Սիրիայի հյուսիսում ծավալվող գործընթացների համատեքստում որոշակիորեն պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել մերձավորարևելյան հիմնախնդիրներում ներգրավված արտաքին հիմնական դերկատարներից Վաշինգտոնի համար: Մասնավորապես, ամերիկյան ինչպես նախկին, այնպես էլ ներկա վարչակարգերը որևէ կերպ չեն կարողանում հարթել սիրիական հակամարտության շրջանակներում իրենց 2 հիմնական դաշնակիցների՝ տարածաշրջանում կարևորագույն գործընկերներից Թուրքիայի և սիրիական ցամաքում առանցքային դաշնակից «Քրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) միջև հակասությունները: Նշված նպատակներից պաշտոնական Անկարայի համար առավել կարևոր նշանակություն ունեն, բնականաբար, առաջին 2-ը, որոնց առարկայացումը, հատկապես Ալ-Բաբից «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման նահանջի պայմաններում գրեթե իրականություն է դարձել:

Մինչդեռ ինչպես և սպասվում էր ի սկզբանե, թուրքական կողմը չէր բավարարվելու միայն ԻՊ-ի դեմ գործողություններով՝ ոչ պակաս ակտիվ հարձակումների թիրախում պահելով նաև YPG-ի դիրքերը՝ նպատակ ունենալով ամբողջովին ջլատել քրդական զորամիավորումների ներուժը: Եվ ահա սահամանամերձ Ջարաբլուսից ու Ալ-Բաբից ԻՊ-ին հեռացնելուց հետո թուրքական ԶՈՒ-ի և նրանց հովանավորյալ «Սիրիական ազատ բանակի» որոշ միավորումների թիրախում է հայտնվել քրդական կարևորագույն հենակետերից Մանբիջ քաղաքը, որի դեմ շարժվելու մասին թուրքական տարբեր մակարդակի պաշտոնյաներ բազմիցս են հայտարարել:

Բացի այդ՝ թուրքական կողմը քրդական զորամիավորումների դեմ պայքարը լեգիտիմացնելու նպատակով ակտիվ քաղաքական բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ՝ փորձելով սակարկել Սիրիայում ԻՊ-ի կենտրոնը համարվող ալ-Ռակկա քաղաքի «ազատագրման» գործողությանը սեփական ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցության հարցն՝ ԱՄՆ-ի կողմից քրդերի հետ համագործակցությունից հրաժարվելու դիմաց. ցայժմ Վաշինգտոնից հնչող հայտարարություններից կարելի է դատել, որ ամերիկյան կողմը դեռևս վերջնականապես չի կողմնորոշվել այդ հարցում: Ավելին՝ տեղեկատվություն է տարածվել առ այն, որ Մանբիջի ուղղությամբ թուրք-քրդական հնարավոր բախումը կանխելու նպատակով ԱՄՆ-ն Իրաքի քրդական հատվածի Բաշուր շրջանից հատուկջոկատայիններ և զինտեխնիկա է տեղափոխում Մանբիջի շրջակայք՝ հակամարտ կողմերի միջև ձևավորելով որոշակի միջանկյալ գոտի:

Իսկ սիրիական հակամարտության ներկա շրջափուլում, որը պայմանականորեն կարելի է բնորոշել հատկապես կուլիսային սակարկությունների ժամանակաշրջան, կրկին բավական արժեքավոր խաղաքարտի է վերածվում քրդական հարցը, որի խաղաղ հանգուցալուծման հետ կապված Անկարայի կողմից ցանկացած փոխզիջումային տարբերակի բացառման պարագայում այն կարող է հաջողությամբ կիրառվել հակաթուրքական դիրքորոշում ունեցող տարաբնույթ դերակատարների կողմից. ի դեպ՝ նման վարքագծի որոշակիորեն ականատես ենք լինում սիրիական իշխանությունների կողմից, երբ, ի հեճուկս թուրքական ջանքերի, սիրիական կառավարական ուժերը թույլատրում են քրդական 3 կանտոնների միջև ֆիզիկական կապն ապահովել սեփական վերահսկողության ներքո գտնվող շրջանների միջոցով: Բացի այս՝ քրդական խաղաքարտը՝ ընդդեմ Անկարայի, կարող է արդյունավետ կերպով կիրառվել նաև Մոսկվայի կողմից, ինչպես նախկինում՝ ռուս-թուրքական հակասությունների սրման ժամանակահատվածում էր. այս ուղղությամբ ևս, քրդերի հետ իրականացվող ռուսական կողմի վերջին քայլերը որոշակի դժգոհություն են առաջացրել Թուրքիայում:

Այսպիսով՝ սիրիական հակամարտության շրջանակներում ներկայումս ստեղծված որոշակի միջանկյալ շրջափուլում տեղի են ունենում դիրքային փոփոխությունների միտված որոշ մակերեսային գործընթացներ և ստվերային սակարկություններ, որոնք արդեն մոտ ապագայում, հատկապես պայմանավորված ամերիկյան մարտավարության հստակեցման հանգամանքով, սկիզբ կդնեն հիմնախնդրի որակապես նոր շրջափուլի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել