Похожее изображениеՄարտի 17-ի լուսաբացին իսրայելասիրիական սահմանին գրանցված ռազմական բախումը, որը հերթականն էր սիրիական հակամարտության ողջ ընթացքում տեղ գտած նմանատիպ շուրջ 5 տասնյակ միջադեպերից, նախորդներից որակապես տարբերվում է մի քանի կարևոր առանձնահատկություններով:

Սիրիայի տարածքում իսրայելական օդուժի այսօրինակ գործողությունները, որոնք հիմնականում թիրախավորել են կա՛մ լիբանանյան «Հիզբալլահի» համար ուղարկվող սպառազինությունների ավտոշարասյունները, կա՛մ իսրայելասիրիական սահմանին տարաբնույթ ծայրահեղական խմբավորումների բջիջները, կա՛մ նույն «Հիզբալլահի» դիրքերը և վերջապես սիրիական բանակի հատուկ նշանակության ենթակառուցվածքները, մինչ այս համարժեք պատասխանի չեն արժանացել. սիրիական կողմի առավելագույն արձագանքը լավագույն դեպքում քաղաքական-դիվանագիտական հարթությունում էր:
Մինչդեռ իսրայելական օդուժի վերջին գրոհին սիրիական ԶՈՒ-երը պատասխանեցին ռուսական արտադրության «С-200» հրթիռային համակարգերի միջոցով, իսկ Արաբական հանրապետության քարոզչամեքենան հայտարարեց անգամ իսրայելական կողմի կրած նյութական կորուստների մասին, ինչը բնականաբար հերքվեց պաշտոնական Թել Ավիվի կողմից: Այս վերջին հարձակումն առանձնացավ նաև իր քաղաքական հնչեղությամբ՝ պաշտոնական Դամասկոսն Իսրայելի ագրեսիվ գործողությունները դատապարտելու պահանջով ուղերձներ հղեց ՄԱԿ-ին, առաջին անգամ իսրայելական հարձակումը մեկնաբանեց երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, այդ գործողության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու նպատակով Ռուսաստանի ԱԳՆ հրավիրվեց ՌԴ-ում Իսրայելի դեսպան Գարի Կորենը:

Իսկ որո՞նք են քննարկվող գործողության հնչեղության հիմնական պատճառները: Նախ և առաջ, պետք է ընդգծել, որ իսրայելական ԶՈՒ-ի հերթական հարձակումը տեղի ունեցավ Իսրայելի վարչապետի Մոսկվա կատարած և ՌԴ բարձրագույն իշխանությունների հետ անցկացրած բարձր մակարդակի հանդիպումներից ընդամենն օրեր անց. ի դեպ, այդ հանդիպումները հատկապես իսրայելական կողմը գնահատել է բավական արդյունավետ: Այս պարագայում ուշագրավ է նաև այն իրողությունը, որ, ըստ որոշ աղբյուրների, իսրայելական ռազմական օդանավերի վերաբերյալ կոորդինատները սիրիական կողմին հաղորդվել է հենց Լաթակիայում տեղակայված ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմաբազայից. ստացվում է՝ ռուսական կողմը դեմ չի Թել Ավիվի ակտիվության զսպմանն ուղղված գործողություններին. այս վարկածն արդենիսկ որոշակի մտավախության պատճառ է դարձել իսրայելական փորձագիտական դաշտում: Իսկ մյուս կողմից, չի բացառվում, որ նման կերպ, ինչպես նաև Իսրայելի դեսպանից պարզաբանումներ ստանալու եղանակով ՌԴ-ը փորձում է մեղմել Թեհրանից և Դամասկոսից պարբերաբար հնչող անուղղակի քննադատությունները՝ միտված Իսրայելի գործողությունների հարցում Մոսկվայի լուռ համաձայնության հանգամանքին:

Մյուս կողմից, սիրիական կողմի ռազմական պատասխանը, չնայած անգամ դրա զրոյական առարկայական արդյունավետության իրողությանը, որոշակիորեն նպաստում է Բաշար ալ-Ասադի գլխավորած վարչակարգի իմիջի բարձրացմանն առ այն, որ երկրի ներսում արձանագրած կարևոր հաղթանակներից բացի, սիրիական ԶՈՒ-երը «հաջողությամբ» հակահարված են հասցնում նաև գլխավոր արտաքին թշնամուն՝ «սիոնիստական ռեժիմին»:

Վերոնշյալի համատեքստում, միանշանակորեն կարելի է փաստել, որ սիրիական հակամարտության շրջանակներում առկա հերթական շրջափուլում ականատես ենք լինում որակապես նոր իրողությունների, որոնք թույլ են տալիս կանխատեսելու, ընդհանուր առմամբ, մերձավորարևելյան տարածաշրջանում հնարավոր որակապես նոր զարգացումների մասին՝ շատ ավելի ազդեցիկ դերակատարների շատ ավելի լայն ներգրավվածության հավանականությամբ: Իսկ իսրայելասիրիական սահմանին վստահաբար ակնկալվող նորանոր բախումների(հատկապես պայմանավորված Սիրիայի առափնյա շրջանում Իրանի ռազմական ներկայության ամրապնդման վերաբերյալ շրջանառվող տեղեկատվությամբ) հետ կապված շահագրգիռ կողմերի վարքագիծն արդեն էական պարզություն կմտցնի առնվազն հիմնախնդրի այս բաղադրիչի առնչությամբ ձևավորված նոր իրողությունների հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել