Image result for ցեղասպանություն ձեռնարկԵրկու խոսք ուսուցիչների համար նախատեսված հայոց ցեղասպանության ձեռնարկի վերաբերյալ: Անկախ նրանից` ձեռնարկը օգտակար է թե ոչ, անհրաժեշտ է դրա կիրառությունը թե ոչ, համացանցում ձեռնարկի շուրջ ծավալված գրառումներում ու մեկնաբանություններում տեղ գտած զավեշտը, ծաղրը իսկապես անթույլատրելի են ցեղասպանություն վերապրած ժողովրդի սերունդների համար: Զարմանալիորեն այդ մեկնաբանություններում «ցեղասպանություն» բառը այնքան հոլովվեց ու արժեզրկվեց, որ չես հասկանում` ինչպես և ինչու կարող են ցեղասպանություն վերապրած ժողովրդի սերունդներում առհասարակ նման մոտեցումներ կամ արժեքային ընկալումներ լինել խնդրի հետ կապված: Տպավորություն է ստեղծվում, որ կամ մենք այնքան էլ լավ չենք պատկերացնում ինչ ասել է` ցեղասպանության ենթարկել ամբողջ մի ազգի, կամ էլ պարզապես միգուցե խնդիրներ ունենք հավաքական հիշողության շարունակականության առնչությամբ: Երկու դեպքում էլ իրավիճակը ցավալի է, քանի որ նույն ցեղասպանության դրսևորումներին ականատես եղանք ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում:
Ինչ վերաբերում է բուն ձեռնարկի կիրառության օգտակարության հարցին, ապա այստեղ անհրաժեշտ է հստակեցնել, որ Հայաստանը և հայությունը պետք է իրենց մարդկային ու մտավոր ռեսուրսները կենտրոնացնեն Հայաստանի (ԱՀ) և հայության պաշտպանական անվտանգության արդյունավետության բարձրացման, Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ: Իհարկե, մեզ անհրաժեշտ է հետևողական լինել հայերի դեմ իրագործված ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի նկատմամբ, սակայն կարիք ունենք Հայաստանի ու հայության առաջնահերթությունների վերանայման: Այս տեսանկյունից, ցեղասպանության ձեռնարկի փոխարեն կարելի էր ֆինանսական միջոցներ հատկացնել նույն ուսուցիչների համար քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ ձեռնարկի պատրաստմանը և տարածմանը, քանի որ երկիրը գտնվում է փաստացի պատերազմական վիճակում, և հասարակության քաղաքացիական պաշտպանության արդյունավետության բարձրացման հարցն առավել քան ակտուալ է:
Մյուս կողմից, մեզ հարկավոր է ձերբազատվել «զոհի» կերպարից, ինչը բավական արմատացած է մեր ժողովրդի շրջանում: Վերապրելով ցեղասպանությունը` հայ ժողովուրդը շարունակում է գոյատևել, պահպանում է իր պետականությունը, ուստի ցեղասպանությունը մեր հավաքական հիշողությունում ողբերգությունից պետք է դառնա հաղթանակ` սերունդների շարունակականության առումով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել