Սկզբունքի տեսակետից ոչ մի վատ բան չկա, երբ մարդը, որը նախկին ընտրությունների ժամանակ իշխանամետ է եղել կամ աչք է փակել, հիմա գալիս է հրապարակ եւ արմատական ընդդիմադիրի դիրքերից է խոսում: Սա ոչ միայն դատապարտելի չէ, այլեւ սկզբունքորեն գովելի է: Մի անգամ ձեւակերպել եմ հեղափոխության սկզբունքը՝ ով գալիս է հարթակ, այդ պահից լավ տղա է: Սա իմ հորինածը չէ, այլ օբյեկտիվ օրինաչափություն: (Հիմա այլ բան է, որ ես այս պահին հեղափոխական գործընթաց չեմ տեսնում, բայց խոսքը սկզբունքի մասին է): Բայց խնդիր այնուամենանիվ կա, եւ խնդիրն իրական այն է, որ մարդը, որը դիմում է այդ քայլին, եւ մանավանդ, եթե խոսում է ժողովրդավարությունից, պետք է ոչ թե սպասի, որ իր անցյալի թեման ԶԼՄ-ները բարձրաձայնեն կամ այլոք, այլ հենց ինքը պետք է բաց եւ հրապարակայնորեն բացատրի, թե ո՞րն է իր դիրքորոշման փոփոխության պատճառը կամ էլ փաստարկի, որ իր կարծիքով փոփոխություն չի եղել: Պարզ ասած՝ ասի՝ ղալաթ եմ արել, կամ ասի՝ լավ եմ արել՝ այն ժամանակ ուրիշ էր: Սա վերաբերում է այսօրվա հարթակից խոսող Սուրեն Զոլյանին եւ Անդրիաս Ղուկասյանին, որոնք 2008-ին բացարձակ այլ դիրքերից էին խոսում եւ գործում, քան այսօր: Եթե նրանք հրապարակային բացատրությունը տային կամ տան՝ չսպասելով, որ հարցը բնականից կառաջանա, ապա որեւէ խնդիր չէր առաջանա:

Հ. Գ. Ցանկացած մեկնաբանություն, որտեղ անարգալից վերաբերմունք կլինի Սուրեն Զոլյանի նկատմամբ, կհեռացվի: Անկախ ամենից՝ նա իմ ամենամոտիկ ընկերներից մեկի հայրն է, խնդրում եմ հաշվի առնել այդ հանգամանքն իմ անձնական էջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել