Armenpress-ը գրում է.
 Եվրոպայում հայկական ներկայությունը ձգվում է Լոնդոնից Լառնակա, Լիսաբոնից Լվով. հայկական կաթոլիկ Մխիթարյանների միաբանությունն այդ ժառանգության ամենաազդեցիկ օրինակներից է, այն այս տարի նշում է իր 300­ ամյա ներկայությունը Եվրոպայի ամենահայտնի քաղաքներից մեկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը՝ այս մասին «Վենետիկի հայկական կղզին» խորագրով հոդվածում գրում է Euronews կայքը:
 Ներկայացնելով Մխիթարյան միաբանության հիմնադրման պատմությունը` լրատվամիջոցը նշում է, որ միաբանության հայրերը առհասարակ Եվրոպայում, իսկ, մասնավորապես, նաև հայկական աշխարհում մեծ ազդեցություն են ունեցել հետազոտությունների, կրթության և տպագրության գործում: Մինչ օրս Մխիթարյանների հիմնած վանական համալիրն աշխարհում երկու քաղաքներից մեկն է, որը կարող է գլուխ գովել արդեն երեք հարյուր տարուց ավել ամեն տարի առնվազն մեկ հայերեն գիրք հրատարակելու առնչությամբ:
 Այս վանականների ջանքերով նշանավոր եվրոպական գործերի թարգմանություններով, հնագույն ձեռագրերի առաջին տպագրություններով կամ այլ ճանապարհով հայկական ժառանգությունը ցույց է տրվել Եվրոպային, և նմանապես Եվրոպան հասանելի է դարձել հայերին՝ նրանց գործունեության շնորհիվ: «Մխիթարյան միաբանությունը մշտապես ծառայել է որպես կամուրջ` կապելով հայկական իրականությունը եվրոպական աշխարհի հետ` գիտության և հոգևոր ոլորտում, ինչպես նաև կամրջել է համամարդկային արժեքները. այն Արևմուտքում Արևելքի ներկայացուցիչն է և արևմտյան գաղափարներն արևելյանի վերածողը»,­ նշել է հայր Սերոբ Չամուրլյանը:
 «Սուրբ Ղազարի հեղինակությունն այնքան մեծ էր, որ անգամ Նապոլեոն Բոնապարտն այդ վանական համալիրին գործունեությունը շարունակելու հատուկ թույլտվություն տրամադրեց` այն դեպքում, երբ նա 1810 թվականին Վենետիկում փակել էր մյուս կրոնական կառույցները: Մի քանի տարի անց կղզու ամենահայտնի հյուրը` լորդ Բայրոնը,1816­-1817 թվականներին մի քանի ամիս անցկացրեց հայերենի ուսումնասիրման վրա»,­ գրում է Euronews­ը: Լրատվամիջոցը նշում է, որ թեպետ Մխիթարյան միաբանությունն այսօր այնքան ակտիվ չէ, որքան նախկինում, ավելի քիչ անդամներով և ավելի աշխարհիկ գլոբալ միջավայրում աճող մարտահրավերներով, սակայն նրա ջանքերով շարունակում են չորս վարժարան գործել Բեյրութում, Լոս Անջելեսում, Բուենոս Այրեսում ու Ստամբուլում: Կրթահամալիր է գործում նաև Երևանում:
Euronews­ը հայտնում է, որ Մխիթարյան միաբանության հիմնադրման 300­ամյակի կապակցությամբ սեպտեմբերին նախատեսվում են հատուկ միջոցառումներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել