Related imageԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Ռուսաստան այցի ժամանակ «լավագույն կերպով» ուրվագծել է Սիրիայում իր երկրի համար Իրանի և նրա դաշնակիցների ռազմական ներկայության պահպանման անընդունելիությունը` այդ երկրում հակամարտության հնարավոր կարգավորման պայմանավորվածության շրջանակներում:

Իսրայելի վարչապետը հինգշաբթի օրը վերջին կես տարվա ընթացքում արդեն չորրորդ անգամ այցելել է Ռուսաստան: Այցը հաշվարկված է եղել է մի քանի ժամվա համար:
Այսօր իրաքյան շիայական զինված խմբավորումները հայտարարել են հատուկ բրիգադի ստեղծման մասին, որի նպատակն է հետապնդել ու գրավել Իսրայելի հսկողության տակ գտնվող Հոլանի բարձրունքները։ Այդ ուժերը նպատակ ունեն դիմել պաշտոնական Դամասկոսին և ստանալ նրանց համաձայնությունը։
Սիրիայում Իրանի շահերի սպասարկող է համարվում լիբանանյան Հզբոլահ շարժումը, որը համարվում է Մերձավոր Արևելքում ամենակազմակերպված ռազմա-քաղաքական միավորումը։ Այսօր Հզբոլահը հանդես է գալիս Ասադի կողմից։ Երկու տասնամյակ Հզբոլահը ռազմա-տեխնիկական աջակցություն էր ստանում Ասադի հորից` Հաֆեզ Ասադից։ Այժմ էլ Հզբոլահը պաշտպանում է Ասադի ռեժիմը` պայքարելով տարբեր սուննիական ծայրահեղական խմբավորումների դեմ։

Սիրիան ու Հզբոլահը`րանի «դիմադրության առանցքի» կարևոր տարրերն են ընդդեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի։ Հզբոլահի զենքերի մեծ մասը առաքում է Իրանը` Դամասկոսի օդանավակայանի միջոցով, ու Ասադի տապալման դեպքում այդ «կամուրջը» կփլուզվի։
Իրանը Սիրիային վաղուց նավթ է առաքում ցածր գներով, իսկ 2011թ.-ից` հակամարտության սկզբից ի վեր, Թեհրանն ավելի քան չորս միլիարդ դոլարի վարկ է տրամադրել Դամասկոսին։
Պետական ԶԼՄ-ների տվյալներով՝ Իրանը ամսական 700 միլիոն դոլարի օգնություն է տրամադրում Սիրիային։
Ինչ վերաբերում է Իրանի աշխարհաքաղաքական հակառակորդների` Իսրայելի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի շահերին, ապա նրանք ցանկանում են խզել, այսպես կոչված, «շիայական առանցքը», որը ձգվում է Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան ուղղությամբ։

Թել-Ավիվին ձեռնտու է կազմաքանդել Իրան-Սիրիա-Լիբանան առանցքը, քանի որ Հզբոլահը Իսրայելի հյուսիսից սպառնում է հրեական պետության անվտանգությանը` իր ռազմական ենթակառուցվածքները տեղակայելով սահմանին։ Հզբոլահն Իրանի «զենքերից» մեկն է՝ ուղղված Իսրայելի դեմ։
Սիրիական հակամարտության շարունակությունն`առանց այն Իսրայելի տարածք տեղափոխելու հեռանկարի, ձեռնտու է Թել-Ավիվին, քանի որ աշխարհաքաղաքական հակառակորդ Իրանի շահերի սպասարկող Սիրիան կազմաքանդված է, նրա տնտեսությունը գտնվում է փլատակաների տակ, իսկ Հզբոլահն, Իսրայելից «շեղվելով», իր ամբողջ ուժն ու մարդկային լավագույն ռեսուրսները սպառում է սիրիական անապատներում` մարտնչելով սուննիական տարբեր խմբավորումների դեմ։

Եթե Իսրայելը հարվածի Հզբոլահին, ապա դա կարող է բացել «պանդորայի արկղը» և թուլացնել Սիրիայում ջիհադականների դեմ պայքարող ուժերը։ Ինչպես հայտնի է, ռուսական օդուժն աջակցում է ցամաքում իրանական Ալ-Կոդս, ինչպես նաև Հզբոլահի մարտիկների ու սիրիական կառավարական ուժերի գործողություններին։
Հզբոլահը Սիրիայի տարածքում իր դեմ ուղղված հարվածին կպատասխանի Լիբանանի հարավից հարվածելով Իսրայելին, այդ թվում՝ իսրայելական միջուկային օբյեկտներին։ Այս պարագայում ռազմական գործողություններին, որպես Իսրայելի ռազմավարական դաշնակից ու անվտանգության երաշխավոր, կմիջամտի ԱՄՆ-ն։

Հաշվի առնելով Թրամփի վարչակազմի հակաիրանական ուղենիշը՝ Թել-Ավիվը կարող է սրել իրավիճակը Սիրիայում, որպեսզի այնտեղ չձևավորվեն Իրանի ռազմաբազաներ` ռազմա-ծովային ու ցամաքային։ Սակայն հարվածել Իրանի զինված ուժերին նշանակում է casus belli ստեղծել, ինչը հղի է Իրան-Իսրայել ուղիղ առճակատման վտանգով։ Լավագույն սցենարն այս պարագայում Սիրիայում խաղաղության հաստատումից հետո Հզբոլահի վերադարձն է Լիբանան, Իրանի Ալ-Կոդս խմբավորումների վերադարձն Իրան, ինչը կարող է նվազեցնել լարվածության աստճիանն ու Իսրայելին հետ պահել կանխարգելիչ հարվածներից` Սիրիայում ու Լիբանանում իրանական, շիայական ուժերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել