Armenpress-ը գրում է.
 Հայաստանը, որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ստիպված է ջանքեր գործադրել տարածաշրջանում հավասարակշռությունը պահելու և նոր էսկալացիա թույլ չտալու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ի թղթակիցը, նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Մոսկվայի միջազգայի հարաբերությունների ինստիտուտի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի առջև: «Միաժամանակ մենք պատրաստ ենք համաչափ պատասխանել պատերազմի սանձազերծման ցանկացած փորձի: Պատերազմը խնդրի լուծման ճանապարհ չէ: Բանակցություններին այլընտրանք չկա: Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ շարունակելու է աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ»,­ շեշտեց ՀՀ Նախագահը: Սերժ Սարգսյանի խոսքով` անվտանգության հարցերը շարունակում են խիստ ակտուալ մնալ Հայաստանի համար: «Մինչև 2016թ­ը մեր գործընկերները մեզ վստահեցնում էին, որ պատերազմական քարոզչությամբ ու հակահայկական հիստերիայով Բաքուն իր ներքին քաղաքական խնդիրներն է լուծում:
  2016թ­ի ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված քառօրյա ռազմական արկածախնդրությունը Բաքվի հենց այդ բազմամյա միլիտարիստական քարոզչության մարմնավորումը դարձավ` հակադրվելով սեփական հողի վրա սեփական ճակատագիրն ազատ տնօրինելու՝ Արցախի ժողովրդի ցանկությանը»,­ ընդգծեց Հանրապետության Նախագահը:
Սերժ Սարգսյանի ներկայացմամբ` Լեռնային Ղարաբաղի հարցով ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների ընթացքում հստակ ընդգծվեց 1994­1995 թվականների եռակողմ անժամկետ համաձայնագրերի խստագույն պահպանման անհրաժեշտությունը:
 «Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի հետաքննության մեխանիզմի և ԵԱՀԿ դիտորդների քանակի ավելացման շուրջ: Սակայն Ադրբեջանը, ինչպես և նախկինում, խուսափում է այս պայմանավորվածությունների կատարումից»,­ ընդգծեց երկրի ղեկավարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել