Картинки по запросу ընտրություններՆախընտրական շրջանը, բնականաբար, հարուստ է քաղաքական տեխնոլոգիաների կիրառմամբ: Վերջին շրջանում քաղաքական դաշտում նկատվեց «առուն չթռած՝ հոպա ասելու» մի դրսևորում. խոսքը հետընտրական կոալիցիա ստեղծելու մասին «ՕՐՕ» դաշինքի՝ մրցակից քաղաքական ուժերին ուղղված հայտարարություն-առաջարկն էր: Այս հայտարարությունը թերևս տարակուսելու տեղիք է տալիս, քանի որ նախընտրական քարոզարշավի կեսին, երբ դեռ հայտնի չէ, թե որ կուսակցություններն են անցնում ԱԺ, դաշիքներից մեկը հետընտրական փուլում խորհրդարանական համագործակցության առաջարկ է անում:

Եվ տրամաբանական էր այն, որ քաղաքական ուժերը խուսափողական ու շրջանցող պատասխան տվեցին այդ առաջարկին: «ՕՐՕ» դաշինքի նպատակն ամենայն հավանականությամբ իր շուրջ խոսակցություններ տարածելն ու ինտրիգային իրավիճակ ստեղծելն էր, որը լրատվական դաշտում որոշ չափով, կարելի է ասել, ստացվեց, բայց թե ինչպիսի ազդեցություն այն ունեցավ ընտրողների վրա, դա արդեն դժվար է ասել:

Մեր մոտեցումն է գալիս հաստատելու նաև վերոնշյալ հայտարարության՝ գործնականում հնարավոր լինելու վերաբերյալ Վարդան Օսկանյանի այն մեկնաբանությունը, թե «դա ընդամենը կոչ է՝ ցույց տալու, որ կարելի է կոալիցիա կազմել, ու իշխանությանը դուրս մղել»:

Նմանատիպ մի քայլ էլ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ձեռնարկեց՝ հայտարարելով ընտրություններն ապրիլի 2-ից ապրիլի 9 տեղափոխելու նպատակահարմարության մասին: Բայց, ընդհանուր առմամբ, այս հայտարարությունը ևս ադեկվատ արձագանք չգտավ ո՛չ քաղաքական ուժերի, ո՛չ էլ հասարակական շերտերի մոտ՝ անկախ այն բանից, որ հիմնավորումը տրամաբանական էր: Որոշ արձագանքողներ էլ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին մեղադրեցին իր շուրջ գործընթաց ծավալելու մտադրության մեջ:

Քաղաքական ողջ դաշտն արդեն անկասելիորեն ընթանում է դեպի ապրիլի 2-ի ընտրություններ, ու թերևս ակնհայտ է, որ նման առաջարկը հազիվ թե որևէ ռեալ արձագանք գտներ:

Նախընտրական գործընթացների վերաբերյալ դրվագներում ամենակարևոր հարցն այն է, թե ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից կիրառվող այդ տեխնոլոգիաները որքանով են իրականում ազդեցիկ ու էֆեկտիվ իրենց վարկանիշը բարձրացնելու և քվե ապահովելու առումով: Սա է, որ մտորելու տեղիք է տալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել