Շարունակում ենք գրել 20-րդ դարի ամենասարսափելի բռնապետերի մասին: Նախորդ հոդվածում անդրադարձանք Մաո Ցզեդունին: Այս անգամ կխոսենք Իսպանիայի ռազմական բռնապետ գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի մասին:

Գեներալ Ֆրանկոն համարվում է 20-րդ դարի Եվրոպա աշխարհամասի ամենադաժան և երկարակյաց բռնապետերից մեկը: Նրա գլխավորությամբ զինվորականների կողմից հրահրված քաղաքացիական պատերազմի ընթացքում սպանվել է ավելի քան 500 հազար մարդ: Ֆրանկոյի բուն իշխանության պայմաններում սպանվել է ավելի քան 60 հազար մարդ: Այդ համատեքստում, գեներալ Ֆրանկոն 20-րդ դարի ամենասարսափելի բռնապետերի ցուցակում գտնվում է առաջին տասնյակում:

Ապագա Գեներալիսիմուս Ֆրանկոն ծնվել է 1892թ. դետեմբերի 4-ին Գալիսիայում: Ֆրանկոյի ընտանիքն արիստոկրատական ծագում ուներ: Դեռևս վաղ հասակից գեներալը հետաքրքրվել էր ռազմական գործով: 1907թ. Ֆրանկոն ընդունվել է Տոլեդոյի ռազմական ուսումնարան: 1911թ. վերջինս իր ծառայությունը շարունակել է Մարոկկոյում, որտեղ այդ ժամանակ պատերազմական գործողություններ էին ընթանում: Այդ ժամանակաշրջանից սկսած Ֆրանկոն իրեն դրսևորեց որպես հմուտ և խիզախ զինվորական: 1925թ. Ֆրանկոն դարձավ Եվրոպայի ամենաերիտասարդ գեներալը: Նա ընդամենը 23 տարեկան էր և «Արտասահմանյան լեգիոնի» հրամանատարն էր, իսկ 1927 թվականին՝ Սարագոսայի զինվորական ակադեմիայի ղեկավարը:

Իր գործունեության սկզբնական շրջանում Ֆրանկոն քաղաքականությամբ չէր հետաքրքրվում: Իրականում, սակայն, Ֆրանկոն մեծ դեր ունեցավ 1930-ականներին տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում:

Ի՞նչ իրավիճակ էր Իսպանիայում 1930-ականներին. 1931թ. երկրում վերացավ միապետությունը: Ապրիլի 12-ին տեղի ունեցան արտահերթ ընտրություններ, որտեղ ընդդիմադիրները հաղթանակ տարան: Ապրիլի 14-ին արքա Ալֆոնս 13-րդը ստիպված հեռացավ երկրից: Իսպանիան դարձավ հանրապետություն: Հետագայում ամռանը՝ հունիսի 28-ին, տեղի ունեցան արդեն խորհրդարանական ընտրություններ: Իսպանիան դարձավ խորհրդարանական հանրապետություն: Երկրի բնակիչները բազմաթիվ ազատություններ ստացան: Վերացվեցին արիստոկրատական կոչումները և դասակարգումները: Եկեղեցին անջատվեց պետությունից: Բացի այդ, իշխանությունն անցկացրեց հողային ռեֆորմներ: Այնուամենայնիվ, նոր իշխանությունները, բախվելով նոր հասարակարգի անցման օբյեկտիվ դժվարություններին, չկարողացան լիակատար իրականացնել իրենց բարեփոխումների ծրագիրը: Մի քանի անգամ պետական և ռազմական հեղաշրջման փորձեր եղան: Օրինակ, կարող ենք հիշել 1932թ. գեներալ Սանխուրխոյի անհաջող պուտչի փորձը: Սակայն, հիմնական իրադարձությունները սկսեցին ծավալվել 1936 թվականին: Ֆրանկոյի աստեղային ժամը սկսվեց գեներալ Սանխուրխոյի վաղաժամ մահվանից հետո: 1936 թվականի փետրվարին իշխանության եկավ «Ժողովրդական ճակատ»-ը՝ Մանուել Ասանիայի գլխավորությամբ: Երկրում իրավիճակն էլ ավելի վատացավ: Ամբողջ Իսպանիայում տեղի էին ունենում բախումներ կառավարության կողմնակիցների և ընդդիմադիրների միջև: Այդ ժամանակ Իսպանիայում զինվորականությունը բավականին կարևոր դերակատարում ուներ և 1936 թվականին ամռանն ապստամբության միջոցով փորձեց վերցնել իշխանությունը: Ապստամբությունը վերաճեց եռամյա քաղաքացիական պատերազմի, որն ավերեց Իսպանիան:

Ապստամբությունը գլխավորում էր գեներալ Ֆրանկոն: Նրա գլխավորությամբ ապստամբները բազմաթիվ հանցագործություններ կատարեցին իսպանացիների հանդեպ: Երեք տարի տևած պատերազմի արդյունքում զոհվեց ավելի քան 500 հազար մարդ, որոնց գերակշիռ մեծամասնությունը ֆրանկոյական զորախմբերի տեռորի զոհերն էին: Ֆրանկոյականները պատերազմի ընթացքում չէին խորշում թիրախ դարձնել խաղաղ բնակավայրերը: Այդ համատեքստում հիշարժան է Գերնիկո քաղաքի ռմբակոծությունը, որի ժամանակ հարյուրավոր խաղաղ բնակիչներ սպանվեցին: Ընդհանրապես, նրանց նպատակը հանրապետականներին սատարող մարդկանց ֆիզիկական բնաջնջումն էր: Ֆրանկոն այդ առումով ոչ մի բանի առջև կանգ չէր առնում: Ժամանակակիցների խոսքով՝ նա նույնիսկ հրամայել էր գնդահակահարել իր եղբորը, ով հանդգնել էր չօգնել ապստամբներին:

Երկրում արտագաղթի հսկայական ալիք բարձրացավ: Այդ ժամանակ Ֆրանկոյին օգնում էին Հիտլերը և Մուսոլինին: Ֆրանկոյին ընդհանրապես դուր էր գալիս վերջին երկուսի կողմից կիրառվող ֆաշիստական կառավարման հայեցակարգը: Ինքը՝ Ֆրանկոն, երազում էր վերականգնել Իսպանիայի նախկին հզորությունը: Դեռ մի քանի դար առաջ Իսպանիան իր գաղութների հաշվին հսկայական տարածքներ ուներ: Իսպանական ազգայնականությունը կրախի եզրին էր և ոտնահարված էր իսպանացիների ազգային արժանապատվությունը: Պատերազմի ընթացքում ուժերի հարաբերակցությունը հետզհետե փոխվեց հօգուտ ֆրանկոյականների:

1939թ. ապրիլի 1-ին Ֆրանկոն հայտարարեց, որ պատերազմն ավարտվել է և երկրում մեկ իշխանություն է ձևավորվում: Ֆրանկոյական կառավարման տարիներին սպանվեց ավելի քան 60 հազար մարդ: Իշխանության գալուց հետո երկրի բանտերում և համակենտրոնացման ճամբարներում հայտնվեց ավելի քան 1 միլիոն մարդ: Նրանց մի մասը գնդակահարվեց: Ֆրանկոյի առաջին որոշումներից մեկը 8000 մարդու գնդակահարության հրամանն էր: Առաջին օրինագիծը քաղաքական պատասխանատվության օրինագիծն էր, որի համաձայն նրանք, ովքեր սատարել են հանրապետականներին պետք է դատապարտման ենթարկվեն: Այլախոհության յուրաքանչյուր դրսևորում խստորեն պատժվում էր: Սիստեմատիկ գնդակահարություններ էին տեղի ունենում երկրում: Համակենտրոնացման ճամբարներները լցվում էին քաղաքացիներով:

Տասնչորս տարի կալանավայրերում և ճամբարներում անցկացրած Մարսելո Կամաչոն նշում է, որ բանտարկվածների համար որևէ մեղադրական հիմք չկար: Ֆրանկոն երկիրը դարձրել էր զորանոց և կառավարում էր զորանոցային կանոններով: Իշխանության գալուց հետո Ֆրանկոյի մերձեցումը Հիտլերի և Մուսոլինիյի հետ էլ ավելի ակնառու էր դարձել: Ֆրանկոյին դիմում էին Կաուդիլյո (դիմելաձևը համարժեք էր գերմանական ֆյուրերին): Իսպանիայում նույնիսկ Նացիստական Գերմանիայի պես մշակվել էր ողջույնի ժեստ: Մարդիկ ողջունելիս պարզում էին աջ ձեռքը: Այնուամենայնիվ, Ֆրանկոն որքան էլ, որ դաժան բռնապետ էր, այնուամենայնիվ դրա հետ մեկտեղ նաև փայլուն դիվանագիտական հմտություններ ուներ: Չնայած այն բանին, որ նա սերտ հարաբերություններ ուներ Ֆաշիստական Իտալիայի և Նացիստական Գերմանիայի հետ, այնուամենայնիվ, Ֆրանկոն չմասնակցեց Երկրորդ Համաշխարհային պատերազմին:

1939թ. սեպտեմբերի 1-ից 3 օր անց Ֆրանկոն հայտարարեց Իսպանիայի չեզոքության մասին: Դա ծանր հարված էր Ֆյուրերին: Մեկ տարի անց՝ 1940թ. դեկտեմբերի 23-ին, Ֆրանկոն և Հիտլերը հանդիպեցին: Ֆյուրերը չկարողացավ Կաուդիլյոյին համոզել պատերազմող կողմ դառնալ: Հիտլերը բանակցություններից հետո այնպիսի վիճակում էր, որ հայտարարել էր, թե իր համար ավելի գերադասելի է միանգամից հեռացնեն իր ատամներից մի քանիսը, քան կրկին բանակցի Ֆրանկոյի հետ: Ֆրանկոն փայլուն դիվանագիտության շնորհիվ կարողացավ փլատակների մեջ գտնվող Իսպանիան հեռու պահել պատերազմից: Այնուամենայնիվ, Ֆրանկոն գիտակցում էր, որ Ֆյուրերի հետ հարաբերություններն հարկավոր է պահպանել: Այդ իսկ պատճառով խորամանկ բռնապետը պատերազմ ուղարկեց ընդամենը 1 դիվիզիա: Դա այսպես կոչված «Կապույտ դիվիզիան» էր, որը կռվում էր արևելյան ճակատում՝ ԽՍՀՄ դեմ: Հետագայում, Ստալինիգրադի ճակատամարտում ԽՍՀՄ հաղթանակից հետո Ֆրանկոն 1943թ. հոկտեմբերին ետ կանչեց այդ դիվիզիան:

Այդ ժամանակ Իսպանիայում ամերիկացի դեսպանն ուրախությամբ նշում էր, որ արդեն 1943թ. Ֆրանկոյի սեղանից անհետացել էին Ֆյուրերի և Դուչեի լուսանկարները: Ֆրանկոն իրավիճակի փոփոխության հետ մեկտեղ փոխել էր նաև իր մարտավարությունը և սկսել էր ուղիներ փնտրել արևմուտքի երկրների կամ դաշնակիցների հետ հարաբերությունները կարգավորելու համար: Դեռևս 1940թ. Ֆրանկոն իր ներքին լեգիտիմության խնդիրները լուծելու համար քաղաքացիական պատերազմի զոհերի համար հուշահամալիր կառուցեց, որի կառուցումը տևեց շուրջ 19 տարի: Հուշահամալիրը կառուցվեց հարգելու երկու կողմերի զոհերի հիշատակը: Իհարկե, այդ ամենը կատարվեց ֆրանկոյականների լոզունգների ներքո՝ «Հանուն հայրենիքի, հանուն Աստծո»:

Պետք է նշել, որ Ֆրանկոյի արտաքին դիվանագիտությունը փրկեց նրան Նյուրնբերգյան դատավարությունում հայտնվելուց: Ժամանակակիցները նշում են, որ նա միակ ֆաշիստն էր, որին չհաղթեցին և որը Ֆյուրերի և Դուչեի մահից հետո շուրջ 30 տարի շարունակեց իշխել: Ընդհանրապես, Ֆրանկոյի բռնապետության հիմքում կրոնական ասպեկտը բավականին մեծ դերակատարում ուներ: Ֆրանկոն գտնում էր, որ Հանրապետական Իսպանիան հեռացել էր իրենց դարավոր ավանդույթներից և պետք էր այն արագ վերականգնել: Նա երազում էր 16-րդ դարի Իսպանիայի մասին, որտեղ կաթոլիկ եկեղեցին հսկայական դեր ուներ: Ֆրանկոյի իշխանության շրջանում եկեղեցին վերականգնեց իր դիրքերը: Յուրաքանչյուր օր քնելուց առաջ Ֆրանկոն իր կնոջ հետ եկեղեցի էր գնում և աղոթում: Ամուսնալուծությունը սկսվեց հանցագործություն համարվել, իսկ ամուսնական դավաճանությունը՝ քրեորեն պատժելի արարք: Կրոնական բարոյականությունը դարձավ հասարակական կյանքի անբաժանելի մասնիկը:

Վատիկանում գնահատեցին Ֆրանկոյի քայլերը: 1951թ. երկարաձգվեց իսպանական կաթոլիկ եկեղեցու հետ ունեցած պայմանագիրը: Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո Վատիկանի հետ հարաբերությունների խորացումից հետո Իսպանիան արևմուտքում սկսեց համարվել քրիստոնեական արժեքների պահապան երկիր: Ֆրանկոն իր ելույթներում նշում էր, որ իսպանացի լինելը կրկին արժևորվել է, և մարդիկ սկսում են իրենց հետ հաշվի նստել: Ֆրանկոն Իսպանիան համարում էր արևմուտքի հոգևոր առաջնորդ:

Վատիկանի հետ հարաբերությունների լավացումը Ֆրանկոյին օգնեց հարաբերությունները բարելավել մնացած հաղթող երկրների հետ, քանի որ պատերազմի ավարտից հետո, այնուամենայնիվ, որոշակի պատժամիջոցներ կիրառվել էին Իսպանիայի հանդեպ: Մասնավորապես, ԱՄՆ-ն Իսպանիային չէր ներառել «Մարշալի պլանի» երկրների ցուցակի մեջ: Հետագայում սկսվեց Սառը պատերազմը, և ԱՄՆ-ը փոխեց իր դիրքորոշումը, քանի որ Ֆրանկոն հայտնի էր իր հակակոմունիստական դիրքորոշմամբ: Պրագմատիկ ամերիկացիները նշում էին, որ Ֆրանկոն ոչ լավագույն տարբերակն էր, սակայն այլընտրանք չկար:

1959 թվականին Իսպանիա ժամանեց ԱՄՆ նախագահ Էյզենհաուերը: Ամերիկացիները նույնիսկ այդտեղ ռազմաբազա կառուցեցին: Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորումը դրական արդյունքներ տվեց երկրում ժողովրդավարացման մթնոլորտի ավելացման համատեքստում: Նույնիսկ Ֆրանկոյի բռնապետության ժամանակաշրջանում Իսպանիայում սկսեց գործել ազատ շուկայական հարաբերություններ, անգամ արտասահմանյան ներդրումներ կատարվեցին: Արդեն 1960-ականներին Իսպանիան տնտեսական վերելք ապրեց: Ֆրանկոն այն յուրահատուկ բռնապետերից էր, որ գտնում էր եթե ազատ շուկայական հարաբերություններն օգուտ են բերում երկրին, ապա դրանք պետք է գործեն: Տնտեսության ոլորտում առկա փոփոխությունները նպաստեցին այլ բնագավառներում տեղի ունեցող փոփոխություններին:

Երկրում անխուսափելի էր ժողովրդավարացման մթնոլորտի էլի ավելի ավելացումը: Երիտասարդները չէին հաճախում կիրակնօրյա աղոթքների: Դրա փոխարեն գերադասում էին իրենց հանգիստն անցկացնել ծովափին: Նորաձևության ասպարեզում սկսեցին հայտնվել այնպիսի արգելված իրեր, ինչպիսիք էին բիկինիներն ու շորտերը: Իսպանիայում ձևավորվում էր ազատական հայացքներ կրող հասարակություն: Դրա հետ մեկտեղ ծերացող Կաուդիլյոն շարունակում էր պահել իր իշխանությունը:

Շատերին տանջում էր պետության հետագայի հարցը: Ֆրանկոն գտնում էր, որ իշխանությունը պետք է փոխանցի արքային: Ֆրանկոյի հաջորդը լինելու էր արքայազն Խուան Կառլոս Բուրբոնը: Դա հայտնի դարձավ 1969թ: Ֆրանկոն ապրեց ևս 6 տարի: Դրանք Ֆրանկոյի համար դժվարին տարիներ էին: 1971թ. եկեղեցին ժողովրդից ներողություն խնդրեց այն բանի համար, որ քաղաքացիական պատերազմի ժամանակ օգնել է կողմերից մեկին: Դա լուրջ հարված էր Ֆրանկոյի համար: Համատարած ժողովրդավարացման պայմաններում սկսել էին գործել ընդհատակյա կաթոլիկե միություններ, որոնք քննադատում էին եկեղեցու վարած քաղաքականությունը:

Քաղաքական ընդդիմությանը ֆիզիկապես ոչնչացնելուց և բանտերում պահելուց հետո Ֆրանկոն լրջագույն խնդիրների առջև կանգնեց, քանի որ վակուումը լցվեց տեռորիստական խմբավորումներով: Դրանցից ամենահայտնին բասկյան Էտա ահաբեկչական կառույցն է, որը մինչ օրս շարունակում է գործել:

Բանն այն է, որ դեռևս 1930-ականներին Ֆրանկոն բասկերին և կատալոնացիներին զրկել էր ինքնավարությունից և նրանք այդ կերպ վրեժ էին լուծում: Ֆրանկոն այդ ժամանակ Պարկինսոնի հիվանդությամբ էր տառապում: 1975թ. նոյեմբերի 20-ին վախճանվեց 20-րդ դարի Եվրոպայի ամենաերկարակյաց բռնապետերից մեկը: Երկրի ղեկը ստանձնած Խուան Կառլոսը շարունակեց և ավելի խորացրեց երկրի ժողովրդավարացման ուղին:

Դավիթ Ֆիդանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել