Картинки по запросу Իսրայելն ու Իրանը

Իսրայելի ռազմա–օդային ուժերը հարված են հասցրել Սիրիայում լիբանանյան շիական, Հզբոլահ խմբավորման դիրքերին։ Այդ մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Իսրայելն օդային հարվածներ է հասցրել, որպեսզի խափանի Իրանի կողմից աջակցություն ստացող Հզբոլահին մաքսանենգ ճանապարհով զենքերի փոխանցումը։

Ինչպես հայտնում է Haaretz–ը, հարված հասցնելուց հետո իսրայելական ինքնաթիռները զենիթային հարվածներին են ենթարկվել Սիրիայի տարածքից։
Ալ–Ջազիրայի տվյալներով, Իրանը վերջերս Հզբոլահին է փոխանցել Լիբանանում ռազմական արդյունաբերության հոսքեր։
Խոսքը գնում է գործարանների մասին, որոնք գտնվում են 50 կմ խորության վրա և պաշտպանված են օդային հարձակումներից։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վերջերս հայտարարել էր, որ Ռուսաստան այցի ժամանակ «լավագույն կերպով» ուրվագծել է Սիրիայում իր երկրի համար Իրանի և նրա դաշնակիցների ռազմական ներկայության պահպանման անընդունելիությունը` այդ երկրում հակամարտության հնարավոր կարգավորման պայմանավորվածության շրջանակներում:

Իսրայելի վարչապետը հինգշաբթի օրը վերջին կես տարվա ընթացքում արդեն չորրորդ անգամ այցելել է Ռուսաստան: Այցը հաշվարկված է եղել է մի քանի ժամվա համար:
Օրերս իրաքյան շիական զինված խմբավորումները հայտարարել են հատուկ բրիգադի ստեղծման մասին, որը նպատակ է հետապնդելու գրավել Իսրայելի հսկողության տակ գտնվող Հոլանի բարձրունքները։ Այդ ուժերը նպատակ ունեն դիմել պաշտոնական Դամասկոսին և ստանալ նրանց համաձայնությունը։
Սիրիայում Իրանի շահերի սպասարկող է համարվում լիբանանյան Հզբոլահ շարժումը, որը համարվում է Մերձավոր Արևելքում ամենակազմակերպված ռազմա-քաղաքական միավորումը։

Այսօր Հզբոլահը հանդես է գալիս Ասադի կողմից։ Երկու տասնամյակ Հզբոլահը ռազմա-տեխնիկական աջակցություն էր ստանում Ասադի հորից` Հաֆեզ Ասադից։ Այժմ էլ Հզբոլահը պաշտպանում է Ասադի ռեժիմը` պայքարելով տարբեր սունիական ծայրահեղական խմբավորումների դեմ։
Սիրիան ու Հզբոլահը`Իրանի «դիմադրության առանցքի» կարևոր տարրերն են ընդդեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի։ Հզբոլահի զենքերի մեծ մասը առաքում է Իրանը` Դամասկոսի օդանավակայանի միջոցով ու Ասադի տապալման դեպքում այդ «կամուրջը» կփլուզվի։
Իրանը Սիրիային վաղուց նավթ է առաքում ցածր գներով, իսկ 2011թ.-ից` հակամարտության սկզբից ի վեր Թեհրանն ավելի քան չորս միլիարդ դոլարի վարկ է տրամադրել Դամասկոսին։
Պետական ԶԼՄ–ների տվյալներով, Իրանը ամսական 700 միլիոն դոլարի օգնություն է տրամադրում Սիրիային։
Ինչ վերաբերվում է Իրանի աշխարհաքաղաքական հակառակորդների`Իսրայելի, ԱՄՆ–ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի շահերին, ապա նրանք ցանկանում են խզել այսպես կոչված «շիական առանցքը», որը ձգվում է Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան ուղղությամբ։

Թել-Ավիվին ձեռնտու է կազմաքանդել Իրան-Սիրիա-Լիբանան առանցքը, քանի որ Հզբոլահը Իսրայելի հյուսիսից սպառնում է հրեական պետության անվտանգությանը` իր ռազմական ենթակառուցվածքները տեղակայելով սահմանին։ Հզբոլահն Իրանի «զենքերից» մեկն է՝ ուղղված Իսրայելի դեմ։
Սիրիական հակամարտության շարունակությունն`առանց այն Իսրայելի տարածք տեղափոխելու հեռանկարի, ձեռնտու է Թել-Ավիվին, քանի որ աշխարհաքաղաքական հակառակորդ`Իրանի շահերի սպասարկող Սիրիան կազմաքանդված է, նրա տնտեսությունը գտնվում է փլատակաների տակ, իսկ Հզբոլահն Իսրայելից «շեղվելով» իր ամբողջ ուժն ու մարդկային լավագույն ռեսուրսները սպառում է սիրիական անապատներում`մարտնչելով սունիական տարբեր խմբավորումների դեմ։

Եթե Իսրայելը հարվածի Հզբոլահին, ապա դա կարող է բացել «պանդորայի արկղը» և թուլացնել Սիրիայում ջիհադականների դեմ պայքարող ուժերը։ Ինչպես հայտնի է, որ ռուսական օդուժն աջակցում է ցամաքում իրանական Ալ–Կոդս, ինչպես նաև Հզբոլահի մարտիկների ու սիրիական կառավարական ուժերի գործողություններին։
Հզբոլահը` Սիրիայի տարածքում իր դեմ ուղղված հարվածին կպատասխանի Լիբանանի հարավից հարվածելով Իսրայելին, այդ թվում իսրայելական միջուկային օբյեկտներին։ Այս պարագայում ռազմական գործողություններին, որպես Իսրայելի ռազմավարական դաշնակից ու անվտանգության երաշխավոր կմիջամտի ԱՄՆ–ը։
Չպետք է մոռանալ նաև Իրանի ազդեցության մասին ՀԱՄԱՍ–ի և պաղեստինյան այլ զինված խմբավորումների վրա։ Հզբոլահի և իրանական շահերի համար վտանգ զգալով Թեհրանը կարող է զինել նաև Իսրայելի հարևանությամբ, Սինայում գտնվող տարբեր խմբավորումներին`իսլամիստական, բեդուիններին և այլն`Իսրայելի համար նաև հարավից նոր ճակատ բացելու համար։

Հաշվի առնելով Թրամփի վարչակազմի հակաիրանական ուղենիշը, Թել–Ավիվը կարող է սրել իրավիճակը Սիրիայում, որպեսզի այնտեղ չձևավորվեն Իրանի ռազմաբազաներ`ռազմա–ծովային ու ցամաքային։ Սակայն հարվածել Իրանի զինված ուժերին նշանակում է casus belli ստեղծել, ինչը հղի է Իրան–Իսրայել ուղիղ առճակատման վտանգով։ Լավագույն սցենարն այս պարագայում Սիրիայում խաղաղության հաստատումից հետո Հզբոլահի վերադարձն է Լիբանան, Իրանի Ալ–Կոդս խմբավորումների վերադարձն Իրան, ինչը կարող է նվազեցնել լարվածության աստճիանն ու Իսրայելին հետ պահել կանխարգելիչ հարվածներից`Սիրիայում ու Լիբանանում իրանական, շիական ուժերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել