Տուն գնելն իսկապես բավականին դժվար գործ է: Շատ մարդիկ պատրաստ են մեծ ներդրում անել տան մեջ: Ի տարբերություն կոստյումի կամ կոշիկների՝ մենք այն չենք կարող պարզապես դեն նետել: Այդ իսկ պատճառով էլ մարդկանց մեծ մասը շատ ժամանակ և գումար է ծախսում, որ գտնի այն տունը, որն իսկապես կհամապատասխանի իր պահանջներին:

Այնուամենայնիվ, որքան մարդ, այնքան ճաշակ և ցանկություն, և ամեն մեկն ունի իդեալական տան իր պատկերացումները: Որոշ մարդիկ գնում են տուն՝ այն լրիվ ձևափոխելու մտադրությամբ, որոշներն էլ ձգտում են գտնել հենց այնպիսին, ինչպիսին ուզում են: Տներն ինչ-որ տեղ մեր անհատականության արտահայտությունն են, ուստի զարմանալի չէ, որ կան մարդիկ, ովքեր իրենց անհատականությանը համապատասխան ընտրում են արտասովոր տներ: Մեր օրերում մեր ամեն պատկերացում, նույնիսկ ամենաարտառոցը, կարող է կյանքի կոչվել: Այսպիսով՝ եկեք ծանոթանանք աշխարհի տարօրինակ տներից մի քանիսին:

  1. Տիեզերանավ-տուն, Չատանուգա, Թենեզի. 119,000 $

Այս տունը շատ հայտնի է. այն հայտնվել է բազմաթիվ լրագրերի, ամսագրերի, հեռուստատեսային ծրագրերի ուշադրության կենտրոնում: Տունը հենվում է վեց ցեմենտյա սյուների վրա, որոնց մեջտեղում կարող եք կայանել ձեր մեքենան: Թվում է՝ տան դիմացի աստիճանները դուրս են գալիս տիեզերանավից, իսկ բազմաթիվ փոքրիկ քառակուսի պատուհանները տանն ավելի են տիեզերական շունչ հաղորդում: Տունն ունի հյուրասենյակ, երեք ննջասենյակ և երկու լոգասենյակ: Տան առավելություններից մեկն էլ այն է, որ այն տեղակայված է բավականին գեղեցիկ տեղում՝ Թենեզի գետի անմիջապես կողքին. պարզապես հիանալի է:

  1. Տուն-կոշիկ. 127,000$

Կոշիկի տեսք ունեցող այս տունը, որը կառուցվել է 1948 թվականին շռայլ միլիոնատեր, գնդապետ Մահլոն Հեյնիսի կողմից, սկզբնական շրջանում մի հսկայական գովազդային կառույց էր Հեյնիսի բիզնեսի համար: Մեր առատաձեռն գործարարը, ում անվանում էին «Յորքի կոշիկների հրաշագործ», ծեր մարդկանց իր հաշվին հրավիրում էր առոք-փառոք ապրելու այս տանը:

Տունն ունի երկու լոգասենյակ, երեք ննջասենյակ, մեկ հյուրասենյակ և խոհանոց՝ հինգ տարբեր հարկերում: Վերջերս տունը ենթարկվել է որոշ փոփոխությունների և այժմ հանդիսանում է թանգարան՝ նվիրված Հեյնիսի հիշատակին:

  1. Տուն «Նաուտիլուս», Մեխիկո. 218,000 $

Մեխիկոյում գտնվող և խխունջի նմանվող այս տան նախագծի հեղինակն է մեքսիկացի ճարտարագետ Խավիեր Սենոսիայնը: Վերջինս, ոգեշնչվելով Լոյդ Ռայթի և Գաուդիի աշխատանքներով, կառուցեց այս տունը՝ որպես իր «բիո-ճարտարապետություն» կոնցեպտի մի մաս: Դրանով նա արտահայտում էր այն գաղափարը, որ օրգանական, բնական պատկերների ձև ունեցող ճարտարապետական կառույցները մեզ հիշեցնում են մեր պատմության, ավանդույթների ու մշակութային արմատների մասին, և այդ ճանապարհով մենք ապրում ենք բնության հետ ներդաշնակության մեջ:

Տունը կառուցվել է երկու երեխա ունեցող մի երիտասարդ ընտանիքի համար, ովքեր հոգնել էին սովորական ու ձանձրալի տանն ապրելուց և ինչ-որ արտասովոր բան էին ուզում:

Երևակայական այս տուն տանող ճանապարհը գունազարդ է՝ պատված գունազարդ ապակիներով: Տան բոլոր դետալները միասին արտացոլում են խխունջի գունային երանգները:

  1. Սունկ տուն, Ցիցինատի, Օհիո. 349,000 $

Սունկ տունը, որը երբեմն անվանում են նաև «Ծառ տուն», նախագծվել է ճարտարագետ Թերրի Բրաունի կողմից (Ցինցինատիի համալսարանի Ճարտարագիտության և Ինտերիերի դիզայնի պրոֆեսոր):

Այս տարօրինակ տունը կառուցվել է Համալսարանի ուսանողների աջակցությամբ, 1992-2006 թվականների ընթացքում, և ճարտարապետի երկրորդ կացարանն է եղել: 2006-ին հայտարարեցին, որ տունը վաճառվում է, իսկ 2008-ին ճարտարագետ Թոմմի Բրաունը հեռացավ կյանքից: Տունը նախագծելու համար ճարտարագետն օգտագործել է բազմաթիվ հումքեր՝ փայտ, գունավոր ապակի, կերամիկա և զանազան մետաղներ՝ դրանցից ստանալով զարմանահրաշ տարօրինակ պատկերներ:

Այս արտասովոր տունը նախագծված է այնպես, որ կարելի է տեսնել գույների, երանգների ու ձայների հսկայական բազմազանություն: Թերրի Բրաունը կարողացել է այս կառույցում երաժշտության ու բնության շարժը մարմնավորել, և այս հանգամանքն իսկապես բարձր գնահատելով՝ իր այս աշխատանքը ցուցադրվել է Ազգային շինությունների թանգարանում և Ժամանակակից արվեստների կենտրոնում: Տունը նաև ներկայացվել է աշխարհի տարբեր գրքերում ու պարբերականներում, այդ թվում՝ «REWARD» պարբերականում:

  1. Dog Bark շան տեսքով իջևանատուն, Քոթոնվուդ, Իդահո. 1,000,000 $

Սիրո՞ւմ եք շներին: Ուրեմն՝ սա ձեզ հաստատ կհետաքրքրի: Միգուցե մի օր դուք ցանկանաք այցելել շան տեսք ունեցող Dog Bark անունը կրող այս իջևանատուն և մեկ-երկու գիշեր մնալ այստեղ ու զվարճանալ: Որսորդական շան նմանվող այս իջևանատունը կառուցվել է 2003 թվականին Դենիս Սույիվանի և Ֆրանցես Կոնկլինի կողմից: Վերջիններս իրենց դժվար վաստակած գումարը ներդրեցին այս իջևանատան մեջ, որտեղ յուրաքանչյուրը կարող է սենյակ ամրագրել ու մնալ երկուսենյականոց համարներում, և այս կերպ իրենց ապրուստը վաստակեցին:

  1. Զուգարանակոնքի տեսք ունեցող տուն, 1.1 մլն $

Այդքան էլ հասկանալի չէ, թե ինչու որևէ մեկը պետք է ցանկանար ապրել զուգարանակոնքի ձև ունեցող տանը, բայց թվում է՝ Սիմ Ջի-Դաքը մտածել է, թե դա լավ միտք է:

Հարավային Կորեայի մայոր Սիմը կառուցեց այս տունը 2007 թվականին Զուգարանակոնքերի համաշխարհային ասոցիացիայի անդրանիկ նիստի կապակցությամբ:

Ասոցիացիայի նպատակն է զուգարանակոնքեր չունեցող ավելի քան երկու միլիոն մարդկանց համար ապահովել մաքուր, արդյունավետ և գործող սանիտարական համակարգեր: Տունն ունի մի մեծ պատշգամբ տանիքում և ապակեպատ լոգասենյակ, որի պատուհանները հասկանալի պատճառներով կարող են նաև մգացվել:

 

  1. VW Բզեզ-տուն, 1.4 մլն $

Բզեզ-տունը գտնվում է Ավստրիայում՝ Սալցբուրգի մոտակայքում: Նախագծի հեղինակն է Մարկուս Վոգլրայթերը, և եթե արդեն գլխի չեք ընկել, այն ոգեշնչված է Վոլկսվագենի Beetle (բզեզ) մակնիշի մեքենայից: Տան տերերը գնեցին 70-ականների ոճի մի հասարակ տուն և ամբողջովին վերափոխեցին այն: Էներգախնայող ու էկո-բարեկամական այս տունը պատրաստ էր 2003-ին: Ավելի ուշ Վոգլրայթերը կառուցեց նման ոճով մի շինություն ևս՝ որպես ռեստորան և բար՝ 《Das auto》 («Մեքենա») անունով:

  1. «Ջրվեժ», Փենսիլվանիա. 115,000$ (1935) - 2,695,716$ (2014)

Այս գեղեցիկ տունը գտնվում է ԱՄՆ-ում՝ Փենսիլվանիա նահանգում, մի ջրվեժի կողքին:

Տունը նախագծվել է 1935 թվականին Ֆրենկ Լոյդ Ռայթի կողմից՝ Քաուֆմանների ընտանիքի համար: Քաուֆմանները, որ այդ ժամանակների շատ հայտնի համանուն խանութի սեփականատերերն էին, որոշեցին ավելի ժամանակակից դարձնել իրենց ամառանոցը և վարձեցին ամերիացի ճարտարագետ և բնության սիրահար Ռայթին, որ նախագծի այս գեղեցիկ շինությունը: Հիասթափեցնողն այն է, որ տունն այդքան մոտ է ջրվեժին, բայց այն հազիվ թե հնարավոր լինի տեսնել տանից:

  1. Պողպատե տուն, Ռենսոմ կիրճ, Տեխաս, 3,000,000 $

Տեխասում գտնվող պողպատե այս տան հեղինակն է ճարտարապետ և քանդակագործ Ռոբերտ Բրունոն: Արտասովոր տեսք ունեցող այս տունը, որ հիշեցնում է խոզանման մի արարածի, Բրունոն կառուցել է 23 տարում՝ օգտագործելով 110 տոննա պողպատ:

Բրունոյի մահից շատ չանցած տան մասին գրեցին Texas Country Reporter-ում, իսկ 2013-ին տանն անդրադարձավ նաև բոլորիս հայտնի Vogue-ը: Շատերն այն համարում են արվեստի իրական գործ:

1. «Պղպջակների պալատ», 9 000 000$

«Պղպջակների պալատ»-ը տեղակայված է Ֆրանսիայի հարավարևմտյան ափին:

Այս տունը նախագծվել է Անտի Լովագի կողմից, ով հայտնի է ավանդական ճարտարապետական կառույցների դեմ իր պայքարով: Լովագը նոր շունչ է հաղորդում ճարտարապետությանը՝ հեռացնելով անկյունների ու ուղիղ գծերի անհրաժեշտությունը և բոլորի կողմից սիրելի այդ դետալները փոխարինում է տան շրջակայքը կազմող ժայռե կտորներով, որոնց միջոցով ստեղծում է մի հիանալի ներդաշնակություն տան և դրա բնական միջավայրի միջև: Տանը կա 28 ննջասենյակ, բոլորը՝ շրջանաձև անկողնիններով:

Սենյակներից շատերը հատակից մինչև առաստաղ պատված են գորգերով և լուսավորությամբ, որը փոխվում է օրվա ընթացքում: Տանը հաճախ նշվում են փառատոններ, խնջույքներ և այլ մեծ իրադարձություններ: Չնայած նրան, որ միօրինակ այս տունը դեռ 50 տարեկան էլ չկա, այն արդեն Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից պատմական հուշարձան է համարվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել