Պրն. Վարչապետ, մեր երկրում շատ ու շատ տարբեր բնույթի խնդիրներ կան, և դա, կարծում եմ, Դուք էլ գիտեք. բայց ես դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել։ Ուզում եմ, որ կառավարությունը քննարկի ոստիկանների, մանկավարժների, դասախոսների ու այս խավի բոլոր մարդկանց աշխատավարձերի բարձրացման հարցը. իսկապես դրա կարիքը շատ ունեն վերոնշյալ մասնագիտության տեր մարդիկ։ Ես գիտեմ, որ Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակը կայուն չէ. ավելին՝ շատերը չեն կարողանում նույնիսկ օրվա հացի խնդիր լուծել, և դա, կարծում եմ, ո՛չ միայն կառավարության, այլ պետության բոլոր օղակների, բոլոր պաշտոնատար անձանց, երկրի կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու ու արմատական բարեփոխումներ իրականացնելու շնորհիվ միայն կարելի կլինի լուծել, որն, իրոք, խեղդում է հայ հասարակության մեծամասնությանը։ Իմ խնդրանք-առաջարկն իսկապես կարևոր է այն իմաստով, որ ոչ միայն կտրուկ կնվազեն կոռուպցիոն ռիսկերը, այլև հենց այս խավն է հասարակության այն զգալի հատվածը, որն ունի գումարի կարիք, իր կարիքներն ու նորմալ կյանքով ապրելու տարրական պայմաններն ստեղծելու անհրաժեշտությունը։ Չնայած սրան՝ մեր հասարակությունում կան շատ մարդիկ, որոնք ոստիկան ու մանկավարժ չեն, բայց նորից ունեն գումարի, սոցիալական պայմանները բարելավելու կարիք, բայց ես հասկանում եմ, որ մեկ օրում հնարավոր չէ լուծել այս հույժ կարևոր ու հրատապ խնդիրները, պարզապես հավատում եմ, որ Դուք, Ձեր մարդկային հատկանիշներով, պրոֆեսիոնալ մոտեցմամբ մեր հասարակության հանդեպ մեծ պատասխանատվություն ստանձնելով, հասկանում եք դա ու ժամանակի ընթացքում այս խնդիրները մեր երկրում իսպառ կվերանան և դրանցից կմնան լոկ խոսակցություններն ու վատ հիշողությունները, իսկապես հավատում եմ։ Վստահ եմ, որ այս խնդիրը լուծելուց հետո մենք անմիջապես կնկատենք ոստիկանության և կրթական համակարգերում զգալի առաջընթացն ու այդ ոլորտներում աշխատող մարդկանց ընդգծված դրական վերաբերմունքը մեր պետության ու իշխանությունների և ինչու՞ չէ նաև հասարակության հանդեպ։ 
Անկեղծ, չէի գրի Ձեզ, եթե իսկապես ամեն օր ու ամեն քայլափոխի չլսեի հոգոցներն ու չտեսնեի ինձ ծանոթ ու անծանոթ ոստիկանների, մանկավարժների և դասախոսների ապրուստը, կենցաղային պայմանները, վատ դրությունը։ Ավելորդ չեմ համարում նշել՝ վստահ եմ, որ հասարակությունն ինձ կհասականա և կողջունի իմ այս քայլը։ Հուսով եմ՝ Դուք էլ կձեռնարկեք համապատասխան գործողություններ, որ իմ այս հորդորն անիմաստ չանցնի և մոտ ապագայում գոնե որոշ չափով ստանա իր լուծումը:
Հարգանքներիս հավաստիքը պրն. վարչապետ։

Ջերմ ողջույնով և հարգանքով՝
ՀՀ քաղաքացի, ԵՊՀ ուսանող Սմբատ Ղահրամանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել