Վերջապես ցրտաշունչ ձմռանը փոխարինելու է եկել գարունը, ինչի կապակցությամբ բոլորս անչափ ուրախ ենք: Սակայն գարնանային սեզոնն ունի մի բացասական կողմ՝ սկսվում է մրսածության, գրիպի և վիրուսների մի շրջան: Սկզբում հիվանդանում է ընկերներից մեկը, ապա՝ մյուսը, հետո՝ ընտանիքի անդամներից մեկը, և ահա դուք կանգնում եք հետևյալ հարցի առջև՝ «հաջորդը ե՞ս եմ»: Կարծում եք՝ հիվանդանալն անխուսափելի՞ է: Ո՛չ, եթե հետևեք այս 6, իմունային համակարգն ամրացնող քայլերին:

Լվացվեք

Շատ կարևոր է մանրակրտորեն լվալ ձեռքերը դրսից տուն գալուց հետո, ուտելիք պատրաստելուց և ուտելուց առաջ: Բացի այդ՝ կարևոր է պարերաբար ախտահանել հեռախոսը, ստեղնաշարը, բանալիները և այլն, քանի որ այդ իրերի հետ եք դուք օրվա ընթացքում ամենաշատը շփվում, իսկ դրանք միկրոբների բազմացման համար շատ լավ միջավայր են:

Մարզվեք

Կանոնավոր մարզումները կոփում են ողջ մարմինը, և մասնավորապես՝ իմունային համակարգը: Հետազոտողները պարզել են, որ, խթանելով արյան շրջանառությունը, մարզումներն օգնում են իմունային համակարգի բջիջներին ավելի արդյունավետ տեղաշարժվել ողջ մարմնով:

Լավ քնեք

Վատ քնելը կրճատում է T-լիմֆոցիտները, որոնք օգնում են ձեր օրգանիզմին պայքարել միկրոբների և վիրուսների դեմ: Անգամ ավելին՝ վատ քնելը կարող է երկարացնել ձեր առողջացման և վերականգնման փուլը, եթե դուք, այնուամենայնիվ, հիվանդանաք:

Լավ սնվեք

Օգտագործեք խիստ սննդարար սնունդ: Նախաճաշին խորհուրդ է տրվում ուտել վարսակ, գունավոր մրգեր, որոնք հարուստ են վիտամին C-ով, և յոգուրտ:

Սահմանափակեք ալկոհոլի քանակությունը

Եթե դուք կարծում եք, որ ալկոհոլի միջոցով կարող եք սպանել ձեր ներսում արմատավորվող բակտերիաները, ապա ստիպված ենք ձեզ հիասթափեցնել: Ավելին՝ այն կարող է իջեցնել ձեր օրգանիզմի դիմադրողականությունը:

Հնարավորիս կրճատեք սթրեսը

Որոշ մասնագետներ փաստում են, որ սթրեսը հանդիսանում է բոլոր հիվանդությունների և վարակների 90%-ի պատճառը: Ի՞նչ կարող եք անել այն կրճատելու համար: Օրվա մեջ հանգստի ժամ հատկացրեք (դա կարող է լինել մեդիտացիայի տեսքով կամ էլ լոգանք ընդունելու) և շփվեք ձեր ընկերների հետ. ապացուցված է, որ ակտիվ սոցիալական շփում ունեցող մարդիկ ավելի դիմացկուն են հիվանդությունների և վարակների հանդեպ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել