ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կապանում պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ, կասկածյալը  ձերբակալվել է: Այս մասին  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական տվյալներով՝ 2016թ. դեկտեմբերից մինչև 2017թ. մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում Կապան քաղաքի 66-ամյա բնակչուհին նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն՝ Կապան քաղաքում գտնվող իր բնակարանը տրամադրելով 3 մարմնավաճառների և բնակարանն ապահովելով համապատասխան կահավորանքով։

Ըստ քննության տվյալների՝ բնակարանում հաճախորդների հետ մարմնավաճառների ունեցած սեռական հարաբերությունների դիմաց կինն ստացել է գույքային օգուտ։

Դեպքի առթիվ 2017թ. մարտի 16-ին Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով: Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, հարցաքննվել մի շարք վկաներ:

Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ Կապանի 66-ամյա բնակչուհին ձերբակալվել է՝ վերը նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել