Armenpress-ը գրում է.
 Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ Հայաստանն ու Վրաստանը կկարողանան Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնել: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այդ հարցով վրացական կողմի հետ բանակցային փուլում են:

Անդրադառնալով Վրաստան կատարած պաշտոնական այցին՝ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ իր գործընկերոջ հետ ունեցել է առարկայական հանդիպում, որի ընթացքում մանրամասն քննարկել են երկու կողմերին հուզող հարցեր: «Այստեղ կարևոր է, որ որևէ հարցի հետ կապված չունենք խոչընդոտ: Ասեմ ավելին՝ մենք ձևավորել ենք մի մոտեցում, որ արտաքին աշխարհի համար հանդես գանք միասնական շուկայով: Մենք առաջարկել ենք Հայաստանի հարթակը վրացական կապիտալի և բիզնեսի համար՝ Իրանի ու ԵԱՏՄ շուկա մտնելու հեռանկարով: Խոսել ենք փորձի փոխանակման մասին, չենք թաքցրել, որ հետաքրքրութ յուն ունենք զբոսաշրջության ոլորտի իրենց փորձն ուսումնասիրել, իրենք էլ չեն թաքցրել, որ ցանկանում են ուսումնասիրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր փորձը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնեց Կարեն Կարապետյանը:

Խոսելով Ջավախքի հայության կրթական խնդիրների մասին՝ ՀՀ վարչապետն ասաց, որ նաև այդ հարցն է քննարկել վրացի իր գործընկերոջ հետ և պայմանավորվել են, որ առաջիկայում ՀՀ կրթության և գիտության նախարարը կայցելի Վրաստան՝ այդ խնդիրներն ավելի առարկայական քննարկելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել