Похожее изображениеՍիրիայում իսլամականների կենտրոն ալ-Ռակկան ազատագրելու հարցում Թուրքիան չի շտապում: Ավելին՝ թուրքերը նշում են, որ նույնիսկ ԱՄՆ-ն վերջնականապես չի կողմնորոշվել, թե որ ուժերը պետք է ազատագրեն ալ-Ռակկան:
Սակայն Անկարայի համար մյուս գլխացավանքի՝ քրդերի (Թուրքիան ահաբեկչական է որակում քրդական Դեմոկրատական միություն կուսակցությունը-PYD և նրա ռազմական թևը՝ Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը-YPG՝ վերջիններին համարելով Քրդական աշխատավորական կուսակցությանը-PKK հարող կառույցներ) հարցում թուրքերը կարծես կողմորոշվել են: Թուրքիան հայտարարում է, որ Սիրիայում իրենց զինուժի ու նրանց հովանու տակ գործող սիրիական ընդդիմադիր խմբավորումների նպատակը քրդերի կողմից ղեկավարվող Մանբիջն ազատագրելն է:
Թուրքական զինուժը Մանբիջի հարակից հատվածներից բավական ինտենսիվ ռմբակոծություններ է իրականացնում քրդերի ուղղությամբ: Գիտենք, որ այս հատվածում տեղակայված են նաև սիրիական կառավարական ուժերը (քրդերը որոշ տարածքներ հանձնեցին սիրիական բանակին թուրքական բանակի հետ բախումներից խուսափելու համար), և այս վերջին ժամերին տեղեկություններ են հասնում, որ բացի քրդերից՝ սպանվում են նաև սիրիական բանակի զինվորներ:
Վերոհիշյալից կարելի է եզրակացնել, որ Անկարան վճռական է տրամադրված Մանբիջը քրդերից մաքրելու հարցում: Թուրքական զինուժը փորձելու է շարժվել Մանբիջի ուղղությամբ, իսկ թե ինչ կստացվի դրանից, ժամանակը ցույց կտա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել