Ինչպես օրեր առաջ ենք տեղեկացրել, Շուշան Երիցյանը և Մերի Հակոբյանը պատրաստվում են մայիսի 5-15-ը Costa Blanca Fashion Week - International Best Male and Female World 2017 մրցույթում ներկայացնել Արցախն ու Հայաստանը: Համացանցում աղջիկների արած գրառումներից հետո նրանց՝ լրատվամիջոցներին տված բոլոր հարցազրույցներում այդպես էլ չի նշվել, թե, այնուամենայնիվ, ով է եղել մրցույթի կազմակերպիչն ու ժյուրին: Եվ ահա այսօր BlogNews-ի հետ կապ է հաստատել Հ3 հեռուստաալիքի Face control հաղորդման հաղորդավար Տիգրան Հարությունյանը, ով հանդիսանում է այդ մրցույթի ներկայացուցիչը մեր երկրում: Նա պարզաբանել է՝ ինչ մրցույթ է դա, ովքեր են կազմակերպիչները, և ինչպես են ընտրվել աղջիկները:

 

«Դեռ 7 տարի առաջ մոդել Դավիթ Ղարիբյանը հրավեր էր ստացել այս մրցույթին մասնակցելու համար: Քանի որ Դավիթի հետ մտերիմ էի, նրա ցանկությամբ գնացինք, նկարահանումներ արեցինք, մի խոսքով՝ լուսաբանեցինք մրցույթը: Դա նորաձևության մրցույթ է, «Միսս գլոբո» չէ,  «Միսս տիեզերք» չէ, նորաձևության շաբաթ է Իսպանիայում: Գնացինք ու մասնակցեցինք: Ու քանի որ նյութ էի պատրաստել, այն շատ արագ հայտնվել էր համացանցում, մրցույթի կազմակերպիչները որոշեցին, որ Հայաստանը և Կովկասի տարածաշրջանը ես պետք է ներկայացնեմ»

«Այդ մրցույթին շատ մասնակիցներ եմ տարել Հայաստանից, ու այս տարի էլ առաջին անգամ որոշեցինք ներկայացնել Արցախը, որովհետև առաջին անգամ այս տարի նաև Թուրքիան է մասնակցելու: Ընտրեցինք Շուշան Երիցյանին, որովհետև, բացի բոլոր իր առավելություններից ու նման մրցույթներում ունեցած մեծ փորձից, Շուշանը նաև արմատներով արցախցի է: Ժյուրիի կազմում էին Հայաստանում Իսպանիայի հյուպատոսը, Իտալիայի դեսպանատան ներկայացուցիչ Լուիջի Կացատոն,  դիզայներ Էռնեստո Մարկոն, Հ3 հեռուստաընկերության տնօրենը, Իսպանիայում հայ համայնքի ղեկավարը»:

Մեր զրուցակիցը նաև իր տեսակետը հայտնեց «Միսս և միստր» բարեգործական հիմնադրամի նախագահ Աշոտ Խաչատրյանի ասածի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Խաչատրյանը հետևյալ կարծիքն էր հայտնել այդ մրցույթի մասին մեր հարցին. «Իրենից առանձնապես ոչինչ չներկայացնող, ոչ ռեյտինգային մրցույթ է: Եթե այն լիներ լուրջ մրցույթ, ապա դրանով հաստատ ե՛ս կզբաղվեի»: 

 

«Առնչություն չունենալ մրցույթի հետ և լրագրողին պատասխանել, որ այդ մրցույթն իրենից ոչինչ չի ներկայացնում, այլապես ինքը կզբաղվեր դրանով, կարծում եմ՝ ճիշտ չէ: Ասեմ ավելին՝ ես տեղեկություն ունեմ, որ տարիներ առաջ Աշոտ Խաչատրյանը փորձել է համագործակցել Costa Blanca Fashion Week-ի հետ, սակայն նրա մոտ դա չի ստացվել: Ամեն դեպքում ես հարգում եմ Աշոտին ու նրան լավ մասնագետ եմ համարում այս բնագավառում»,- նշում է Տիգրան Հարությունյանը: Իսկ այն հարցին, թե ինչու Արցախում տեղյակ չեն, որ Արցախը միջազգային մրցույթում է ներկայացվում, Տիգրան Հարությունյանն ասաց, որ պատրաստվում է տեղյակ պահել ԱՀ Մշակույթի նախարարությանը:

Նախքան նյութի հրապարակումը փորձեցինք ճշտել՝ այնուամենայնիվ, ինչպե՞ս արձագանքեց ԱՀ մշակույթի նախարարն այս ամենին: Տիգրան Հարությունյանը մեզ տեղեկացրեց, որ հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանի հետ՝ հետևյալ բովանդակությամբ. «Նախարարը դեմ է, երբ Արցախի դրոշը շահարկվում է, քանի որ նման փորձ արդեն եղել է, և դրոշն անառիթ քննարկման թեմա է դարձել, որովհետև այն բարձրացվել էր զուտ սեփական փիառի և  համացանցում սեփական անձի նկատմամբ հետաքրքրություն ու աղմուկ բարձրացնելու համար: Խոսքը բնավ այն մարզիկների ու արվեստագետների մասին չէ, ովքեր իրենց հաղթանակը արժևորել են Արցախի դրոշը բարձրացնելով: Հակառակը, դա շատ հաճելի է բոլորի համար: Խոսքն այն մասին է, որ դա անում են նախքան մրցույթը և մասնավոր միջոցառումների ժամանակ: Նախարարը բոլորովին դեմ չէ, որ Արցախը ներկայացվի միջազգային հարթակում, սակայն այդ մասին Արցախում պետք է տեղյակ լինեն»: Իսկ հարցին, թե արդյո՞ք Շուշանը մրցույթին Արցախի դրոշի տակ է ներկայանալու, Տիգրան Հարությունյանն այսպես պատասխանեց. «Աստված առաջ. եթե հաղթենք այդ մրցույթում, ապա Շուշանը հաստատ բարձրացնելու է Արցախի դրոշը՝ ի նշան հայրենասիրության»:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել