Artsakhpress.am-ը գրում է.

Թուրքական «Milligazete» թերթն, անդրադառնալով Էդվարդ Նալբանդյանի` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին հայտարարությանը, այն անվանել է Թուրքիային ուղղված մեղադրանք։

Թուրքական «Milligazete» թերթն անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությանը, ըստ որի, Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Հայաստանի կողմից անակնկալ հայտարարություն. պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ» վերնագրով հրապարակման մեջ թերթը զարմանալի է համարել Նալբանդյանի այդ հայտարարությունը:

Մեջբերելով Նալբդանյանի «Թուրքիան հետ է կանգնել համաձայնությունները, պայմանավորվածությունները կատարելու պարտականությունից» դիտարկումը՝ թերթն այն անվանել է Թուրքիային ուղղված մեղադրանք: Աղբյուրը նշել է, որ Թուրքիայի հետ սահմանի փակ լինելը բացասական է ազդում Հայաստանի տնտեսության վրա, ինչի համար էլ Հայաստանը պահանջում է վերաբացել այն: «Սակայն Թուրքիան հայտարարել է, որ սահմանը չի բացելու, քանի դեռ Հայաստանը դուրս չի եկել «օկուպացրած» ադրբեջանական տարածքներից»,- եզրափակել է թերթը: Հիշեցնենք, որ մարտի 11-ին Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր. «Հայաստանը միշտ բաց է հարաբերությունները կարգավորելու համար՝ նաև Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների»: Նալբանդյանը հիշեցրել էր, որ Հայաստանը բավականին քայլեր արել է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ՀՀ նախագահը հանդես էր եկել նախաձեռնությամբ, սակայն Թուրքիան հետ է կանգնել պայմանավորվածություններից: Նախարարը հույս էր հայտնել, որ մի օր Թուրքիան նույն դիրքորոշումը կունենա, ինչ Հայաստանը, կհարգի այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերում այլ երկրների հետ:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել