Շարունակում ենք գրել 20-րդ դարի բռնապետերի մասին: Նախորդ հոդվածում խոսվեց Կամբոջայի բռնապետ Պոլ Պոտի մասին: Այժմ կխոսենք կոմունիստ բռնապետ Մաո Ցզեդունի մասին: Մաո Ցզեդունը համարվում է 20-րդ դարի ամենասարսափելի բռնապետերից մեկը:

Նրա կառավարման ժամանակաշրջանում Չինաստանը պարզապես դժոխքի վերածվեց: Հենց Մաոյի կառավարման շրջանում տեղի ունեցավ «Մեծ սովը», որի ժամանակ, տարբեր տվյալներով, ավելի քան 50 միլիոն մարդ մահացավ: 1949 թվականի հունվարին Մաո Ցզեդունը, հաղթելով քաղաքացիական կռիվներում, իր բանակով գրավեց Պեկինը: Հետագայում արդեն նույն թվականի հոկտեմբերին չինացի կոմունիստները վերջնականապես եկան իշխանության:

Պատերազմներից հյուծված չինացիները մեծ հույսեր էին կապում կոմունիստների հետ: Սակայն, կյանքը ցույց տվեց, որ Մաոն իր ժողովրդին բազմաթիվ արհավիրքների առջև կանգնեցրեց: Մաո Ցզեդունը ծնվել է 1893թ. դեկտեմբերի 26-ին Խունան նահանգում: Պատանեկան տարիքից սկսած Մաոն մեծ սեր ուներ կարդալու հանդեպ: Դպրոցում նա փայլուն առաջադիմություն ուներ: Տղան հետաքրքրվում էր պատմությամբ և ժամերով կարող էր գիրք կարդալ: Երիտասարդ տարիքում, լքելով տունը, Մաոն սկսեց ապրել իր ուսանող ընկերներից մեկի տանը: Արդեն 1920-ականներին Մաոն սկսեց անդամակցել ընդհատակում գործող կոմունիստական կուսակցությանը: Հետագայում մասնակցելով պարտիզանական կռիվներին և կուսակցությունում տարբեր պաշտոններ վարելով՝ 1943թ. նա դարձավ քարտուղար: Ինչպես նշեցինք, 1949թ. կոմունիստները վերջնական իշխանության հասան: Այդ շրջանում Մաոն ձգտում էր լավ հարաբերություններ ունենալ ԽՍՀՄ հետ: Խորհրդային Միություն կատարած այցելության ժամանակ նա պետք է հանդիպեր իր կուռք Իոսիֆ Ստալինի հետ: Այնուամենայնիվ, Ստալինը բավականին վատ ընդունելության արժանացրեց Մաոյին: Բանն այն է, որ Մաոն մի քանի շաբաթ ստիպված էր սպասել մինչ Ստալինը կբարեհաճի ընդունել իրեն: Երկրների միջև ստորագրվեց բարեկամության մասին պայմանագիր, որի համաձայն՝ ԽՍՀՄ-ն իր դաշնակցին պետք է զենք և զինամթերք տրամադրեր, ինչպես նաև փորձագետներ, որպեսզի Չինաստանում բարեհաջող կերպով իրականացվի ԽՍՀՄ տնտեսական մոդելի կիրառումը: Բնականաբար, խոսքը կոլեկտիվացման մասին է: Այդ պայմանագիրը կախման մեջ գցեց Չինաստանին: Չինաստանը պետք է օժանդակեր ԽՍՀՄ-ին, ինչպես նաև հսկայական գումարներ վճարեր:

Իշխանության գալուց հետո Մաոն սկսեց հողային ռեֆորմներ իրականացնել: Այդ ռեֆորմների շրջանակներում, երբ պետականացվում էր հողը, սկսեցին առաջին բռնաճնշումները: Բռնաճնշումների հետևանքով մոտ 1 միլիոն հողատեր մահապատժի ենթարկվեց: Պատմաբանները նշում են, որ 1950-52 թթ-երը բռնաճնշումների սկզբնական փուլն էին: Հետագայում հողային ռեֆորմներից հետո, երբ հողը խլվեց խոշոր հողատերերից և տրվեց գյուղացիներին, սկսվեց կոլեկտիվացման գործընթացը: Այդ ժամանակ արդեն հողը խլվեց հասարակ գյուղացուց և տրվեց պետությանը: Հետագայում 1956թ. Խրուշչյովն իր հայտնի ելույթում դատապարտեց Ստալինին և նրա հանցագործությունները: Նա հրաժարվեց նաև բռնի կոլեկտիվացումից:

Հերթը Մաո Ցզեդունինն էր: Կոլեկտիվացումը սկսեց վերանալ, իսկ Մաոն իշխանության ներսում լրջագույն խնդիրներ սկսեց ունենալ: Իր հակառակորդներից ազատվելու համար Մաոն յուրահատուկ հնարքի դիմեց: Նա հայտարարեց, որ յուրաքանչյուր ոք ազատ կարող է արտահայտել իր տեսակետը: Այդ առիթից օգտվելով մտավորականները և շատ այլ մարդիկ սկսեցին քննադատել կոմունիստական կուսակցությունն և բուն համակարգը: Այնուհետև Մաոն սկսեց բոլոր քննադատներին դասակարգային թշնամի համարել: Դասակարգային թշնամիների մեջ էին մտնում կուսակացական գործիչներ, մտավորականներ և շարքային քաղաքացիներ: Սկսվեց բռնաճնշումների նոր ալիք, որի զոհը դարձան մինչև 1 միլիոն մարդ: Նրանց զգալի մասը մահացավ համակենտրոնացման ճամբարներում: Դրանից բացի՝ մոտ 300 հազար մարդ ուղակրվեց Գոբի անապատում գտնվող Չայ Բեն Գոույի համակենտրոնացման ճամբար: Այդ մարդկանց 70 %-ը մահացավ: Պատմաբանները նշում են, որ այդ տարիներին բռնաճնշումների էին ենթարկվում շրջխորհուրդների ղեկավարները և նրանց փոխարեն այդ պաշտոններին էին նշանակվում մարդիկ, ովքեր չունեին գաղափարական հենք և ընդամենը կամակատարներ էին: Ընդդիմությանը ֆիզիկապես վերացնելուց հետո սկսվեց «Մեծ ցատկի» ժամանակաշրջանը: Այդ շրջանում իշխանությունները հայտարարեցին, որ մոտակա 15 տարվա կտրվածքով նրանք ավելի շատ պողպատ կարտադրեն, քան Անգլիան: Սկսվեց շինարարական նախագծերի իրականացման մի ժամանակաշրջան, որի շրջանակներում ներգրավեց շուրջ 100 միլիոն գյուղացի, որոնք դատարկ ձեռքերով կառուցում էին ճանապարհներ, երկաթգծեր և ջրամբարներ:

Մաոն երբեմն այցելություններ էր կազմակերպում դեպի այն նահանգներ, որտեղ աշխատում էին գյուղացիները: Այցելությունների ժամանակ Մաոյի հետ էր կուսակցության երկրորդ դեմքը՝ Լյու Շաո Ցին: Այդ ճանապարհորդությունների ժամանակ Մաոն եկավ այն եզրահանգման, որ երկրում պետք է գործեն ժողովրդական կոմունաներ: Կոմունաները կոլեկտիվացման կարևոր փուլերից էին: Մեկ կոմունայում կարող էր լինել միաժամանակ մինչև 2 հազար ընտանիք: Աշխատանքային օրը սկսվում էր վաղ առավոտյան և ավարտվում երեկոյան: Մարդիկ տանջվում էին կոմունիստական գաղափարախոսությունը գովերգող երգերի տակ: Ընդհանրապես, կոմունան իրենից ենթադրում էր հասարակության նոր մոդելի ձևավորում: Հասարակություն, որտեղ անհատը լիովին զրկվում էր ինքնուրույնությունից և դառնում կոլեկտիվի անդամ: Վերացվեց անհատի սեփականությունը: Ստեղծվեցին անվճար մանկապարտեզներ և դպրոցներ, որպեսզի մայրերն իրենց ժամանակը նվիրեին ոչ թե երեխաներին, այլ համընդհանուր աշխատանքին: Ընտանիքի մոդելը վերացվեց և մարդիկ վերածվեցին զուտ գործիքի, որոնց աճեցնում էին աշխատեցնելու համար: Տղամարդիկ և կանայք առանձին էին ապրում: Վերահսկողություն էր սահմանված նույնիսկ նրանց սեռական կյանքի վրա: Շատերը փորձում էին սիրով զբաղվել թաքուն վայրերում: Առավել հաճախ դա տեղի էր ունենում դաշտերում: Սակայն շատ հաճախ այդ մարդկանց հայտնաբերում էին և հասարակական պարսավանքի ենթարկում: Մարդիկ սնվում էին կոմունայի ճաշարաններում: Նրանց արգելված էր սեփական նախաձեռնությամբ սնունդ պատրաստել: Սնունդը չէր բաշխվում բոլորին հավասարաչափ: Այն մարդիկ, ովքեր կարողանում էին օգտակար լինել գործի շրջանականերում, նրանք էին ամենաշատ և որակյալ սնունդը ստանում: Ժամանակակիցների գնահատմամաբ՝ մի ողջ ժողովուրդ սովամահ էր լինում, իսկ մի քանի կուսակցական գործիչներ ապրում էին ճոխության մեջ: Այդ ժամանակ կոմունաները վերածվել և դարձել էին իսկական զինվորական զորամասեր: Ուժեղացել էր նաև հակաարևմտյան քարոզը: Կոմունաներում տանջվող գյուղացիների աշխատունակությունը ցածր մակարդակի վրա էր: Կոմունայում գյուղացիները ձայնի իրավունք չունեին: Բոլոր որոշումները կայացնում էին կուսակցական չինովնիկները, ովքեր, պետք է նշել, որ շատ դեպքերում գործից գլուխ չէին հանում: Այս ամենը հանգեցրեց լրջագույն տնտեսական ճգնաժամի: Այնուամենայնիվ, Մաոն չէր հանձվում: Նա մրցելույթներ էր կազմակերպում կոմունաների միջև: Ամենաշատ քանակի արտադրանք ապահոված կոմունան ստանում էր արտոնություններ: Այնուամենայնիվ, այս ամենը բավարար չէր ահագնացող տնտեսական աղետի դեմն առնելու համար: Կոմունաների ղեկավարները փորձում էին ամեն կերպ տեղավորվել սահմանված ժամկետների մեջ:

Կուսակցության հաջորդ նպատակը տիեզերք արբանյակ ուղարկելն էր: Կոմունաների ղեկավարները ժամկետների ավարտին շատ հաճախ կեղծում էին տեղի ունեցած աշխատանքների արդյունքները: Այդ ժամանակ խաբվեցին նաև խորհրդային փորձագետները, որոնց չինացիները ցույց էին տվել մի քանի դաշտ, որտեղ գյուղացիները բարեհաջող աշխատել և առատ բերք էին ապահովել: Խաբեությունն ամենուրեք էր: Կոմունաները կառավարությանն էին հանձնում հսկայական քանակությամբ հացահատիկ: Հետագայում կառավարությունը նրանցից սկսեց խլել արդեն ամբողջը: Այդ իսկ պատճառով տնտեսական ճգնաժամն էլ ավելի խորացավ, քանի որ կոմունաներում ապրողները զրկվեցին հացահատիկից:

1959 թվականին գարնանը երկրում կատաստրոֆիկ իրավիճակ առաջացավ: Կուսակցական քարոզչությունը պնդում էր, որ հացահատիկն արտահանում էին այլ երկրներ, որպեսզի կարողանան մարել պարտքերը: Խոսքը Խորհրդային Միության մասին է: Ավելին, կուսակցությունը որոշել էր, որ նույնիսկ ժողովրդին սովամահ անելու գնով պետք է արտաքին պարտքը բավականին կարճ ժամանակահատվածում մարվի: Գյուղական համայնքներում մարդիկ սկսել էին սնվել ծառերի արմատներով և տերևներով: Կուսակցական գործիչներն այդ ժամանակ պատասխանատու էին երկրում գյուղացիների և կոմունաների շրջանում սնունդի տեղաբաշխման համար, սակայն նրանք այն աստիճան կոռուպացված էին, որ գյուղացիների ամբողջ հասանելիքն իրենց էին վերցնում, իսկ գյուղացին դատապարտվում էր մահվան: Մահվան դատապարտվեցին այն մարդիկ, ովքեր ի վիճակի չէին աշխատել: Այդ խմբի մեջ էին մտնում հղի կանայք, երեխաներ, տարեցներ: Նրանց մուտքն արգելված էր ճաշարաններ և նրանք մահանում էին իրենց տներում: Հետագայում Մաոյի խելագարությունը նոր երանք գտավ: Նրա պահանջի համաձայն՝ չինացիները 3 տարիների ընթացքում պետք է 100 միլիոն տոննա պողպատ արտադրեին:

Գործին կցվեցին նաև գյուղացիները: Այս ամենն էլ ավելի բարդացրեց սովամահ լինող գյուղացիների վիճակը: 1959թ. մարտ ամսին տեղի ունեցավ կուսակցության համագումարը, որի ընթացքում ճոխ կյանքով ապրող ղեկավարները պարում և ուրախանում էին: Պատմագրության մեջ ոմանք նշում են, որ Մաոն անտեղյակ էր գյուղական համայնքներում մոլեգնող սովի մասին: Իրականում, սակայն, Մաոն ոչ միայն տեղյակ էր, այլև գոհ էր այդ ամենից: Նա իր անձնական զրույցներում նշում էր, որ եթե բնակչության մի կեսը սովամահ է լինում, ապա մյուս կեսը սնվում է ինչպես, որ հարկն է: Հենց այդ համագումարում Մաոն հրամայեց ավելացնել հացահատիկի բռնագանձումը գյուղացիներից: 1959թ. ամռանը հերթական կուսակցական ժողովի նախաշեմին Մարշալ Պեն Դեխուայը Մաոյին ուղղված նամակում խնդրեց վերանայել տարվող տնտեսական քաղաքականությունը, քանի որ դրա հետևանքով միլիոնավոր մարդիկ էին մահանում: Մաոն պաշտոնանկ արեց պաշտպանության նախարարին:

Հետագա տարիները սարսափի ժամանակաշրջան էին: Գյուղերում մարդիկ մահանում էին սովից: Կոմունիստ զինվորները հայտնաբերում էին նրանց իրենց տանը, փքված մարմիններով և մահացած: Ժամանակակիցների պնդմամբ՝ գյուղացիներից շատերը կավ էին ուտում: Նույնիսկ այդ պայմաններում կոմունիստները հրաժարվում էին բացել հացահատիկի պահուստները, որպեսզի մարդիկ սնունդ ունենաին: Կոմունիստ զինվորականներն արգելում էին գյուղացիներին լքել իրենց բնակավայրերը: Ժամանակակիցներից մեկը նշում էր, որ գնացքով երթևեկելիս տեսնում էր, թե ինչպես են մարդիկ պատուհաններից այն կողմ ուտելիք աղաչում: 1959թ. ապրիլին Լյու Շաո Ցին դարձավ գլխավոր քարտուղար: Լյուն սկսեց «Մեծ սովի» պատճառների հետաքննությունը: Այդ ժամանակ Մաոն դեռ կուսակցության քարտուղար էր: Սկսվեց երկու գործիչների դիմակայությունը: Հետաքննության արդյունքում պարզվեց, որ սովի հետևանքով տասնյակ միլիոնավոր մարդիկ են մահացել: Մաոյի կողմնակիցներն այրեցին այդ փաստաթղթերը: Պատմաբանների տվյալներով՝ պահպանվել է մի փաստաթուղթ, որի հեղինակը բարձրաստիճան մի զինվորական է: Այդ փաստաթղթի համաձայն՝ չինովնիկներից մեկն իր հայրենի գյուղ այցելելիս ստուգել է դաշտերում թաղված մարդկանց աճյունները և չի հայտնաբերել այնտեղ նրանց դիերը: Քիչ անց նա տեսել է, թե ինչպես է կուսակցական ներկայացուցչի տանից ծուխ բարձրանում: Ներս մտնելիս նա տեսել է մի քանի մեծ կաթսաներ, որոնց մեջ մարդկանց մարմնի մասեր էին եփվում: Պատմաբանների տվյալներով՝ «Մեծ սովի» շրջանակներում հանիբալիզմի հազարավոր դեպքեր են գրանցվել: Մարդիկ գյուղերում ուտում էին իրենց մահացած բարեկամներին: Տվյալներից մեկի համաձայն՝ զինվորականները ստիպել էին գյուղացիներից մեկին ողջ-ողջ թաղել իր փոքրիկին, քանի որ տղան հաց էր գողացել: Մահացած էին հայտնաբերվել նաև նոր քարտուղար Լյու Շաո Ցինի ընտանիքի անդամները: Լյուն որոշեց դադարեցնել «Մեծ ցատկի» քաղաքականությունը: Նա բացահայտ մեղադրում էր Մաոյին այդ հանցագործությունների համար: Սովը շարունակում էր մարդկային կյանքեր խլել: Հետագայում իշխանությունների արմատական քայլերի շնորհիվ իրավիճակը փոքր-ինչ բարելավվեց: Գյուղացիները հնարավորություն ստացան սեփականություն ունենալ և ազատ շուկայական հարաբերություններ վարել: Աշխարհն այդ ժամանակ տեղյակ չէր Չինաստանում տեղի ունեցող սարսափների մասին: Չինացիներն ամեն կերպ խաբում էին իրենց երկրում գտնվող արտասահմանցի լրագրողներին և քաղաքական գործիչներին: Այդ համատեքստում նույնիսկ Ֆրանսիայի նախագահ Միտերանը Մաոյին համարեց մեծ հումանիստ: Ճակատագրական էր Լյու Շաո Ցինի և Մաոյի հանդիպումը, որի ժամանակ Լյուն նշեց, որ իրենք երկուսով մեղավոր են տասնյակ միլիոնավոր մարդկանց մահվան համար և պատմությունը չի ների նրանց: Դրանից հետո Մաոն արշավ սկսեց Լյու Շաո Ցինի դեմ: 1966թ. Պեկինի Տյանանմեն հրապարակում ուսանողների երթից սկսվեց «Մշակութային հեղափոխությունը», որը Մաոյի գլխավորած շարժումն էր՝ ընդդեմ կուսակցական ապարատում առկա այլախոհների: Հիմնական թիրախում Լյու Շաո Ցինն էր, ով ձերբակալվեց և 1969 թվականին մահացավ հենց բանտում: Վերոնշյալ հեղափոխությունը տևեց մինչև 1976թ. Մաոյի մահը: Այն 3 փուլով ընթացավ: Վերջինիս շրջանակներում լիովին փոխվեց կոմունիստկան կուսակցության չինովնիկների անձնակազմը: Այս համատեքստում մինչ 1970-ականների կեսերը շուրջ 5 միլիոն կուսակցական գործիչ բնռնաճնշումների ենթարկվեց: 1976թ. սեպտեմբերի 9-ին Մաոն կնքեց իր մահկանացուն՝ այդպես էլ պատասխան չտալով մարդկության հանդեպ կատարած իր հանցագործությունների համար:

Ընդհանրապես, Մաոյի քաղաքականության արդյունքում Չինաստանում «Մեծ սովի» տարիներին, տարբեր տվյալներով, 36-45 միլիոն մարդ մահացավ, ոմանք էլ կարծում են, որ այդ թիվը հասնում է 50 միլիոնի:

Դավիթ Ֆիդանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել