ԱԱԾ-ն նորից ակտիվացել է «Սիվիլիթաս» հիմնադրամի գործով։ Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործ էր հարուցել 2012թ. մայիսի 25-ին, որոշել է «Սիվիլիթաս» հիմնադրամից պահանջել տվյալներ եւ փաստաթղթեր 2012 եւ 2013 թվականների ֆինանսավորման աղբյուրների, ինչպես նաեւ դրանց տնօրինման վերաբերյալ:
Ի պատասխան սրան, «Սիվիլիթասը» տարածել է հաղորդագրություն, որտեղ մեղադրել է ԱԱԾ-ին քաղաքական հետապնդումներ իրականացնելու մեջ։ Մասնավորապես, հաղորդագրությունում ասվում է.
«ԱԱԾ-ն հիմնադրամից պահանջում է նաեւ հայտնել, թե 2009- 2011 թվականներին անձերի եւ կառավարությունների կողմից 41 մեծ եւ փոքր նվիրատվությունների եւ դրամաշնորհների գումարները ինչպես են ծախսվել կամ տնօրինվել:

Իր հերթին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն «Սիվիլիթաս» հիմնադրամում ստուգումները օրենքով թույլատրված 90 աշխատանքային օր հետաձգելու փոխարեն 155 աշխատանքային օր հետաձգելուց հետո տեղեկացրել է, որ պատրաստվում է ստուգել հիմնադրամի ամբողջ գործունեությունը՝ իրականացված բոլոր ծրագրերով հանդերձ:

Արդեն շուրջ տասը ամիս տեւող անհեռանկար եւ հորինված դատավարական ընթացակարգերը խորապես խոչընդոտել եւ շարունակում են խոչընդոտել հիմնադրամի աշխատանքները՝ անհասկանալի եւ ծավալուն փաստաթղթաբանության անհիմն պահանջներով, աշխատակիցներին ԱԱԾ-ի կողմից տեւականորեն եւ անհասկանալի, հետապնդման նախնական եւ հետագա նպատակների հետ առնչություն չունեցող հարցերի վերաբերյալ հարցաքննություններով, հիմնադրամի բոլոր հնարավոր գործընկերներին եւ հիմնադրամի հետ համագործակցած անձանց իբր հիմնադրամի կողմից կատարված օրինախախտումների վերաբերյալ երկարաշունչ նախաբաններով նամակների եւ հաղորդումների ներկայացմամբ: Մինչդեռ առ այս պահը նախաքննության մարմինը չի որոշակիացրել, թե ինչ մեղադրանքների կամ օրինախախտումների բացահայտման նպատակով է իրականացվում այս տոտալ հետապնդումը, ըստ երեւույթին հույս ունենալով գտնել հետապնդումների հիմնավորումը՝ ապագայում հիմնադրամի գործունեության մյուս բոլոր հնարավոր ոլորտների ստուգումներով:

«Սիվիլիթաս» հիմնադրամը հայտարարում է, որ այս ամենը քաղաքական դրդապատճառներ ունեցող հետապնդում է, որի նպատակն է խոչընդոտել «Սիվիլիթաս» հիմնադրամի՝ քաղաքացիական հասարակության ուժեղացմանն ուղղված ծրագրերը եւ հատկապես լրատվական գործունեության իրականացումը: Այլ խոսքով, սա ուղղակիորեն հիմնադրամի արտահայտվելու ազատության սահմանադրական իրավունքին օրենքով արգելված եւ քրեական դատավարության նպատակներով քողարկված ապօրինի միջամտություն է:

«Սիվիլիթաս» հիմնադրամը ՀՀ բարձրագույն իշխանություններին կոչ է անում դադարեցնել հետապնդումները եւ հիմնադրամին հնարավորություն տալ շարունակել բնականոն գործունեությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել