Related image22-ամյա Քոմալ Ահմադը վերջերս գործարկել է իր ստեղծած Copia անունով բջջային հավելվածը: Ծրագրի միջոցով այն ընկերությունները, որոնք հաճախ են ավելորդ սննդի պաշարներ ունենում, կարողանում են կապ հաստատել կարիքավոր անձանց հետ և սնունդը փոխանցել նրանց:

«Մեր օրերում հեռախոսի էկրանին մատի մեկ հպմամբ հնարավոր է տաքսի պատվիրել, իսկ Copia-ն թույլ է տալիս նույնքան հեշտությամբ համոզվել, որ մեր ավելորդ ուտելիքը հասնում է ճիշտ հասցեատերերին»։

Copia-ն այժմ գործում է միայն Սան Ֆրանցիսկոյում. հենց որևէ կազմակերպություն ծանուցում է ուղարկում, որ ունեն ավելորդ ուտելիք, Copia-ի վարորդներն անմիջապես գնում են այնտեղ ու հասցնում սնունդը կարիքավոր մարդկանց: Սովորաբար ուտելիք տրամադրում են մեծ մարզադաշտերը, մթերային խանութներն ու ռեստորանները:

Copia-ում աշատող վարորդներին կոչում են «Սննդի հերոսներ», ովքեր ուտելիքը տեղափոխում են սառցախցիկներ ունեցող մեքենաներով կամ եթե չունեն, ուտելիքը դնում են ջերմամեկուսիչ տոպրակների մեջ, որպեսզի սառնությունը կամ ջերմությունը պահպանվի:

Վարորդներից շատերը կա՛մ նախկին զիվորականներ են, կա՛մ էլ Copia-ի նախկին «սպառողներից», ովքեր այժմ աշխատում են որպես առաքիչ ու գումար վաստակում:Related image

Ահմադը հույս ունի, որ Copia-ի մոդելը մյուս կազմակերպություններին կդրդի ներգրավվել իր ծրագրին: Յուրաքանչյուր մեկ ֆունտ ուտելիքի համար ընկերությունները Copia-ին վճարում են 35-50 ցենտ: Փոխարենը նրանք հարկային արտոնություններ են ստանում:

Ըստ տվյալների՝ արդյունքում 200-400% գումարի վերադարձ է լինում: Այսինքն՝ ավելորդ սնունդ նվիրաբերելու համար դուք ստանում եք ավելի շատ գումար, որը հակառակ դեպքում կհայտնվեր աղբանոցներում:

Ասում են, որ եթե սննդային թափոնները ներկայացնենք որպես պետություն, ապա այն աշխարհում 3-րդը կլինի մեթանի արտադրությամբ՝ ԱՄՆ-ից ու Չինաստանից հետո:

Տարբեր երկրներում բազմաթիվ կազմակերպություններ կան, որոնք փորձում են լուծել սովի խնդիրը, բայց տեխնոլոգիաների օգտագործումն ու բջջային հավելվածի ստեղծումը միանշանակ մի նոր ու տարբերվող մոտեցում է այդ խնդրի լուծմանն ուղղված ջանքերին:Related image

«Մենք իսկապես ուզում ենք լուծում տալ քաղցի խնդրին: Աշխարհում սննդային թափոնների քանակը 3 անգամով գերազանցում է սննդի կարիք ունեցող մարդկանց քանակին: Մի բան հստակ է. սննդի պակասության խնդիր չկա, այլ կա ռեսուրսների տրամաբանական և արդյունավետ օգտագործման խնդիր, իսկ մենք հաստատ կգտնենք այդ խնդրի տրամաբանական լուծումը»,- նշում է Ահմադը:

«Հետագայում պլանավորում ենք ներգրավել նաև այն փոքր կազմակերպություններին, որոնք նույնպես փորձում են կառավարել սննդի օգտագործումը, քանի որ այդպես մեր աշխատանքն ավելի արդյունավետ կլինի: Այս մեթոդը նաև կօգտագործենք, որպեսզի կարողանանք կարիքավոր մարդկանց ապահովել դեղերով, բժշկական այլ պարագաներով, գրքերով ու հագուստով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել