Image result for алиев в иране 2017Ադրբեջանի նախագահ Ալիևի այցը Իրան ուշագրավ էր առաջին հերթին թուրք-իրանական հարաբերություններում խորացող հակասությունների համատեքստում։ Այս առումով Ալիևը դժվար թե գնար Թուրքիայի կամքին հակառակ, ուստի այցելությունը Իրան ամենայն հավանականությամբ ի սկզբանե համաձայնեցված է եղել առաջին հերթին պաշտոնական Անկարայի հետ։ Այս այցելությամբ Ալիևը մի կողմից փորձում է միջնորդի դեր ստանձնել Թուրքիայի ու Իրանի միջև տարաձայնությունների հարթման հարցում։ Մյուս կողմից՝ այս քայլով ադրբեջանական կողմը ի ցույց է դնում Մոսկվային ու Թեհրանին այն մոտեցումը, ըստ որի՝ Ադրբեջանը ամենևին էլ չի գտնվում Թուրքիայի ազդեցության գոտում և կարողանում է տարածաշրջանային հարցերում ինքնուրույն քաղաքականություն վարել։ Պատահական չէր, որ այցելության ընթացքում կողմերը քննարկել են, այսպես կոչված, Թեհրան-Բաքու-Մոսկվա ձևաչափի զարգացման տնտեսական ու քաղաքական հեռանկարները։ Թեհրան-Բաքու-Մոսկվա ձևաչափը Ալիևը կարևորում է նաև արցախյան հակամարտության կարգավորման հարցում՝ փորձելով սեպ խրել վերջին շրջանում ակտիվացած Իրան-Հայաստան, Ռուսաստան-Հայաստան համագործակցության ուղղություններով։ Ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար կարևոր նշանակություն ունի հարավկովկասյան ուղղությամբ ցամաքային հաղորդակցությունների այլընտրանքային ուղիների վերականգնման՝ ռուսական կողմի վերջին նախաձեռնությունները ամեն գնով տապալելու հարցը։ Ուստի այցելությունը նաև միտված էր տարածաշրջանային տնտեսական այդ նախաձեռնություններից Հայաստանի դուրսմղմանը և Թեհրան-Երևան-Մոսկվա ձևաչափի ձախողմանն առհասարակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել