ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը մարտի 21-22-ը պաշտոնական այցով գտնվել է Մոսկվայում, որտեղ հանդիպում է ունեցել ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Սերգեյ Ստորչակի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ռուսաստանի սննդի ճյուղային ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Չերնիգովը եւ նույն ինստիտուտի ծրագրերի ղեկավար Ելենա Բոլոտնիկովան:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ կառավարության հովանավորությամբ եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Հայաստանում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հետագա ֆինանսավորման, համագործակցության ձեւաչափին եւ շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր։

ՀՀ կրթության եւ գիտության նախարարը, շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի կառավարությանը` ծրագրի օժանդակության համար, ընդգծել է ՀՀ կառավարության մտադրությունը` ազգային ծրագրի ընդլայնման ուղղությամբ: Լեւոն Մկրտչյանը ներկայացրել է ծրագրի ներդրման, վերահսկողության եւ գնահատման ինստիտուցիոնալիզացման կարեւորությունը եւ նշել, որ այդ նպատակով ՀՀ կառավարությունը ստեղծել է «Դպրոցական կայուն սնունդ» հիմնադրամը:

ՌԴ ֆինանսների փոխնախարար Ստորչակը գոհունակություն է հայտնել Հայաստանում ծրագրի իրականացման արդյունավետության վերաբերյալ, ինչպես նաեւ մատնանշել է, որ ծրագրի իրագործումը Ռուսաստանի համար Հայաստանի հետ գործակցության առաջնահերթությունների շարքում է: Նա վերահաստատել է ՌԴ պատրաստակամությունը ծրագրի շարունակականության ապահովման, ինչպես նաեւ հիմնադրամի կայացմանն աջակցություն ցուցաբերելու գործում:

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում արդեն 7 տարի է 1-4-րդ դասարանների երեխաները ստանում են անվճար սնունդ: Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի, ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի սննդի ճյուղային ինստիտուտի ջանքերով: 2014 թվականից առ այսօր ՀՀ կառավարությունն իրականացնում է «Դպրոցական կայուն սնունդ» ազգային ծրագիրը, որի շրջանակում ՀՀ երեք մարզերում՝ Արարատում, Վայոց Ձորում եւ Սյունիքում, աﬔն օր սնունդ է մատակարարվում մոտ 93.000 երեխաների: Սեպտեմբերից ազգային ծրագիրը կընդգրկի նաեւ չորրորդ մարզը` Տավուշը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել