Картинки по запросу Ուկրաինա–ԱդրբեջանՄարտի 13-14-ը Կիևում կայանալու է ադրբեջանա-ուկրաինական բիզնես ֆորումը։ Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորելու է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը։
Ուկրաինան պայմանավորվել է Ադրբեջանի հետ 1,3 միլիոն տոննա նավթ ներկրելու շուրջ։ Իսկ այժմ ադրբեջանական նավթի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև լեհերը։

Ադրբեջանական նավթը լեհական գործարաններում ցանկանում է տեսնել լեհական խոշոր նավթավերամշակող Lotos խումբը։ Լեհաստանի հետաքրքրությունը նախադրյալներ է ստեղծում «Բաքու-Թբիլիսի-Փոթի-Օդեսա-Բրոդի-Ադամովո-Պլոցկ-Գդանսկ» նավթատրանսպորտային միջանցքի վերականգնման համար։
Կիևն ու Բաքուն տարիներ շարունակ ռազմավարական գործընկեր են ու կազմում են, այսպես կոչված, էներգետիկ-տրանսպորտային տանդեմ։ Ադրբեջանն արդեն պատրաստ է ընդունել Ուկրաինայից դեպի Կենտրոնական Ասիա ուղղվող բեռների ամբողջ հոսքը: Այդ մասին հայտնել է ադրբեջանական երկաթուղիների մամուլի խոսնակ Նադիր Ազմամեդովը՝ հավելելով, որ Ուկրաինան արդեն դիմել է իրենց Ալյաթիի նավահանգստով բեռների տեղափոխությանը հոսքն ավելացնելու խնդրանքով: Ազմամեդովը նշել է, որ իրենց են դիմել նաև Լեհաստանն ու մերձբալթյան երկրները՝ Ալյաթիի նավահանգստի հզորություններն օգտագործելու խնդրանքով:

Նրա խոսքով՝ Ադրբեջանով անցնող ուղին այժմ շատ է անհրաժեշտ Ուկրաինային, սակայն դեռևս սակագները բարձր են: ՎՈՒԱՄ-ի երկրների շրջանակներում նախատեսվում է նվազեցնել սակագները: Նոր ուղղությունն անցնելու է Ուկրաինայի, Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով: Ըստ նրա՝ այդ ուղին դառնալու է ՌԴ-ով դեպի Ղազախստան ու Ղրղզստան այլընտրանքային ուղի:

Բացի այդ՝ Ադրբեջանն ու Ուկրաինան զարգացնում են նաև ռազմական համագործակցությունը, ինչը սպառնալիք է ներկայացնում ՀՀ ազգային անվտանգության ու մեծացնում ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման հավանականությունը։ Ուկրաինան և Ադրբեջանը քննարկել են ադրբեջանական ձեռնարկություններում հակատանկային հրթիռային համակարգերի արտադրության հնարավորությունները, հաղորդում է «Укрспецэкспорт» կազմակերպության մամլո ծառայությունը։

Ադրբեջանն Ուկրաինայում սկսել է 10 նոր AН-178 ռազմատրանսպորտային ինքնաթիռների գնման գործընթացը:
Վերջերս Կիևի մոտակայքում տեղի է ունեցել նոր ինքնաթիռի թռիչքը և այն փոխանցվել է «Silkway Azerbaijan» ընկերությանը:
Ընդհանուր առմամբ՝ Ուկրաինան հանդիսանում է Ադրբեջան զենքերի և ռազմական տեխնիկայի ակտիվ մատակարարներից մեկը: Ուկրաինական պետական «Спецтехноэкспорт» ձեռնարկությունն Ադրբեջանի պատվերով մշակել է «Тайпан» մարտական մոդուլը։

Ընկերության տնօրեն Պավել Բարբուլի խոսքով՝ դա ձեռնարկության ամենահաջողված արտադրանքն է։ «Тайпан»-ը չի զիջում արևմտյան զինատեսակներին, սակայն ավելի էժան է։ «Тайпан»-ը կարող է հեռակառավարվել և ծառայել որպես ստատիկ մարտական կրակակետ։ Դրա շնորհիվ հնարավոր է ստեղծել պաշտպանական մի քանի գծեր, իսկ զինվորները կարող են «Тайпан»-ը կառավարել պաշտպանված հենակետերից։

Ուկրաինան նախորդ տարի Ադրբեջանին է փոխանցել Բալթիկ ծով-Սև ծով-Կասպից ծով միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու առաջարկը: Այդ առաջարկն առավել մեծ հետաքրքրություն է ստանում ռուս-ուկրաինական հարաբերությունների հետագա սրման և Կիևը ՌԴ-ից վերջնականապես հեռացնելու ԱՄՆ-ի ռազմավարության տեսանկյունից:

Ուկրաինան ցանկանում է ունենալ կասպյան տարածաշրջանի հարուստ նավթագազային շրջաններ դուրս գալու տրանսպորտային միջանցքներ՝ Մոսկվայից գազային կախվածությունը նվազեցնելու համար: Այդ տեսանկյունից ադրբեջանա-ուկրաինական էներգետիկ-տրանսպորտային միջանցքի կառուցումն ունի իրական հեռանկարներ՝ հաշվի առնելով Բաքվի ու Կիևի ռազմա-քաղաքական սերտ, ռազմավարական հարաբերությունները, այդ թվում՝ ՎՈՒԱՄ-ի շրջանակներում:
«ՎՈւԱՄ»-ը (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1997թ.-ին հոկտեմբերի 10-ին` Ստրասբուրգում Եվրոպայի Խորհրդի նիստի շրջանակներում: «ՎՈւԱՄ»-ի կանոնադրության համաձայն՝ այդ կազմակերպության գլխավոր նպատակը անդամ երկրների միջև տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար հարաբերությունների ամրապնդումն է:

ԱՄՆ-ն փորձում է ակտիվացնել «ՎՈւԱՄ»-ի հատկապես էներգետիկ բաղկացուցիչը՝ ցանկանալով այդ երկրների տարածքը օգտագործել ռուսական վերահսկողությունից դուրս և Ռուսաստանի սահմանների երկայնքով ձգվող նոր էներգետիկ-կոմունիկացիոն միջանցք ձևավորելու համար:

Դա պետք է ապահովի էներգետիկ ռեսուրսների անխափան մատակարարումը Կասպյան ավազանից (Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան) դեպի ԵՄ և Ուկրաինա: Ադրբեջանա-ուկրաինական հարաբերությունների կարևոր բաղկացուցիչներից է ռազմա-տեխնիկական համագործակցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել