Օրերս Երևանում դիմահարդարման դասընթացներ անցկացրեց Ղրիմում ապրող մեր հայրենակցուհի, դիմահարդար, ոճաբան ու «Шоппинг со стилистом» հաղորդման վարող Լյուսինե Օգանիսյանը:

Ի՞նչ կարծիքի է Լյուսինեն Հայաստանում աշխատող դիմահարդարների մասին, որքա՞ն հաճախ է նա լինում Երևանում և առաջիկա ի՞նչ պլաններ ունի նա՝ Հայաստանի հետ կապված. այս և հետաքրքիր այլ թեմաների շուրջ Լյուսինեի հետ BlogNews-ի զրույցը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

- Լյուսինե,  որքա՞ն ժամանակ է՝ զբաղվում եք դիմահարդարմամբ, որտե՞ղ եք սովորել, որտե՞ղ եք աշխատում։

- Արդեն երեք տարի է՝ այս գործի մեջ եմ: Իքնուս եմ, ոչ մի տեղ չեմ սովորել, բայց մշտապես բարձրացրել եմ որակավորումս Մոսկվայում, Ուկրաինայում: Հաճախում եմ դիմահարդարման, վարսահարդարման, մարկետինգի մաստեր կլասների, այսինքն՝ ես  գիտելիքներ ունեմ բոլոր այն բնագավառներից, որոնք ի վերջո կապ ունեն դիմահարդարման հետ և, առհասարակ, ստիլիստիկայի հետ:

- Ո՞րն է Ձեր՝ Երևանում անցկացվող մաստեր կլասների նպատակը։

- Իմ նպատակը շատ ազնիվ է. ես ցանկություն ունեմ կիսվելու իմ գիտելիքներով և ունակություններով, որոնք ձեռք եմ բերել արտասահմանից՝ Ռուսաստանից, Եվրոպայից, որովհետև ուզում եմ, որ այստեղի դիմահարդարներն էլ աճեն, տեղում չդոփեն ու ավելացնեն իրենց գիտելիքները:

   

- Ուզո՞ւմ եք ասել, որ Հայաստանում դիմահարդարները հե՞տ են մնում աշխարհում հայտնի նոր թրենդերից։

- Այն, ինչ հիմա անում են Հայաստանում, շատ տարբեր է նրանից, ինչ պահանջված է աշխարհում, բայց ես բոլորովին չեմ մեղադրում տեղի դիմահարդարներին, որովհետև մեյքափ անելն առաջնահերթ աշխարհայացքի, ճաշակի հարց է ոչ միայն դիմահարդարի, այլ նաև հաճախորդի: Իմ աշակերտներին այս մաստեր կլասին ես արդեն ասել եմ, որ ցույց եմ տալիս նրանց տեխնիկան ու գործիքները, ինչպես ստանալ այս կամ այն, ինչ կվերցնեն նրանք այս ամենից, իրենց գործն է, իսկ ոգևորել ու նորն իրենց ցույց տալն արդեն իմ գործն է»:

- Մի փոքր կմանրամասնե՞ք Ձեր գործունեության մասին։

- 20 տարի ապրել եմ Ուկրաինայում: Դոնեցկում պատերազմի ժամանակ եկել եմ Հայաստան, ապրել այստեղ 2 տարի: Եկա և ուզում էի այստեղ աշխատել, սակայն ինձ համար այստեղ աշխատանք չգտնվեց, որովհետև ես չկարողացա նահանջել իմ սկզբունքներից ու դիմահարդարել այնպես, ինչպես բոլորը, և ես հեռացա Հայաստանից, ու մեկ տարվա ընթացքում դարձա այն, ինչ հիմա կամ: Ես հիմա պահանջված դիմահարդար եմ Ղրիմում, այնտեղ էլ վարում եմ «Шоппинг со стилистом» վերափոխումների մասին հեռուստահաղորդումը: Մասնագիտացել եմ նաև մարկետինգի մեջ ու ուզում եմ՝ ուրիշ դիմահարդարներին ևս զարգանան, առաջընթաց ունենան և ոգեշնչվեն:

- Այսօրվա սեմինարի մասնակիցներն ովքե՞ր են։

- Այսօրվա իմ սեմինարի մասնակիցները տարբեր մարդիկ են: Կան և՛ սկսնակ դիմահարդարներ, և՛ մարդիկ, ովքեր ունեն սեփական ստուդիաները: Բոլորի աչքերը, սակայն, միանման են փայլում այս սեմինարներին: Մասնակիցները նոր բաներ են տեսնում, սովորում, ոգևորված են, և կարծում եմ՝ այս ամենը նրանց շատ պետք կգա իրենց աշխատանքում:

- Դուք արդեն մի քանի անգամ նշեցիք, որ նոր ասելիք ունեք: Կպարզաբանե՞ք՝ ինչ նորությունների մասին է խոսքը. 

- Ամբողջ աշխարհում հիմա նորաձև է այն ամենը, ինչը բնական է՝ բնական մաշկ, հոնքեր, մաշկի երանգ: Արդեն պատմության գիրկն է անցել այդ կոշտ կոնտուրինգը, որը ժամանակին թելադրեց Քիմ Քարդաշյանը, ում ես շատ սիրում եմ, բայց նրա թրենդներն արդեն մերժված են մեյքափի աշխարհում: Հիմա նորաձևը Marc Jackobs-ի թելադրած թրենդն է, որը կոչվում է draping: Դա այն է, երբ կոնտուրինգն արվում է միայն երանգափոշով, ինչը շատ է թարմացնում: Հավանում են այդ թրենդը: Աղջիկներին այն թարմություն, երիտասարդություն է հաղորդում:

 

- Ասացիք, որ նատուրալիստական ոճի մեջ եք դիմահարդարում: Իսկ ինչպե՞ս եք վարվում, երբ հաճախորդը հստակ պահանջում է Ձեր ասած նույն կոշտ կոնտուրինգ, վառ դիմահարդարում։

- Հաճախորդին պետք է բացատրել՝ որն է լավը, որը՝ ոչ: Սակայն ամեն դեպքում վերջին խոսքը, իհարկե, հաճախորդինն է: Ես մասնագիտությամբ լրագրող եմ ու հետևաբար նաև հոգեբան եմ և կարողանում եմ կարդալ հաճախորդի մտքերը, ու երբ տեսնում եմ, որ նա չի ուզում լսել իմ խորհուրդները, ես անում եմ այնպես, ինչպես ինքն է ուզում՝ չանցնելով այն չափը, որի համար ես կամաչեմ ասել, որ սա իմ աշխատանքն է: 

- Կցանկանայի՞ք մնալ Հայաստանում և այստեղ աշխատել։

- Երբ ինձ ասում են՝ Լյուսի, մնա մեզ մոտ, ասում եմ, որ չեմ կարող, որովհետև այնտեղ՝ Ղրիմում, ես առաջիկա մեկ տարվա գրաֆիկ ունեմ կազմած ու հաճախորդներ ունեմ գրանցված: Մեծամասամբ հարսների դիմահարդարում եմ անում, ես նաև հարսանեկան ոճաբան եմ, կոմերցիոն շատ այլ նախագծերի եմ մասնակցում, ֆեշն ցուցադրությունների, որտեղ ես և՛ ոճաբան եմ, և՛ տեխնիկական դիմահարդար: Ես արդեն համոզվեցի, որ էլի կգամ, որովհետև այն, ինչը ես եմ անում, շատերին է դուր գալիս: 

Սեմինարից ստացված գիտելիքների ու տպավորությունների մասին զրուցեցինք նաև մաստեր կլասի մասնակիցներից դիմահարդար Աննա Սմբատյանի հետ. «ԸՆկերուհիս գիտեր, որ ես աշխատում եմ բնականին մոտ ոճի մեջ, չեմ սիրում վուլգար ու արհեստական` հիմա Հայաստանում տարածված դիմահարդարման ձևերը, և իմանալով, որ Լյուսին այստեղ մաստեր կլաս է անցկացնելու, զանգեց ու տեղյակ պահեց ինձ: Գտա Լյուսիին սոցցանցերում և հասկացա, որ այն, ինչ նա է անում, շատ է մոտ իմ ճաշակին ու աշխատելաոճին: Սա մեծ թարմություն բերեց մեզ՝ մասնակիցներիս, որովհետև այն, ինչ սովորեցինք, Հայաստանում ոչ ոք մեզ չէր սովորեցնի՝ նատուրալիզմ, մինիմալիզմ, քնքշություն, ճաշակ, շատ գոհ եմ»: 

 

Իսկ դերասանուհի Լիա Զախարյանը, ով Լյուսիի արած դիմահարդարմամբ շտապում էր նկարահանման, արդյունքի մասին այսպես արտահայտվեց. «Շատ գոհ եմ այս թեթև, բնական, թարմ արդյունքից: Հաճելի է, որ դիմահարդարումից հետո ես մնացի իմ տարիքի մեջ, այլ ոչ հասուն կնոջ վերածվեցի: Հատկապես կուզենայի նշել կորեկցիաների մասին: Շատ սահուն են անցումները, տպավորություն է, որ կորեկցիա արված չէ: Այս դիմահարդարմամբ սիրով կգնամ նկարահանումների՝ բնական, թեթև, աղջկական։ Ես գոհ եմ իմ տեսքից»:

 

Իսկ մեր զրույցի վերջում դիմահարդարն իր խոսքը ուղղեց նաև հայաստանյան դիմահարդարներին. «Ուզում եմ դիմել Հայաստանի այն դիմահարդարներին, ովքեր կկարդան այս նյութը. մի՛ վախեցեք այն ամենից, ինչը դուք չգիտեք ու չեք կարողանում անել, հնարավոր է՝ հենց դա էլ վախեցրել է այն դիմահարդարներին, ովքեր չեն եկել այսօր այս մաստեր կլասին, որովհետև նրանք այս ամենը չգիտեն, չեն տեսել և հավանաբար մտածում են, որ նրանք չեն կարող կամ էլ չեն ցանկանա այսպես դիմահարդարել: Միշտ պետք է կատարելագործվել: Թող նայեն իմ աշխատանքները, կապվեն իմ ադմինիստրատորների հետ, ես միշտ օնլայն եմ՝ Instagram, Facebook, VK: Եվ եթե մինչև աշուն խումբ հավաքվի, ապա հնարավոր է նորից գամ՝ էլ ավելի նոր ու թարմ գիտելիքներով, նոր ներշնչանքով»:

Նշենք, որ երկօրյա դասընթացների ավարտին բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր:

 

 Հարցազրույցը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Նարեկ Բաղիրյանի և Լյուսինե Օգանիսյանի անձնական արխիվի

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել