76899Araratnews.am-ը գրում է.

Մարտի 20-ին Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանն իր հավատարմագրերն է հանձնել Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիին: Այս մասին տեղեկացնում է արտաքին գործերի նախարարությունը:

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում, ըստ հաղորդագրության, երկուստեք ընդգծվել է Արգենտինայի և Հայաստանի միջև ջերմ և բարձր մակարդակի հարաբերությունների առկայությունը:

Արգենտինայի նախագահը խնդրել է իր ողջույններն ու բարեմաղաթանքները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և պատրաստակամություն հայտնել իր նպաստը բերել հայ-արգենտինյան բազմաոլորտ հարաբերությունների զարգացման գործում:

Դեսպան Մկրտումյանը նույնպես հավաստիացրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում առավելագույն ջանքեր կներդրվեն երկու բարեկամ պետությունների միջև կապերի ավելի սերտացման և ամրապնդման համար։ Դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել նախագահ Մաուրիսիո Մակրիին Հայաստանի ու Արգենտինայի միջև համագործակցության և բարեկամության գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Հանդիպման ընթացքում առանձնակի կարևորվել և բարձր է գնահատվել արգենտինահայ համայնքի յուրահատուկ կամրջող դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և ամրապնդման հարցում։

Նախագահական պալատում տեղի ունեցած արարողությունից հետո ՀՀ դեսպանն ուղևորվել է Սան Մարտինի անվան հրապարակ, որտեղ Արգենտինայի նախագահական պատվո պահակախմբի ուղեկցությամբ տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ծաղկեպսակ է դրել արգենտինյան ազգային հերոս, գեներալ Սան Մարտինի հուշարձանին:

- See more at: http://araratnews.am/despan-mkrtumyaneh-havatarmagrern-e-handznel-argentinayi-naxagahin/#sthash.z2K3SffF.dpuf
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել