Կիսելյով-Սոլովյով բանավեճը ավելի շուտ եկավ արձանագրելու, որ հայ լրագրությունը իրականությունից կիլոմետրերով հեռու է․ դա առաջին։ Երկրորդ՝ ռուսները հայ-ռուսական հարաբերությունների վերջին ժամանակաշրջանի վատթարացման համար գլխավորապես մեղավոր են համարում հայերին, ու կարելի է ասել՝ ճիշտ էլ անում են, որովհետև, չգիտես ինչու, մեր հասարակությանը թվում է, թե ռուսների կամ, առհասարակ, ինչ-որ այլ գերտերության պարտականությունների մեջ անպայմանորեն մտնում է օգնել հայերին։ Տեսեք, անդրադառնալով ապրիլյան քառօրյայի ընթացքում տեղի ունեցող իրադարձություններին ու Ռուսաստանի վարքագծին՝ Վլադիմիր Սոլովյովը հայտարարեց, որ, ճիշտ է, Ռուսաստանը միգուցե այնքան էլ լավ ընկեր չէ, սակայն միշտ կշտապի օգնության։ Անկախ նրանից՝ սա ճիշտ է, թե ոչ, շեշտադրումը հետևյալն է՝ եթե հանկարծ նույնիսկ այնպես պատահի, որ սկսեք վարի գնալ, Ռուսաստանը կհասնի ու կփրկի ձեզ, չեք կործանվի։ Իսկ, կներեք, ո՞վ է ասել, որ Հայաստանի գլխավոր նպատակը գոյատևելն է։ Այն, որ ռուսները մեզ հետ այդպես են խոսում, մեղավոր ենք մենք, որովհետև, որպես պետություն, լավ չենք ձևակերպում մեր ազգային շահն ու գլխավոր նպատակները, արտաքին աշխարհի հետ հարաբերվելու մեր մոտեցումները։

Եվ ճիշտ է Սոլովյովի այն հարցադրումը՝ ով է, իսկապես, Հայաստանի դեսպանը Ռուսաստանում։ Ինչ-որ մեկը գիտի՞ դրա մասին, տեղյա՞կ է, թե ինչ է տեղի ունենում քաղաքական դաշտում, հայ-ռուսական հարաբերություններում, թե ոչ։ Սրանք շատ լուրջ խնդիրներ են, ու իրականում արտաքին քաղաքականությունը ներքին կոնֆիգուրացիաներից տարբերվում է նրանով, որ այստեղ շփման մեթոդիկան ուրիշ է, ու դիվանագիտությունը քյանդրբազության հետ չպետք է խառնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել