Ուշագրավն այն է, որ որոշ գործիչների միջոցով, ինչպես նաև բացահայտ և քողարկված իշխանամետ լրատվամիջոցներով, օրեր շարունակ նախապատրաստվում էր Սամվել Բաբայանի դեմ քայլը։

Մենք իշխանությունների այս վարքագիծը գնահատում ենք որպես մեր երկրում վախի մթնոլորտ ձևավորելուն և ընտրությունների արդյունքների վրա հակաօրինական միջոցներով ազդելուն ուղղված քայլ։

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը շարունակում է իր բնականոն աշխատանքները։ Չենք տրվելու սադրանքների։ Մեր կառույցները, պատգամավորության թեկնածուները և համակիրները եռապատկված եռանդով են շարունակելու իրենց գործը։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը, դիտորդական առաքելություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին` ուշադրության կենտրոնում պահել Ս. Բաբայանի հետ կապված գործը, որն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի և ուղղված է մեր քաղաքացիների ազատ կամարտահայտման դեմ։

Կոչ ենք անում քաղաքական ուժերին, իրավապաշտպան կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը, Արցախի և Սփյուռքի մեր հայրենակիցներին` համարժեք գնահատական տալ տեղի ունեցածին։

Կոչ ենք անում մեր հանրությանը, յուրաքանչյուր քաղաքացու` այս դեպքից հետո անել համապատասխան հետևություններ, ակտիվորեն մասնակցել ընտրական գործընթացներին, համախմբված ձևով հանդես գալ փոփոխությունների օգտին ու ապրիլի 2–ին ձևավորել նոր իշխանություն», - նշված է հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել