Սպիտակ տան մամլո քարտուղար Շոն Սփայսերը բացատրել է՝ ինչու Դոնալդ Թրամփը չի սեղմել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ձեռքը՝ չնայած լրագրողների խորհրդով դա անելու նրա պատրաստակամությանը: Նրա խոսքերը ներկայացնում է Spiegel-ը:

«Չեմ կարծում, որ նա լսել է հարցը»,- հայտարարել է Սփայսերը՝ նշելով, որ այդ իրավիճակի պատճառը «թյուրիմացությունն» է եղել:

Սպիտակ տանը ֆոտոշարքի ժամանակ լրագրողներն ԱՄՆ նախագահին և Գերմանիայի կանցլերին խնդրել են իրար ձեռք սեղմել: «Պարո՛ն նախագահ, մենք կարո՞ղ ենք իրար ձեռք սեղմել»,- դիմել է Մերկելը Թրամփին, բայց վերջինս ոչ մի կերպ չի արձագանքել նրա հարցին:

Image result

Շատ ԶԼՄ-ներ եզրակացրին, որ Թրամփը գիտակցաբար է անտեսել Մերկելին, և նրան կոշտ քննադատության են ենթարկել: Իսկ Spiegel-ը նշում է, որ Սպիտակ տունը, մեկնաբանելով իրավիճակը, առաջին անգամ փորձում է փարատել երկու ղեկավարների առաջին հանդիպման մասին տհաճ տպավորությունը:

Թրամփն իր թվիթերյան էջում գրել է, որ Մերկելի հետ հրաշալի հանդիպում է ունեցել: Նա Facebook-ում հրապարակել է լուսանկար, որում սեղմում է Մերկելի ձեռքը մամուլի ասուլիսին մոտենալու ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել