Картинки по запросу գագիկ համբարյանՄարտի 5-ից Հայաստանում մեկնարկեց ապրիլի 2-ին տեղի ունենալիք Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը։ Միակ քաղաքական ուժը, որն իր քարոզարշավը սկսեց արտաքին քաղաքական խնդիրներին անդրադառնալով, կոնկրետ արցախյան հիմնախնդրի լուծումից, Հայ ազգային կոնգրես կուսակցությունն էր։ Հարգարժան Լևոն Զուրաբյանը ընտրողներին համոզում է, որ նրանք «խաղաղության կուսակցությունն» են ներկայացնում։ Այսինքն՝ մյուսները «պատերազմի կուսակցություններ» են։ Զուրաբյանը ցանկանում է խաղաղություն հաստատել մեր հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Ինձ համար զարմանալին այն է, որ կա՛մ պարոն Զուրաբյանը բացարձակ տեղյակ չէ Ադրբեջանի սուլթանի հռետորաբանությունից, կա՛մ էլ համոզված է, որ ՀՀ քաղաքացիները տեղյակ չեն այդ մասին, որ այդպիսի խաղաղասիրական կոչերով է հանդես գալիս։
Ես ինքս էլ եմ ցանկանում, որ ՀՀ-ն բարիդրացիական հարաբերություններ ունենա իր բոլոր հարևանների հետ։ Սակայն այստեղ հարցը հետևյալն է՝ ի՞նչ գնով։ Պարոն Զուրաբյանն ասում է. «Փոխզիջումների միջոցով պետք է հասնենք արցախյան խնդրի վերջնական կարգավորման»։ Համաձայն եմ։ Բայց Ադրբեջանում փոխզիջում ասելով այլ բան են հասկանում։ Նրանց փոխզիջումը Հայաստանի և Արցախի կապիտուլյացիան է։ Թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ խաղաղասիրություն քարոզող ՀԱԿ-ում շատ լավ տեղյակ են, որ «ռացիոնալ մտածելակերպ ունեցող» Իլհամ Ալիևը հայատյացությունը Ադրբեջանում քարոզում է պետական մակարդակով, իսկ հային սպանողին էլ հասցնում ազգային հերոսի կարգավիճակի։ Օրինակները բազմաթիվ են։
Ադրբեջանի բռնապետն ընդհանրապես կասկածի տակ է դնում հայ ժողովրդի՝ իր պատմական Հայրենիքի մի մասում ապրելու իրավունքը՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»։
ՀԱԿ-ն ասում է. «Պետք է Մադրիդյան սկզբունքները կյանքի կոչել»։ Շատ լավ։ Բայց ինչպե՞ս կյանքի կոչել, եթե «ռացիոնալ մտածելակերպ ունեցող» Ալիևը պարզապես անտեսում է դրանք։
Հայաստանում շատ խնդիրներ կան, և դրանք բարձրաձայնելը ավելի կարևոր է մեր հասարակության համար, քան թուրքերի նկատմամբ խաղաղասիրություն քարոզելը։ Ուրախ կլինեմ, եթե ՀԱԿ-ականները դրանց մասին բարձրաձայնեն և լուծման միջոցներ առաջարկեն, հասնեն իշխանության և պարտադրեն Բաքվին ընդունել արցախյան հարցի լուծման փոխզիջումային տարբերակը։
Պետք է քարոզել ոչ թե խաղաղասիրություն թուրքի նկատմամբ, ով դա ընդունում է որպես ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆ, այլ մեթոդներ, թե ինչպես ՊԱՐՏԱԴՐԵԼ թուրքին ընդունել այդ նույն Մադրիդյան սկզբունքները, որոնց մասին բարձրաձայնում է ՀԱԿ-ը։ 
Ի դեպ՝ ադրբեջանական, այսինքն՝ ալիևյան ԶԼՄ-ներում ՀԱԿ-ի խաղաղասիրությունն ընդունվում է որպես պարտվողականություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել