Այսօր մոդել և դերասանուհի Շուշան Երիցյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ նշել է. «Ինձ համար անասելի պատասխանատու քայլ է Արցախը միջազգային հարթակում ներկայացնելը»:  Խոսքը մայիսի 5-15-ը Costa Blanca Fashion Week- International Best Male and Female World 2017 մրցույթի մասին է, որտեղ Շուշանը կներկայացնի Արցախը, իսկ դերասանուհի Մերի Հակոբյանն  էլ՝  Հայաստանի Հանրապետությունը: Իսկ թե ինչու է հենց Շուշան Երիցյանը ներկայացնելու Արցախը, պարզեցինք նրա հետ ունեցած զրույցի ընթացքում:  Շուշանն ասում է, որ արմատներով Արցախից է և շատ լավ ծանոթ է արցախցիների նիստուկացին, սովորույթներին ու համոզված է, որ արժանի կերպով կներկայացնի արցախուհու կերպարը.

«Քանի որ Արցախում գեղեցկության մրցույթներ չեն լինում, և պաշտոնապես «Միսս Արցախ»  չունեն ու քանի որ ես էլ ունեմ մի քանի հիմք՝ արցախցի եմ, տեղյակ եմ թե՛ պատմությանը, թե՛ նիստուկացին ու ամեն ինչին ու նաև միջազգային մրցույթների մասնակցած մոդել եմ, որոշվեց, որ հենց ես պետք է ներկայացնեմ Արցախը»: Այն հարցին, թե կոնկրետ ում որոշումն է դա, Շուշանն ասաց, որ չի կարող պատասխանել, քանի որ չի կարող փակագծերը բացել ու ասել, թե ով էր ժյուրիի կազմում:

Պարզելու համար, թե ամեն դեպքում ինչ մրցույթ է սա, և ով է Հայաստանի ու Արցախի պատվիրակներին ընտրել, մենք կապ հաստատեցինք մեր պատկերացմամբ ժյուրիի կազմում լինելու ամենահավանական թեկնածուի՝ երկար տարիներ տարբեր միջազգային մրցույթներում  Հայաստանը  ներկայացրած  պրոդյուսեր Աշոտ Խաչատրյանի հետ: Խաչատրյանը նշեց,  որ այդ մրցույթին մեր երկրի մասնակցության մասին անգամ տեղյակ  չէ: Մրցույթի մասին էլ մեր զրուցակիցն այսպես արտահայտվեց. «Իրենից առանձնապես ոչինչ չներկայացնող, ոչ ռեյտինգային մրցույթ է: Եթե այն լիներ լուրջ մրցույթ, ապա դրանով հաստատ ես կզբաղվեի»:

Եվ այնուամենայնիվ, ինչպե՞ս և ո՞վ է ընտրել Շուշան Երիցյանին՝ այդ մրցույթում Արցախը ներկայացնելու համար: Հարցի պատասխանի ակնկալիքով  BlogNews.am-ը կապ հաստատեց Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ:

 «Արցախի մշակույթի նախարարությունը տեղյակ չէ այդ մրցույթի մասին: Որքան գիտեմ ՝ նախընտրական որևէ գեղեցկության մրցույթ ևս չի անցկացվել Արցախում: Ինչ վերաբերում է Արցախի դրոշի տակ ներկայանալու հարցին, ապա  ես կարծում եմ՝ ցանկացած մրցույթ կամ փառատոն Արցախի անունից ներկայացնելու համար պետք է նախ ունենալ այդ  իրավունքը, որովհետև խոսքը պետական դրոշի մասին է»:  Նախարարը նաև  նշեց, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի և ազատ է անել այն, ինչը ճիշտ է համարում, այդ թվում և՝ այս կամ այն մրցույթին մասնակցել, սակայն գտնում է, որ «եթե երկրի դրոշի ներքո մրցույթի ես ներկայանում, ապա պետք է, որ տվյալ դեպքում Արցախում տեղյակ լինեն այդ մասին: Չգիտեմ, գուցե մրցույթի կազմակերպիչները այլ գերատեսչությունների հետ որևէ պայմանավորվածություն ունեն, տեղյակ են պահել, բայց Մշակույթի նախարարության հետ նշված մրցույթը առնչություն չունի»,- մեզ հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: 

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել