1487414361Araratnews.am-ը գրում է.

Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան աշխատակիցները հանդիպել են ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ. այդ մասին Trend գործակալությանը հայտնել է նրա փաստաբան Էդուարդ Չերնինը:

Փաստաբանը նշել է, որ Լապշինի հետ հանդիպումը տեղի է ունեցել Բաքվի թիվ մեկ քննչական մեկուսարանում: Դեսպանատան ներկայացուցիչները հետաքրքրվել են բլոգերի ինքնազգացողությամբ և ծանոթացել նրա պահման պայմաններին:

Փաստաբանը հավելել է, որ հանդիպել է իր պաշտպանյալի հետ մարտի 9-ին, և որ Լապշինը հեռախոսով զրուցել է նաև իր մոր հետ:

Նշենք, որ Լապշինի դեմ երկու քրեական գործ է հարուցված, որով նրան սպառնում է 8-15 տարվա ազատազրկում:

Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանը մերժել էր ռուս-իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու որոշման դեմ ներկայացված բողոքը, և նույն օրը բլոգերին արտահանձնել էին Բաքու:

Հիշեցնենք, որ Մինսկի ոստիկանությունը Լապշինին ձերբակալել էր 2016-ի դեկտեմբերի 15-ին, ով բնակվում է Մոսկվայում և գրում ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա հետախուզվում է Ադրբեջանում՝ 2011-ի ապրիլին, 2012-ի հոկտեմբերին և 2016-ի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011-ին նրան ներառել էր իր կողմից հետախուզվող անձանց ցուցակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել