Սիրելի հայրենակիցներ` դուք գուցե և անվերադարձ եք լքել Հայաստանը, բայց վստահ եմ ու կասկած չունեմ, որ ձեր սրտում ապրում է կարոտը, կարոտն առ Հայրենիք։ 
Դուք տարբեր հանգամանքների բեռի ներքո` նեղացած պետության անօրինություններից` լքել եք Հայրենիքը, գուցե առավել բարեկեցիկ կյանքի ակնկալիքով։ 
Սակայն նեղացած լինելով պետությունից, որը բնավ էլ Հայաստանում իշխող անբարո իշխանությունները չեն, դուք ակամայից մեծ ծառայություն եք մատուցել այդ նույն վարչակարգին, քանի որ, ձեր բացակայության արդյունքում, գողացել են Ձեր Իրավունքը.
Տարիներ շարունակ հեռու գտնվելով հայրենիքից, իշխանությունները խլել են ձեզանից ամենակարևորը` Ձեր Քվեն, Ձեր Ձայնը.... զրկելով Ձեզ անգամ, ընտրական իրավունքից` որպես ՀՀ քաղաքացի. 
Եվ դուք ձեր կամքին հակառակ, տարիներ շարունակ հանդիսացել եք անօրեն իշխանության պոտենցիալ ընտրողը...
Եվ կրկին, նախորդ հանցարարության փորձերի հաշվին, այս անգամ ևս, փորձ է արվում իշխանությունը խլել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, ով հերթական անգամ դե ֆակտո կատարել է իր ընտրությունը, սակայն կամակատար չինովնիկները հաղթանակը գրանցել են ոչ ի օգուտ ժողովրդի, ոչ նրա ընտրության, նրանք կրկին գողացել են ՀՀ քաղաքացու իրավունքը` Ձայնը։ 
Սա մեղադրանք չէ, սա փաստի արձանագրումն է։ 
Սակայն մենք ՀՀ քաղաքացիներս, անտեսելով և չընդունելով կեղծված ընտրություների արդյունքները, սույն թվականի Ապրիլի 9-ին, մերժելով իշխանությունների գրանցած կեղծ տվյալները, պատրաստվում ենք դե-յուրե արձանագրել մեր` ՀՀ քաղաքացու հաղթանակը, և վերջնականապես իշխանությունը վերադարձնել իր իսկական տիրոջը` Ժողովրդին։
Եվ այս իմ կոչով, ես, իմ հայրենակիցներ, ձեզանից խնդրում եմ, նաև պահանջում, աջակցել և զորակցել մեզ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Ձեզ հետ միասին` տոնել այդ Հաղթանակը։ 
Խնդրում եմ և պահանջում եմ, օժանդակել Հայաստանում ԲաRevolution շարժմանը, ձեր կամքով, Ոգով, ձեր բարոյական և եթե հնարավոր է ֆիզիկական ներկայությամբ ապահովել այս շարժման ընթացքը: Այն առավել քան կարևոր է բոլորիս համար, քանի որ, Հայրենիքի հզորացման ու այն իրավական պետություն հռչակելու հարցում բոլորս ենք պատասխանատու։ 
Խնդրում եմ և պահանջում, մինչև Ապրիլի 9-ը ինքնակազմակերպվել տեղերում, աշխարհի որ կետում էլ որ գտնվում եք, աշխարհի որ քաղաքում էլ որ բնակվում եք, նշյալ քաղաքներում գործող Հայաստանի Հանրապետության դեսպանատների կամ հյուպատոսություների մոտ, անցկացնել, ոչ թե բողոքի ակցիաներ, այլ տոնախմբություն, քանի որ Ապրիլի 9-ին մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, անցկացնելու ենք Հայաստանի Հանրապետության նորընտիր Նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի համազգային երդմնակալությունը։ 
Եվ դուք` Հայրենիքի կարոտով ապրող իմ հայրենակիցները, Սփյուռքի բոլոր իմ ազգակիցները պետք է մեզ հետ միասին մասնակցեք այս համազգային միջոցառմանը, քանի որ, միայն Միասին կարող ենք Հաղթել և Հայաստանը դարձնել Ազատ և Երջանիկ, և դա իրականացվելու է, ոչ միայն մեր, այլ նաև ձեր համար, քանի որ ինչպես դուք ունեք կարոտ առ Հայրենիք, այդպես էլ մենք ՀՀ քաղաքացիներս ունենք կարոտ առ մեր Հայրենակիցներ և առ` Ազատ ու Իրավական Պետություն ունենալու:

ՀՀ քաղաքացի Վիլեն Գաբրիելյան

Նավակ Ճոճողը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել