Մարտի 11-ին Աջարիայի ճանապարհային ոստիկանության կողմից երկու իրավախախտ վարորդների բերման ենթարկումը ոստիկանություն կտրուկ սրել է իրավիճակը Բաթումիում: Ըստ վրացական Ռուսթավի 2 հեռուստաընկերության տվյալների` ոստիկանության մոտ հավաքված հարյուրից ավել ցուցարարների, որոնք պահանջում էին անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին, և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի են ունեցել բախումներ: Ցուցարարները փորձել են ներխուժել Աջարիայի Ոստիկանության գլխավոր բաժին, սակայն դա նրանց չի հաջողվել, քանի որ ոստիկանները նրանց դեմ կիրառել են արցունքաբեր գազ: Ըստ Грузия Онлайн-ի` բախման պատճառով կա 21 վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Վիրավորվածների մեջ է նաև Վրաստանի պառլամենտի պատգամավոր Իրակլի Չեիշվիլին:
Ականատեսների վկայությամբ` ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ իր որդուն այդ օրը թաղած վարորդը չթույլատրված վայրում կանգնեցրել է իր մեքենան և շտապել է դեղատուն՝ մեքենայում գտնվող կնոջ համար դեղ գնելու: Այդ պահին հայտնված ճանապարհային ոստիկանները որդեկորույս վարորդին տուգանել են 200 լարիով, իսկ հետո էլ տեղի ունեցած վիճաբանությունից հետո վարորդին և նրան օգնության հասած մի այլ վարորդի բերման են ենթարկել ոստիկանություն:
Ըստ նույն Грузия Онлайн-ի` Բաթումիի ոստիկանության մոտ տեղի ունեցած բախման հետևանքով ձերբակալվածների թիվը հասնում է վեցի:
Աջարիայի կառավարության ղեկավար Զուրաբ Պաթարաձեն կոչ է արել բնակչությանը չենթարկվել սադրանքների և խոստացել է, որ մեկ ժամից բոլոր ձերբակալվածներն ազատ կարձակվեն:
Ըստ վրացական ԶԼՄ-ների` ցուցարարների բավական մի մեծ խումբ շարունակում է բողոքի ակցիան Բաթումիի ոստիկանության շենքի մոտ այս պահին ևս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել