«Ժողովուրդ» օրաթերթի՝ Լոռու մարզի թղթակիցն ահազանգ Է ստացել Պրիվոլնոյե գյուղում տիրող իրավիճակի մասին։ Ահազանգող բնակիչը, ով հասկանալի պատճառներով խնդրել է չհրապարակել իր անունը, հայտնել է, որ գյուղի դպրոցում տևական ժամանակ է՝ խմելու և ոռոգման ջուր չկա։ Դպրոցի սանհանգույցը ևս չի օգտագործվում, ինչի պատճառն ըստ ահազանգող ծնողի՝ ներսում տիրող խայտառակ սանիտարահիգիենիկ վիճակն է։
 
Բնակչի խոսքով՝ աշակերտները բնական կարիքները հոգում են դպրոցի հետնամասում գտնվող մի շինության մեջ, որը ևս չի փայլում իր մաքրությամբ. «Ո՛չ զուգարանում ջուր կա դպրոցի, ո՛չ խոհանոցում, խայտառակ իրավիճակ Է մեր դպրոցում, ով որտեղ հասցնում, բնական կարիքներն Է հոգում»,–հայտնել Է աշակերտի ծնողը։
 
«Ժողովուրդ»–ի հետ զրույցում Պրիվոլնոյե գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Աննա Ֆյոդորովնան չհերքեց, որ դպրոցում ջուր չկա, չհերքեց նաև, որ սանհանգույցը ևս չի ծառայում իր նպատակին, բայց ոչ թե սանիտարահիգիենիկ վիճակի, այլ ջրի բացակայության պատճառով. «Ջուրը սառած Է, հունվարի արձակուրդներից հետո դպրոցում ջուր չի գալիս, դրա համար Էլ սանհանգույցը չի օգտագործվում, իսկ խոհանոցի ջուրը մեքենաներով բերվում Է դպրոց»,–ներկայացրեց տնօրենը։ Միևնույն ժամանակ նա ևս փաստեց, որ աշակերտներն ու ուսուցչական կազմը իրենց բնական կարիքները հոգում են դպրոցի մոտակայքում կառուցված զուգարանում. «Եթե ջուր չունենք, ոնց օգտագործենք զուգարանները։ Դպրոցի հետևի մասում զուգարան կա, հավաքարարները ամեն օր մաքրում են զուգարանը, մաքուր Է այնտեղ»։ 125 աշակերտ ունեցող դպրոցում ամեն ձմեռ նույն խնդիրն Է լինում, իսկ թե ինչու համայնքապետը քայլեր չի ձեռնարկում, տնօրենն այսպես Է մեկնաբանում. «Գյուղապետը ոչինչ չի կարող անել, հողի տակ Է սառել, արևը պետք Է տաքացնի, որ հալի...»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել