Image result for Ջրի աղտոտումՄարդկային գործունեությունը ժամանակի ընթացքում հանգեցրել է լուրջ խնդիրների` կապված ինչպես ջրի որակի, այնպես էլ քանակի հետ: Աղտոտումը և գետերի, լճերի ֆիզիկական փոփոխությունների ազդեցություններն ամենատարածված ջրային խնդիրներն են: Ջրի աղտոտում կարող է առաջանալ կետային աղբյուրներից, օրինակ` արտադրությունից և կեղտաջրերի մաքրման կայաններից արտանետումները, և ցրված, օրինակ` գյուղատնտեսությունից: Ջրային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրների վերհանումը գետավազանային պլանավորման գործընթացում առաջնային քայլերից մեկն է, որի արդյունքում էլ հնարավոր է լինում մշակել համապատասխան լուծումներ և միջոցառումներ, ինչպես նաև ընդունել և իրականացնել պլանը:

Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքը, որը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում, սահմանակից է Վրաստանին և Թուրքիային, իսկ վերջինիս հետ ունի նաև անդրսահմանային բնույթ, մշտական հսկողության կարիք ունի: Տարածքը ներառում է Ախուրյանի և Մեծամորի գետավազանները և զբաղեցնում է 5029 կմ2 մակերես Հայաստանի Հանրապետության տարածքում:

Կոմունալ կեղտաջրերի հեռացումը պատշաճ կերպով չի իրականացվում, ինչի արդյունքում գետերի մեջ են լցվում օրգանական եւ անօրգանական աղտոտիչ նյութեր: Սննդի արդյունաբերության կեղտաջրերը կոյուղու համակարգի միջոցով թափվում են գետեր` էական վտանգի ենթարկելով ջրի որակը: Աշոցքի տարածաշրջանի երկաթի եւ մոլիբդենի հանքավայրերից դրենաժային ջրերը, շինարարական նյութերի արդյունահանման և վերամշակման հետ միասին, նույնպես հանդիսանում են էական կետային աղտոտման աղբյուրներ: Չմաքրված կեղտաջրերի ներթափանցումը բերում է ֆոսֆորի, ազոտի և օրգանական միացությունների կոնցենտրացիաների ավելացման: Հատկապես վտանգված է Գյումրիից մինչև Կարկաչուն գետ հատվածում Ախուրյան, գետի ստորին հոսանքների և Արմավիր, Թալին, Մեծամոր քաղաքներից ներքև հատվածում Մեծամոր գետի ջրի որակը: Արդյունաբերական գործունեությունների արդյունքում պիլոտային ավազանների ջրերում ավելանում են վնասակար նյութերի կոնցենտրացիաները։

Նշված խնդիրների լուծման նպատակով կառավարության կողմից հավանության է արժանացել Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի 2017-2022թթ. կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները: Նախագծով հաշվարկվել են Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական և ազգային ջրային պաշարը: 2016-2022թթ. ժամանակահատվածի համար կատարվել է Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի ջրառաջարկի և ջրապահանջարկի վերլուծություն` տնտեսության զարգացման ելակետային սցենարով: Կատարված վերլուծությունները կնպաստեն նաև Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարմանը: Ավելին՝ առաջարկվում են Ախուրյանի ջրավազանային տարածքում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ` 2017-2018թթ., իրավական բնույթ կրող միջոցառումներ:

Հստակեցվելու են Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի ջրօգտագործողների ներառյալ՝ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները:
Միջոցառումների իրականացումը շատ կարևոր է, քանի որ որոշման ընդունմամբ հնարավոր կլինի Ախուրյանի ջրավազանային տարածքում հասնել ջրային ռեսուրսների լավ էկոլոգիական կարգավիճակի, ինչպես նաև աջակցել ջրային ռեսուրսների կառավարման համար պատասխանատու մարմիններին, վարչական մարմիններին, քաղաքականությամբ զբաղվողներին և հանրությանը` ջրային ռեսուրսների ոլորտում որոշումներ կայացնելիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել